
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը վաղը կայցելի Գյումրի։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, Գյումրիում հունվարի 12-ի գիշերը տեղի ունեցած սպանդի հարցով նախագահ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազը։ «Այս ընթացքում ես ուղղակի չհասցրեցի Գյումրի գնալ, վաղը առավոտյան 10-ին կլինեմ Գյումրիում, եւ գյումրեցիներին առանձին-առանձին ամենայն մանրամասնությամբ կներկայացնեմ ամբողջ ընթացակարգը»,- ասաց Կոստանյանը։
Դիմելով գյումրեցիներին եւ ամբողջ հայ ժողովրդին՝ գլխավոր դատախազը վստահեցրեց, որ Վալերի Պերմյակովն օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվի։
«Ես վստահեցնում եմ, որ այդ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ մենք բոլորս կտեսենք ու հնարավորություն կունենանք հետեւել թե ամբողջ ընթացակարգին, եւ թե պատասխանատվության ենթարկելու ամբողջ գործընթացը»,- ասաց Կոստանյանը։
ՀՀ գլխ. դատախազ Գեւորգ Կոստանյան
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահի նստավայրում ընթանում էր խորհրդակցություն՝ երկրի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասնակցությամբ: Քննարկման թեման հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի հարցն էր:




