

Վատագույն դեպքում՝ երկու տարի. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր տարեվերջյան մեծ ասուլիսի ժամանակ համոզմունք է հայտնել, որ առավելագույնը երկու տարի կպահանջվի ռուսական տնտեսության ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար: «Հետագա տնտեսական աճն անխուսափելի է առնվազն երկու պատճառով.նախևառաջ, համաշխարհային տնտեության անկախ աճի գրանցվող տեմպերից: Տնտեսական աճին զուգահեռ պահանջվելու են նոր էներգետիկ ռեսուրսներ: Բացի այդ, համոզված եմ, որ այդ ընթացքում շատ բան կհաջողվի անել մեր տնտեսության դիվերսիֆիկացման տեսանկյունից», ասել է ՌԴ նախագահը:
Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ իր ղեկավարած երկրի կենտրոնական դրամատունը ձեռնարկում է համարժեք քայլեր, բենզինի, սննդամթերքի գները անհրաժեշտ է վերահսկողության տակ պահել, ինչն էլ անելու համար համապատասխան չինովնիկները պարբերաբար հանդիպումներ են անցկացնում արտադրողների հետ: «Իրավիճակը տնտեսության մեջ կարող է սկսել կարգացվորվել արդեն 2015 թվականի առաջին եռամսյակում», ասել է Վլադիմիր Պուտինը՝ նաև հույս հայտնելով, որ ռուբլու վերջին օրերի կայունացումը կպահպանվի:
«Ռուսական տնտեսության մեջ առկա իրավիճակը Ղրիմի դիմաց փոխհատուցում չէ»,-համոզմունք է հայտնել Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի նախագահը խոսել է նաև «Հարավային հոսք» նախագծի չեղարկման և դեպի Թուրքիա նոր գազատար կառուցելու մասին: Պուտինի խոսքով, Թուրքիայից այնուհետև ռուսական կապույտ վառելիքն ուղղվելու է Հունաստանի, Մակեդոնիայի, Սերբիայի, Հունգարիայի տարածքով մինչև ավստրիական Բաումգարտեն: «Ավելի էժան, ապահով, քան՝ ռուսական մատակարարումներն են առաջիկայում չի լինելու», ասել է Վլադիմիր Պուտինը:
Անդրադարձ քաղաքական հարցերին. Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան շարունակելու է աջակցել Դոնբասին, Մինսկի պայմանավորվածությունները պետք է կատարվեն, անհրաժեշտ է որպեսզի Կիևը հավատարիմ մնա ստանձնած պարտավորություններին: Ուկրաինայի արևելքի իրավիճակի կարգավորման միակ ուղին դիվանագիականն է:
Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ չի խուսափում պատասխանատվությունից երկրում ստեղծված իրավիճակի համար: «Պատասխանատվությունն ամենի համար, ինչ տեղի է ունենում երկրում գլխավորապես կրում է նախագահը», ընդգծել է Պուտինը: Անդրադառնալով հաջորդ նախագահական ընտրություններում իր թեկնածության հնարավոր առաջադրմանը Ռուսաստանի գործող նախագահն ասել է, որ իր որոշումը կախված կլինի երկրի զարգացման տեմպերից:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Բեռլինյան պատի փլուզումից հետո Արևմուտքի հետ հարաբերություններում նոր պատերի բաձրացման մասին, դաշնության ղեկավարը անջրպետներ ստեղծելու մեջ մեղադրել է Արևմուտքին:
«ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահմաններ, հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումն արևելյան եվրոպայում պետք է դիտարկել հենց պատերի բարձրացման համատեքատում», կարծում է Ռուսաստանի նախագահը:




