Մշակույթ

«Ռիգա Սիմֆոնիա-2014»-ից հայ մասնակիցները վերադարձել են 5 մրցանակով

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում դեկտեմբերի 4-8-ը կայացել է «Ռիգա Սիմֆոնիա-2014» մանկապատանեկան երգի ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնը, որը կազմակերպել էր մանկական երաժշտության եվրոպական կենտրոնը: Մրցույթին Հայաստանից մասնակցել են Երևանի մշակույթի պետական քոլեջի և «Դո -ռե-մի» վոկալ դպրոցի սաներ, ովքեր տարբեր տարիքային խմբերում արժանացել են 5 մրցանակի:

 

 

«Ակադեմիական երգեցողություն», «Միջազգային հիթ», «Ժողովրդական ազգագրական երգեցողություն», «հեղինակային երգ», « Լատվիացի կոմպոզիոտրի ստեղծագործություն» անվանակարգերում  է անցկացվել այս տարվա «Ռիգա Սիմֆոնիա 2014 » մանկապատանեկան երգի ամենամյա  միջազգային մրցույթ-փառատոնը: Հայաստանից մրցույթին մասնակցել են «Դո- ռե-մի» վոկալ դպրոցի 4 սաներ:

Ժողովրդական-ազգագրական երգեցողություն անվանակարգում ոսկե մեդալի  արժանացած  Հարություն Մկրտչյանի անդրանիկ մասնակցությունն  է եղել «Ռիգա Սիմֆոնիա» մանկապատանեկան երգի ամենամյա միջազգային փառատոնին: Հարությունը թեև արժանացել էր ոսկե մեդալի, սակայն վերջինիս համար կարևորը ոչ թե հաղթանակն է եղել, այլ մասնակցությունը:

Մերի Ավետիսյանը Ռիգա Սիմֆոնիայում արժանացել է երկու մրցանակի՝  «Միջազգային հիթ» անվանակարգում՝ Գրան պրիի, մյուսը Հայաստանի պատվիրակ Մերիին ժյուրիի միաձայն որոշմամբ շնորհվել է նաև «Ռիգա-Սիմֆոնիա -2014» երգի մանկապատանեկան միջազգային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակը` կրկին Գրան պրի:

Մրցույթին ելույթ է ունեցել 18 երկրից  200 մասնակից, այդ թվում են եղել նաև Թուրքիան և Ադրբեջանը, որոնք ներկայացել են մեկական մասնակցով: Ադրբեջանը ներկայացրել է ժողովրդական երգ, սակայն չի արժանացել և ոչ մի մրցանակի: Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված է եղել նաև «ԷՄԻ-ԲԻ» պրոդյուսերական ընկերության տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը, ով նշեց, որ Հայաստանի մասնակիցները արժանացել են համապատասխան գնահատականի: Պատանիները տարբեր միջազգային մրցույթներին մասնակցելու հրավերքներ են ստացել:

Back to top button