ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երևանում սպանության բացահայտումը՝ այլ հնարավոր հանցագործության մասին հուշում․ Էրեբունիում ընդհատակյա խաղատո՞ւն է գործել

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են օրերս մայրաքաղաքի Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու համար մեղադրվող երկու հետախուզվողի: Խոսքը հուլիսի 18-ին տեղի ունեցած դեպքի մասին է, երբ Երևանում՝ բնակելի շենքերից մեկի բակում, նռնակ էր նետվել, կրակոցներ էին եղել, ինչի հետևանքով 20-ամյա երիտասարդ էր մահացել, 15–ամյա պատանի՝ վիրավորվել։ Սրանք պաշտոնական հաղորդագրություններից հանված տեղեկություններ են։ Իրականում, սակայն, դրանց տողատակերում հետաքրքիր և ուշագրավ փաստեր կան։

Էրեբունու աղմկահարույց կրակոցների վայրում շենքի նկուղային հարկը սահմանազատող ճաղավանդակն այլևս չկա։ Չկա նաև պաշտոնական հաղորդագրություն, թե ով է ապամոնտաժել և հեռացրել ճաղավանդակը, որը ժապավենով սահմանազատվել էր հանցագործությունից հետո։

Հուլիսի 18-ի կրակոցներին և տեղի ունեցած սպանությանն առնչվող տեղեկությունները իրականում բացահայտում են մեկ այլ հանցագործություն․

«Չգիտեմ՝ ով էր այնտեղ, ձեռով արեցին, ասացին` տնից դուրս արի։ Ասացին` այնտեղ ինչ–որ բան են գցել՝ էդ պադվալը, որ հանկարծ չպայթի։ Ես էլ դուրս եկա, փողոցում կանգնած, ով ինչ խոսում էր, դա էի լսում»։

Միջադեպին առնչվող դրվագներում նկուղը ներկայացվում է որպես «հավաքատեղի», իսկ տարածքի բնակիչներն այն անվանում են և գիտեն որպես խաղատուն։ Ինչպե՞ս է այն գործել, ի՞նչ ծավալով ու պարբերականությամբ․ սրանք հարցեր են, որ պետք է հետաքրքրեն իրավապահներին թեկուզ միայն այն հիմքով, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքով 2013 թվականից Երևանում խաղատների գործունեությունն արգելված է։

Իրավապահների հաղորդագրության տողատակում կա մեկ այլ ուշագրավ տեղեկություն․ ըստ հրապարակումների՝ Էրեբունու կրակոցների գործով ձերբակալվածներից մեկը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ՃՈ նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի մորաքրոջ տղան է։ Մամուլում ակտիվորեն շրջանառվում է վարկած, որ ոստիկանության գնդապետի եղբայրը իրավապահներին հետաքրքրել է «քրեական ենթամշակույթի» դրվագներով։

Ի դեպ, Էրեբունու կրակոցների օրը՝ հուլիսի 18–ին, երբ դեպքից հետո հայտնաբերվել էր 30-ից ավելի կրակված պարկուճ և մեկ չպայթած նռնակ, ոստիկանական համակարգում զեկուցում էին՝ 60 %-ով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները։ Այդ օրը Հայաստանի ՆԳ նախարարը Արարատի մարզում ամփոփում էր ոստիկանության այս տարվա առաջին կեսի աշխատանքը։ Ավելի վաղ՝ ԱԺ–ում նույն 2026–ի տվյալների մասին խոսելիս, նախարարը մեկ այլ տվյալ էր նշում․

«Մեր հանրապետությունում ամեն օր սպանություն չկա։ Ինչ–որ մի երկիր կա՞, որ սպանությունից ապահովագրված է։ Մեկ այլ երկրի դեպքում խնդիրը, օրինակ, ահաբեկչական ակտերն են։ Տեսնո՞ւմ եք, դպրոցներում ահաբեկչություն կա, խանութներում ահաբեկչություն կա, մոլերում ահաբեկչություն կա, նաև զանգվածային սպանության իրավիճակներ կան։ ՀՀ–ն, լավ առումով եմ ասում, նմանատիպ իրավիճակներից զերծ է։ Որևէ մեկը չի կարող հակառակը պնդել։ Եթե լրատվական դաշտում տարբեր անձինք կարող են նույն իրավիճակը անընդհատ քննարկման առարկա դարձնել, ընդ որում՝ վերհիշեն նաև, օրինակ, 2017–ին տեղի ունեցած սպանության դեպք, 2018–ին տեղի ունեցած սպանության դեպք, նույն սպանությունը մի քանի օր շարունակ լուսաբանվի, տպավորություն կարող է ձևավորվել, որ ամեն օր այդպիսին է իրավիճակը։ Բայց ունենք 50 սպանության դեպք, որը նույնիսկ համաշխարհային միջինից երկու անգամ նվազ է»։

Իրավապահ համակարգը ձգտում է նվազեցնելու նաև այդ թիվը։ 2025–ին, օրինակ, իրավապահներին հաջողվել է կանխել և բացահայտել 12 սպանության նախապատրաստություն, սակայն սա դեռ բավարար ցուցանիշ չի համարվում։

Այս տարվա առաջին կեսի աշխատանքներն ամփոփելու ժամանակ նախարարը հանձնարարել է առավել հետևողական պայքար մղել քրեական հեղինակությունների, քրեական ենթամշակույթ կրող և դրան հարող անձանց նկատմամբ՝ բացառելով նրանց ազդեցության և հակաօրինական վարքագծի յուրաքանչյուր դրսևորում․

«Տարիներ շարունակ բռնությանը ավելի կոշտ բռնությամբ արձագանքելու և խնդիրը լուծելու պրակտիկան մեզ մոտ շատ ամրապնդվել է և սրանով նաև ուժեղացվել է քրեական ենթամշակույթը տարածքումը, որովհետև այդ ընկալումն էլ կա, որ մեր բակում, մեր ընտանիքում, մեր շրջապատում հարցերը ոչ թե պետք է լուծի պետությունը օրենքով, այլ տարածքում գտնվող ինչ–որ մի «հեղինակություն», և սա է նաև ավելի ուժեղացնում քրեական ենթամշակույթը ՀՀ–ում։ Մենք դեռևս չենք նկատում մտածողության որևէ փոփոխություն»։

Ինչ վերաբերում է կարգազանց ոստիկաններին, ապա նախորդ տարի 43 ոստիկան ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։ 30-ի նկատմամբ «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժն է կիրառվել։

Կարդացեք նաև

Back to top button