Տնտեսական

Գյուղնախարարը 2015-ից պայծառ սպասումներ ունի

lianaeghiazaryan

Այս տարեսկզբին կարկտահարությունը, ցրտահարությունը, ապա նաեւ գյուղմթերքի թանկացումները ողջ տարի մեր քաղաքացիների համար մտահոգությունների ամենատարբեր առիթներ ստեղծեցին: Բայց քաղաքացիներին ամենաշատն առնչվող ոլորտի գլխավոր պատասխանատուն տարին փակում է առավելապես դրական գնահատումներով: Հունվար-նոյեմբերին գյուղատնտեսության համախառն արտա­դրանքի արժեքը կազ­մել է շուրջ 920 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակա­հատվածի ցուցանիշը գերազանցում է 6.5 %-ով. փոխանցում է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Եկող տարի ոլորտում զարգացման թիրախային ուղղություններից են արտահանման ծավալների ավելացումն ու կոոպերատիվների ստեղծումը: Երկու ուղղությամբ էլ օրենսդրական կարգավորումներ են նախատեսվում: Բայց ամենալուրջ սպասումները կապված են նոր միության կազմում Հայաստանի վերջնական ներկայացվածության հետ: Սա փոխում է թե արտահանման սպասելիքները, թե արտադրության ծրագրերը. նկատում է Գյուղատնտեսության նախարարը:

Գյուղատնտեսության ոլորտում խնդիրներն էլ քիչ չեն. շեշտում է ոլորտի պատասխանատուն, բայց նրա տարեկան ամփոփումը հիմնված է զարգացման մասին խոսող ամենատարբեր թվերի վրա: Մասնավորապես, ցանքատարածություններն ավելացել են 14.6 հազար հա-ով, բացառությամբ պտղի՝ գրանցվել է գրեթե բոլոր մշա­կա­բույսերի համախառն արտադրանքի աճ: Ավելացել է կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալը: 11.2 տոկոսով ավելացել է մսի արտադրությունը, 6․4 տոկոսով՝ կաթի արտադրությունը, 11 տոկոսով՝ ձվինը: Բարձր են ցուցանիշերը, թե անասնագլխաքանակի, և թե անասնաբուծական մթերքների արտադրության և իրացման ծավալների ավելացման առումով:

Նախարարն անդրադարձել է «Ռադիոլուր»-ի դիտարկմանը, որ հայ արտահանողները լրջագույն խնդիրների առջեւ են կանգնել. չեն կարողանում Ռուսաստանից ստանալ իրենց արտահանած ապրանքի արժեքը, իսկ ստացված գումարն էլ արդեն այնքան է արժեզրկվել, որ արտադրության ծախսերը չի փակում:

Կարապետյանը շեշտեց՝ խնդրին ծանոթ է, բայց լիահույս է, որ այն շուտով կկարգավորվի: Դրամ-դոլար-ռուբլի փոխարժեքի շուկայում վերջին օրերին որոշակի կայունություն է նկատվում, հենց այս իրավիճակն էլ կարգավորման հույսեր է տալիս գյուղնախարարին:

Back to top button