

Մի քանի օրից հրաժեշտ կտանք 2014 թվականին և կդիմավորենք հերթական տարեմուտը: Երևանի քաղաքապետարանը, ինչպես յուրաքանչյուր տարի երևանցիների և հյուրերի համար կազմակերպել է ամորյա տոնական միջոցառումներ, որոնք կմեկնարեկն դեկտեմբերի 22-ին և կավարտվեն հունվարի 13-ին:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լուսավառությունը կկայանա դեկտեմբերի 22-ին՝ ժամը 19.00-ին, որն էլ կուղեկցվի տոնական համերգով: Այնուհետև տարեմուտի միջոցառումների մեկնարկը կազդարարվի Երևանի 12 վարչական շրջաններում: Իսկ դեկտեմբերի 23-ին մեծ հանդիսավորությամբ կբացվի Կարապի լճի սահադաշտը: Դեկտեմբերի 25-ին էլ քաղաքապետարանում տեղի կունենա քաղաքապետի ամանորյա ընդունելությունը, որի ընթացքում կպարգևատրվեն 2014 թվականին ձեռքբերումներ արձանագրած տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Իսկ դեկտեմբերի 31-ին՝ կեսգիշերին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա տարեմուտի համերգը:
Տեղեկացնենք մեր ազգաբնակչությանը, որ մետրոպոլիտենը կաշխատի դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 1-ը՝ երեկոյան ժամը երկուսը:
Իսկ փոքրիկների համար նախատեսված համերգային ծրագիրը կմեկնարկի հունվարի 5-ին՝ ժամը 15.00-ին, Հանրապետության հրապարակում, որտեղ հայտնի երգիչ երգչուհիների կատարմամբ կհնչեն մանկական երգեր: Այս տարի ևս քաղաքապետարանը համագործակցում է մասնավոր հատվածի՝ խանութների և այլ կազմակրեպությունների հետ, որոնց համար հայտարարված է մրցույթ՝ «Ամենագեղեցիկ ամանորյա ձևավորում» անվանակարգում:
Այս տարի քաղաքապետարանը շուրջ 24 հազար 300 անապահով ընտանիքների կտրամադրի պարենային փաթեթներ, իսկ 38 հազար 500 քաղցրավենիքի փաթեթներ կտրամադրվեն մանկապարտեզների և մանկատների փոքրիկներին: Ամանորյա միջոցառումների համար քաղաքային բյուջեից հատկացվել է շուրջ 48 միլիոն դրամ:




