

Երևանում է լեհ ջազ դաշնակահար և երգահան Լեշեկ Մոժջերը: Նա այսօր մենահամերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգը կայանում է Սոպոտի քաղաքապետի, Սոպոտի արվեստի պետական պատկերասրահի, ՀՀ-ում Լեհաստանի հանրապետության դեսպանության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգին այսօր նախորդել է Լեշեկ Մոժջերի համդիպումը լրագրողների հետ:
Լեշեկ Մոժջեր. Անուն, որն աշխահին հայտնի է որպես վիրտուոզ ջազ դաշնակահար և երգահան: Նվագում է հինգ տարեկանից ու, ինչպես ասում է, այդ գործողությունն անում է ամեն օր: Ամեն օր փորձում եմ կատարելագործել ներքինս, զարգացնել ունակություններս, որպեսզի կարողանամ կիսվել հանդիսատեսի հետ արդեն բեմում: Եթե մարդիկ շարունակում են տոմսեր գնել ու այցելել իմ համերգներին, ուրեմն ինչ որ բան վերցնում են,-ասում է լեհ երաժիշտը, ում համար, այդուհանդերձ, շարունակում է առեղծված մնալ երաժշտության մոգական աշխարհը:
Լեշեկ Մոժջերը հայտնի է դասական ստեղծագործությունները ջազային մեկնաբանությամբ հմտրորեն մատուցելու իր տաղանդով: Երևանյան հանդիսատեսն այսօր հնարավորություն կունենա ունկնդրել Շոպենի, Բախի, Պրոկոֆևի, Կոմեդայի որոշ ստեղծագործությունների ջազային մեկնաբանություններ, ինչպես նաև հեղինակային գործեր: Սա Մոժջերի առաջին հյուրախաղային այցն է Հայաստան: Ուրախ է լինել Արամ Խաչատուրյանի և Տիգրան Համասյանի հայրենիքում:
«Իմ ընկերն է Տիգրան Համասյանը, ում հետ առիթ եմ ունեցել նվագել: Շատ եմ սիրում նրա արվեստը: Տիգրանը հրաշալի երաժիշտ է: Ուրախությամբ և գոհունակությամբ ընդունեցի Հյաստան գալու հրավերը նաև այն պատճառով, որ այստեղ երբևէ չեմ եղել»:




