Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատն այսօր վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը: Ղազախստանի ազգային տնտեսության նախարար Երբոլատ Դոսաևը, ներկայացնելով օրինագիծը, ասել է, որ Հայաստանը պարտավորություններ է ստանձնում, որոնք նախատեսված են 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, ինչպես նաև Մաքսային միության ու ընդհանուր տնտեսական տարածքի իրավական բազայով:
Ժամեր անց նույն փաստաթուղթը վավերացրել է նաև Բելառուսի օրենսդիրը: Փաստաթուղթը խորհրդարանում ներկայացնելիս, Բելառուսի փոխարտգործնախարար Ալեքսանդր Միխնևիչը հայտարարել է, որ Հայասատանի անդամակցությունից հետո Լեռնային Ղարաբաղը միության մաս չի կազմի: «Մենք մտահոգություն ունեինք, որ Հայաստանի մաս չկազմող որոշ տարածքներ կարող էին հայտնվել Մաքսային միության կազմում: Հայկական կողմն ըմբռնումով մոտեցավ պահանջին: Համաձայնագրին կցվել է նոտա այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս չի կազմում: Հայկական կողմից արվել է պաշտոնական բանավոր հայտարարություն»,- Բելտայի հաղորդմամբ, ասել է Բելառուսի փոխարտգործնախարարը:
Միխևիչը նաև ընդգծել է, որ չկա ոչ մի խոչընդոտ Հայաստանը փաստացի Մաքսային Միության և ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միության անդամ դարձնելու համար:
Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի անդամակցության հարցն այսօր քննարկվել է ղրղզական հանրապետության կառավարությունում.վարչապետ Ջոոմարտ Օտորբաևը հայտնել է, որ պայմանագրի նախագիծը դեռևս պատրաստ չէ: «Երկուշաբթի նիստ կանցկացնենք և կքքնարկենք այդ հարցը», ասել է Ղրղզստանի վարչապետը: