ԿարևորՀասարակություն

Հիշատակի արարողություն՝ նվիրված Միսաք և Մելինե Մանուշյաններին

Մայիսի 27-ին, Դիմադրության ազգային օրվա առիթով, Փարիզի Պանթեոնում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի հանրային ծառայության ազգային ինստիտուտի (INSP, նախկինում՝ École nationale d’administration, ENA) կողմից կազմակերպված հիշատակի արարողությանը՝ նվիրված Դիմադրության շարժման հերոսներ Միսաք և Մելինե Մանուշյաններին:

2026թ. INSP-ի ավարտական ուսումնական տարին (Promotion 2026) անվանակոչվել է ի պատիվ Դիմադրության հայազգի հերոսներ Միսաք և Մելինե Մանուշյանների:

Շրջանավարտներին ուղղված խոսքով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Փարիզի ռազմական կառավարիչ, գեներալ Լոյիկ Միզոնը, «Դիմադրության հիմնադրամի» գլխավոր տնօրեն Ժան-Ֆրանսիս Տրեֆելը։

Դեսպան Խաչատրյանն անդրադարձ է կատարել Միսաք և Մելինե Մանուշյանների գործունեությանը՝ ընդգծելով նրանց անձնազոհ ծառայությունը՝ հանուն ազատության, արժանապատվության և համամարդկային արժեքների։

Դեսպանը բարձր է գնահատել INSP-ի այս տարվա շրջանավարտների՝ Միսաք և Մելինե Մանուշյանններ անվան ընտրությունը՝ այն համարելով խորհրդանշական, քանի որ պետական ծառայությունը չի սահմանափակվում միայն տեխնիկական գիտելիքներով. այն պահանջում է նաև քաջություն, արժեքներ և անձնական նվիրվածություն:

Արման Խաչատրյանը նաև ընդգծել է, որ Միսաք և Մելինե Մանուշյանների կերպարները առանձնահատուկ տեղ ունեն հայ-ֆրանսիական բարեկամության պատմության մեջ, իսկ երկու երկրների հարաբերությունները նոր կարևոր հանգրվան են արձանագրել մայիսի 5-ին Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության ստորագրմամբ։

Այնուհետև դեսպան Խաչատրյանը, ինչպես նաև արարողության մասնակիցները ծաղկեպսակներ են զետեղել Միսաք և Մելինե Մանուշյանների դամբարանի առջև։

Արարողության ավարտին մասնակիցները շրջայց են կատարել Փարիզի Պանթեոնում։

Կարդացեք նաև

Back to top button