Տնտեսական

Սերժ Սարգսյանը մեկնել է Լոռու մարզ

karenghazaryan
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Երկրի ղեկավարը ծանոթացել է Թումանյանի տարածաշրջանում գտնվող Թեղուտի 3 կմ 700 մ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, այնուհետեւ՝ մեկնել Թեղուտի հանքավայրի տարածք: Այնտեղ նախագահ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Թեղուտի հանքահարստացուցիչ գործարանի շահագործման մեկնարկի արարողությունը:

Թեղուտի 3.7 կմ-անոց ավտոճանապարհի հիմնանորոգումն իրականացվել է պետբյուջեով: 522 մլն 800 հազար դրամ է հատկացվել «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով»: Վերականգնվել է ջրահեռացման համակարգը, հիմնանորոգվել՝ գոյություն ունեցող կամուրջները: Ավտոճանապարհի հիմնական շահառուներն են «Մանես-Վալեքս» ընկերությունը, ինչպես նաեւ Թեղուտ եւ Շնող համայնքները: Թեղուտի համայնքապետ Ֆրունզե Նորեկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքում տրամադրությունը բարձր է: Ավտոճանապարհի հիմնանորոգման խնդրով իրենք նախագահին դիմել էին դեռ երկրի ղեկավարի՝ թեղուտ կատարած նախորդ այցի ժամանակ:

«Աշխատանքները շատ արագ կատարվեցին: Երեւան-Թբիլիսի խճուղուց մինչեւ Թողուտ գալիս էինք մեկ ժամում, իսկ հիմա՝ 10 րոպեում»:

Թեղուտի գյուղապետ Ֆրունզե Նորեկյանի խոսքով՝ ինչպես Թեղուտ եւ Շնող համայնքների համար, այնպես էլ այս տարածաշրջանի զարգացման առումով իրականացված ծրագրերը շատ կարեւոր են, իսկ համայնքների դժգոհությունների մասին լուրերը չափազանցված են:

«Մի երկու մարդ կարող է դժգոհ լինել, ովքեր իրենք իրենցից էլ են դժգոհ»:

Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի եւ պղինձ-մոլիբդենային հանքավայրում աշխատում է Շնող եւ Թեղուտ համայնքներից 700 բնակիչ: 450 աշխատող էլ Ալավերդուց է ներգրավված: «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը վստահ է, որ գործարանի շահագործումը, որպես լոկոմոտիվ իր ետեւից քաշելու է ինչպես այս տարաշածրջանի, այնպես էլ ամբողջ Հայաստանի Հանրապետության  տնտեսական կյանքը: Վալերի Մեջլումյանի խոսքով՝ այստեղ այսուհետ կարող են զարգանալ նաեւ այլ ճյուղեր: Իրենք նույնպես ունեն ծրագրեր եւ առաջիկա մեկ երկու տարում կկառուցեն հանգստյան համալիր: Անդրադառնալով Թեղուտի շահագործման հետ կապված բնապահպանների մտահոգություններին՝ Մեջլումյանը շեշտեց, թե նման հարցեր բարձրաձայնողների մեծ մասը իրենից ավելի շատ չեն կարող մտածած լինել այդ խնդիրների մասին:

«Վալլեքս» խմբի ղեկավարն անդրադարձավ նաեւ դիտարկմանը, որ Թեղուտի շահագործման ընթացքում խախտվել են բնապահպանական կոնվենցիաների դրույթներ: Նա շեշտեց, որ աշխարհի լավագույն իրավաբաններն են այդ հարցով զբաղվում, սակայն ոչ մի լուրջ խախտում չեն գտել:

«Եթե լուրջ այդ հարցով որեւէ մեկը զբաղվի, ապա շատ արագ կտեսնի, որ մեր կողմից որեւէ խախտում ընդհանրապես չկա: Երկրորդը՝ շատ նուրբ հանգամանքների մասին է խոսքը եւ շատ հեշտ է ձգձգելը. դուք տեսնում եք աշխարհում ինչ է կատարվում՝ ով ուժեղ էր, ավելի ուշեղացավ վերջին տարիներին՝ հաջողացնելով իրենց տնտեսական գործերն առաջ տանել»:

Օդում խոսելը շատ հեշտ է: Մեջլումյանի ձեւակերպմամբ՝ Հայաստանում գործում է 260 էկոլոգիական կազմակերպություն, յուրաքանչյուրում երկու-երեք հոգի: Այդ կազմակերպություններից, ըստ նրա, մի քանիսն են միայն մասնագիտորեն հասու եւ իսկապես մտածող, թե ինչ է պետք Հայաստանում անել: Մնացածի համար՝ այդ ամենը ընդամենը ապրելու աշխատելու, իրենց տունը պահելու ձեւ է՝ ավելացրել Վալերի Մեջլումյանը: Նա վստահեցրեց, որ Թեղուտի գործարանն աշխարհի առաջատարներից մեկն է, նաեւ՝ նոր տեխնոլոգիաների կիրառման եւ բնությանը ավելի քիչ վնասներ պատճառելու առումով, իսկ տնտեսական օգուտներն ավելին են լինելու, քան այն վնասը, որ տրվել է բնությանը:

ԱՄՆ-ից հրավիրված մասնագետ Ռոբերտ Դիկին, որը Թեղուտի գործարանի արտադրական գործառնությունների ղեկավարն է, ասաց՝ արդեն 6 ամիս է աշխատում եւ կարծում է, որ ճիշտ քայլ է կատարվել՝ ուղղված Հայաստանի տնտեսության զարգացմանն ու ժողովրդի բարեկեցությանը:

«Ֆաբրիկան իմ տեսած ամենաժամանակակից տեխնոլոգիաներով հագեցածներից է: Այն փակ շրջանով է աշխատում: Սա նշանակում է, որ օգտագործվող նյութերը չեն արտանետվում միջավայր: Նաեւ նախատեսված է, որ ապագայում պոչամբարը 3 մետր հաստությամբ սեւահողով ծածկվելու է, որի վրա կվերաձեւավորվի կանաչ տարածքը»:

Նշենք նաեւ, որ Թեղուտի հանքավայրի շահագործման համար ընդհանուր առմամբ հատվելու է 357 հա անտառային տարածք: Ընկերությունը ստանձնել է պարտավորություն  եւ այդ տարածաշրջանում անտառպատման աշխատանքներ կիրականացնի կրկնակի ծավալով՝ 714 հա: Ընդ որում՝ ընկերությունը պատասխանատվություն է ստանձնել ինչպես ծառատունկն իրականացնելու, այնպես էլ՝ դրանց խնամքի համար, այնքան ժամանակ՝ մինչ այդ տարածքները ստանան անտառի կատեգորիա:

Back to top button