
Արտաքին գործերի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ դեկտեմբերի 28-ին կյանքից վաղաժամ հեռացել է անվանի հասարակական-քաղաքական գործիչ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննեսյանը: «Մեզանից հեռացավ ականավոր հասարակական-քաղաքական գործիչ, ով իր ողջ կյանքը նվիրել էր Հայրենիքի ծառայությանը։ Վահան Հովհաննեսյանի՝ բարձր արժանապատվությամբ և մեծ հայրենասիրությամբ օժտված հայի վառ հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչողների սրտերում»,- ասված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Մտերիմները գիտեին, որ նա վատառողջ է: Շատ վատառողջ: Գերմանիայից վերադարձող բոլոր պատվիրակություններին հարցնում էինք. Վահանը ոնց է: Բոլորի մոտ հուս կար, որ այդ կենսուրախ և պայծառ մարդը հաղթելու է մահը հանուն կյանքի, որն այնքան սիրում էր:
Այսօր Վահան Հովհաննիսյանը գնաց: Շատ ծանր ու վշտացնող ազդ անցնող տարվա վերջին կիրակի օրը:
Երբ սեպտեմբերին Բերլինում էի, մենք հանդիպեցինք՝ հիշելով համատեղ աշխատանքի ամենավառ դրվագները, խոսեցինք ամեն ինչից, բայց նրա կատակները հաճախ մահվան մասին էին, ծանր կատակներ էին: Ի պատասխան ասացի, որ դու մեռնելու իրավունք չունես, մինչև ինձ ու Հրայրին (Թովմասյան) դալանում չծեծես: Ժպտաց, ասելով՝ դե դու արդեն մի կողմ, իսկ Հրայրի մասին դեռ կմտածեմ: Բաժանվեցինք, հույս ունենալով, որ էլի կհանդիպենք:
Չստացվեց:
Վահանը եզակի մարդ էր, ումից Ազգային Ժողովում ես շատ բան եմ սովորել: Ամենաինտելետուալ, ամենամտավորական մարդկանցից մեկը զարդարում էր յուրաքանչյուր շրջապատ, որտեղ հայտնվում էր:
Աստված հոգիդ լուսավորի, ընկեր Վահան»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Վահան Հովհաննեսյանը ծնվել է 1956թ. օգոստոսի 16-ին Երևանում։
1963 — 1973թթ. – սովորել է Երևանի Ա. Չեխովի անվան հ. 55 դպրոցում,
1973 — 1978թթ. – ուսանել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում, ուսանել և ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը՝ պատմաբան-հնագետի մասնագիտությամբ,
1978 — 1980թթ. – ծառայել է խորհրդային բանակում,
1980 — 1989թթ. – «Էրեբունի» թանգարանում գիտաշխատող, գիտահետազոտական բաժնի վարիչ,
1989 — 1989թթ. – ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում գիտաշխատող,
1990թ. – ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
1990 — 1992թթ. – Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության անդամ
1992 — 1995թթ. – ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի, ՀՅԴ Բյուրոյի անդամ
1998 — 1999թթ. – ՀՀ Նախագահի խորհրդական՝ տեղական ինքնակառավարման հարցերով,
1999 — 2003թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՅԴ խմբակցության անդամ,
2003 — 2007թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ փոխնագահ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար, Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ,
2007 — 2012թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ,
2007 — 2008թթ. – ՀՀ ԱԺ փոխնախագահ,
2008թ. – առաջադրվել և մասնակցել է ՀՀ նախագահական ընտրություններում՝ որպես ՀՅԴ թեկնածու,
2008 — 2012թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար,
2010 — 2012թթ. – ԵՎՐՈՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,
2012 — 2013թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների և Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ԱԺ հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ, ԵՎՐՈՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ,
2012թ. – ԵՎՐՈՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։
ՀՀ Նախագահի՝ 2013թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Հնագիտության և հին պատմության բնագավառում 30-ից ավելի գիտական հրատարակված աշխատությունների հեղինակ է: Դասախոսել է Երևանի պետական համալսարանում՝ հնագիտություն և քաղաքագիտություն մասնագիտություններով:




