Մշակույթ

Խնդիրները մշակույթի ոլորտում անթիվ են. լսումներ ԱԺ-ում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Աժ-ում այսօր խորհրդարանական լսումներ էր՝ մշակութային խնդիրները քննարկելու եւ լուծումներ գտնելու համար: Մշակույթի փոխնախարարն այսօր ազդարարել է նաեւ որոշ նորամուծությունների մասին, որոնք պետք է մշակույթը մոտեցնեն հասարակությանը կամ՝ ընդհակառակը: Թեեւ մշակույթի ոլորտի կարգավորումը իրականացվում է  7 օրենքով, բայց խնդիրներն այս բնագավառում անթիվ են:

 

 

Հաջորդ տարի Մշակույթի նախարարությունը փորձելու է վերականգնել հին եւ բարի ավանդույթը, որը մինչեւ վերջերս գործում էր հանրակրթական դպրոցներում: Տարբեր մշակութային միջոցառումներ հաճախելու իրավունք եւ որոշ դեպքերում նույնիսկ պարտավորություն առաջացնող աբոնենտային համակարգը դպրոցներից վերացավ՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Ծրագիրը դեռեւս փորձնական է, ասաց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

«Մենք ներդնում ենք մանուկների, պատանիների աբոնենտային ծրագիր: Սկսում ենք սահմանապահ գյուղերի երեխաներից երեք մարզերի: Դա նշանակում է պետությունը ամբողջովին ֆինանսավորելու է այդ երեխաների Երեւան բերևելը, համերգային, թատերական ներկայացումներին մասնակցելը, թանգարաններ հաճախելը եւ այլն»:

Լսումների ընդհանուր ընթացքից պարզվեց, որ կան բազմաթիվ խնդիրներ՝ մշակույթը հասարակությանը կամ՝ հակառակը, մոտեցնելու առումով: Միայն պետության ջանքերով եւ ֆինանսավորմամբ այս գործը գլուխ չի գա, խոստովանեց փոխնախարարը: Այսօր արդեն կողմերն ուղիներ են որոնում, թե ինչպես շահագրգռել գործարարներին եւ մասնավորներին հենց մշակույթում ներդրումներ անելու համար: Որոշ երկրներում դա հարկային արտոնություններ է ենթադրում: Այս անհրաժեշտության մասին այսօր խոսեցին ինչպես մշակույթի փոխնախարարը, Աժ-ի մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, այնպես էլ հրավիրված մասնագետները: Տիկնիկային թատրոնի ղեկավար Դավիթ Բաբայան. «Հովանավորչական եւ մեկենասական գործունեությունը ոչ միայն ունի զուտ ֆինանսական ուղղվածություն: Նա լուծվում է նաեւ մի շատ կարեւոր հարց՝ բերել բիզնեսը եւ արվեստը թշնամական հարաբերությունից դարձնել բարեկամական»:

Ոլորտի ֆինանսական խնդիրները փոխնախարարը շատ հակիրճ եւ ամբողջական ներկայացրեց մեկ նախադասությամբ:

«Որքան մշակույթում փող դրվի, այնքան քիչ է, այնքան ստեղծագործական հնարավորությունները շատանում են եւ հնարավոր չէ բավարարել»:

Թեեւ մշակույթի փոխնախարարը թվեր ներկայացրեց, որ այս տարվա ընթացքում մշակույթի ոլորտում աշխատավարձի բարձրացումներ են եղել շուրջ 40 տոկոսով, բայց սոցիալական պաշտպանավծությունն այս ոլորտում շարունակում է առաջնային խնդիր համարվել: Աժ-ի մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մասնավորապես, առաջարկեց սահմանել ապահովագրության համակարգ կոչում ունեցող գործիչների համար: Աժ-ի համապատասխան հանձնաժողովում արդեն մշակվել է մի փաստաթուղթ, որը պարունակում է խնդիրների եւ առաջարկվող լուծումների  ամբողջական ցանկը: Այն փոխանցվելու է կառավարությանը, խորհրդարանական լսումների արդյունքում, բնականաբար, կավելանան նաեւ նոր կետեր: Բայց դրանցից մեկը արդեն բարձրաձայնեցին թե տիկնիկային թատրոնի ղեկավարը, թե պատգամավոր Արտակ Դավթյանը:

Բազմաթիվ խնդիրներից մեկն էլ այն, որ Արմավիրում եւ Վայոց Ձորում ընդհանրապես չկան թատրոններ: Առաջարկվում է ստեղծել, եւ ընդհանրապես, մշակութային գործիչները կոչ արեցին մշակութային կյանքը նույնպես ապակենտրոնացնել, չսահմանափակվել միայն Երեւանով եւ լրացուցիչ ջանքեր, եռանդ ու ֆինանսավորում ուղղել նաեւ մարզերին:

Back to top button