

ԳԱԱ նախագահությունում այսօր անցկացվել է գիտական նստաշրջան՝ նվիրված հայտնի թատերագետ Լևոն Հախվերդյանի ծննդյան 90-ամյակին: Արվեստի ինստիտուտի նախաձեռնած գիտաժողովին մասնակցել են Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը և այլ արվեստագետներ: Հոր 90-ամյակին նվիրված գիտական նստաշրջանին մասնակցել է նաև երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Անվանի թատերագետ Լևոն Հախվերդյանն ընդամենը մի քանի օրից կդառնար 90 տարեկան: Ընկեր, բարեկամ, ուսուցիչ, կտրուկ, հետաքրքիր. Այսպես է բնորոշում Լևոն Հախվերդյանին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը: Հախվերդյանը հայ թատրոնի անդավաճան, անհանգիստ նվիրյալն էր, ԳԱԱ-ում կազմակերպված Լևոն Հախվերդյանի 90-ամյանին նվիրված գիտաժողովին նկատեց Երվանդ Ղազանչայանը:
«Աստծո օրհնությամբ մոտ 4 տասնամյակ վայելեցինք նրա վարակիչ ներկայությունը: Ոչ մի բեմադրիչ, ոչ մի դերասան հանգիստ չէր, երբ Լևոն Հախվերդյանը դահլիճում էր: Ոչ մի ներում: Հետաքրքիր է կամ անհետաքրքիր: Կտրուկ, հիմնավորված, նախանձախնդիր, օգնող»:
Դժվար է խոսել մի ամբիոնից, որը հիշում է Լևոն Հախվերդյանի ելույթները, իր հերթին նկատեց Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը:
«Իհարկե գրավոր Լևոն Հախվերդյանից բացի կար բանավոր Լևոն Հախվերդյան, որը մի առանձին մշակույթ էր: Առողջ ու կենսալի հայերենով, կայծկլտուն հումորով, վստահ փաստարկներով և ճիշտ ժամանակին վերջակետ դնելու տաղանդով»:
Լևոն Հախվերդյանի մասին կարող են երկար խոսել բոլոր նրանք ովքեր ճանաչել են նրան և անգամ նրանք, ովքեր առանց անձնապես ճանաչելու, ծանոթ են նրա թողած ժառանգությանը: Նրա մասին կարող է երկար խոսել նաև ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, սակայն անվանի թատերագետի թողած թատերական ժառանգության մասին խոսելու փոխարեն, ԳԱԱ նախագահը մի դրվագ պատմեց նրանից:
«Գնացինք համալսարան, եռ ու զեռ էր: Միջանցքում ուսանողներ էին տարբեր խմբերով: Լևոնն ինքը մոտեցավ մի խումբ ուսանողների, ներկայացավ: Ասաց երեխաներ, ես Լևոն Հախվերդյանն եմ: Բայց ոչ մի ռեակցիա չկար: Կրկին ներկայացավ: Երեխաներն իրար նայելով հարցրեցին ՝ Լևոն Հախվերդյանն ով է: Մեկ էլ Լևոնն ասաց. երեխաներ ես Ռուբեն Հախվերդյանի հայրն եմ: Բոլորն ուրախացան, ծափահարեցին, ինչից հետո Լևոնը պտտվեց դեպի ինձ ու ասաց «թուու արի գնանք ստեղից»:
Լևոն Հախվերդյանի հիմնական աշխատանքները վերաբերել են հայ դասական և ժամանակակից գրականությանը, 20-րդ դարի հայ թատրոնի պատմության, դրամատուրգիային, բեմադրական և դերասանական արվեստի խնդիրներին, հայոց լեզվի հարցերին, առանձին գրողների, թատերական գործիչների կյանքին ու ստեղծագործությանը:




