
Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է 2026 թվականի գլխավոր պաստառը, որը այս տարի նվիրված է պոեզիային՝ որպես աշխարհը զգալու, ընկալելու և վերաիմաստավորելու յուրահատուկ ձևի։
Այս տարվա պաստառով կինոփառատոնը հանդիսատեսին հրավիրում է ոչ միայն դիտելու արվեստը, այլև ապրել դրա ներսում, լինել զգայուն, հետաքրքրասեր և բաց աշխարհի հանդեպ, դառնալ կինոյի պոետիկ տարածության մի մասը։
«Ոսկե ծիրանի» այս տարվա ուղերձը հորդոր է կինոյից ակնկալել ոչ թե բացատրություններ, այլ բացահայտումներ։ Ինչպես պոեզիան, այնպես էլ կինոն հաճախ խոսում է ոչ թե հստակ պատասխանների, այլ զգացողությունների, պատկերների և ներքին բացահայտումների լեզվով։
Փառատոնի գլխավոր պաստառի հեղինակն է հայտնի նկարիչ և դիզայներ Իգոր Գուրովիչը, որի աշխատանքները բազմիցս արժանացել են միջազգային ուշադրության և ճանաչման։
Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 12–19-ը։ Այս տարի ևս կինոփառատոնը կներկայացնի մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր հեղինակավոր միջազգային կինոփառատոներից՝ ներառյալ Կաննը, Բեռլինը և այլ առաջատար կինոհարթակներ։
Փառատոնի ընթացքում Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներ, ռեժիսորներ, դերասաններ և ոլորտի մասնագետներ, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն հայ հանդիսատեսին՝ ստեղծելով երկխոսության, նոր գաղափարների և մշակութային փոխանակման բացառիկ հարթակ։




