ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Նոր կարգ ներմուծվող ապրանքների համար․Ռուսաստանի հերթական պահանջը

Միգրացիոն քաղաքականության խստացմանը զուգահեռ Ռուսաստանը նոր փոփոխություններ է կատարում նաև ապրանքների ներմուծման կարգում։ Դրանք ուժի մեջ կմտնեն արդեն հունիսից։ Էկոնոմիկայի նախարարությունից հորդորում են ուշադիր լինել։ Փորձագիտական դաշտում արտահանման երկրների դիվերսիֆիկացայի անհրաժեշտություն են տեսնում։ Վիճակագրությունն այս առումով փոքր-ինչ հուսադրող է։

Հունիսի 1-ից Ռուսաստանում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր կարգ։ Այն վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրներից, այդ թվում՝ ՀՀ-ից, ավտոմոբիլային տրանսպորտով ՌԴ ներմուծվող ապրանքներին։ Համակարգի շրջանակում հիմնական պարտավորությունները կրում է ռուսաստանյան ներմուծողը։

Սակայն նոր կարգը կարևոր է նաև ՀՀ արտահանողների և բեռնափոխադրողների համար, քանի որ, առանց ռուսաստանյան գործընկերոջ տրամադրած համապատասխան փաստաթղթի և դրա հիման վրա ստացված QR-կոդի, բեռի մուտքը ՌԴ տարածք կարող է չթույլատրվել։ ՀՀ արտահանողները, մինչև բեռի ուղարկումը, պետք է ապահովեն, որ ներմուծողը կամ գործակալը մատակարարման ակնկալման հաստատման փաստաթուղթ ձևավորած լինի։ Այն պետք է ներկայացնեն սահմանը հատելուց ոչ ուշ, քան 48 ժամը, եթե վճարվում է ներմուծման ԱԱՀ-ի ապահովման վճար, կամ սահմանի հատումից ոչ ուշ, քան 4 ժամը, եթե նման վճար չի կատարվում։ Անհրաժեշտ է, որ ուսաստանյան կողմը փոխանցած լինի համապատասխան QR-կոդ, փոխադրողը այն պետք է ունենա մինչև ՌԴ սահմանին մոտենալը։

Սա միակ խստացումը չէ։ Միգրացիոն հարցերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ընդգծում է՝ բազմաթիվ են դեպքերը, երբ օտարերկրացի վարորդները  ՌԴ-ի տարածքից արտաքսման որոշում են ունեցել։

 «Արտաքսման վտանգը վերաբերում էր նաև բեռնափոխադրող վարորդներին, որոնք մեկ օրացուցային տարվա ընթացքում ՌԴ-ում գտնվում են 90 օրից ավելի: Սակայն ապրիլի 27-ին ՌԴ կառավարությունը որոշել է այս ժամկետը կրկնապատկել՝ դարձնելով 180 օր: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ից։ Ես ունեմ առնվազն 65 մարդու գործ, որոնց մուտքը ՌԴ արգելվել է 5 տարով միայն այն պատճառով, որ այնտեղ գտնվելու 90-օրյա ժամկետը գերազանցել են մի քանի օրով»:   

Վերջին շրջանում մի շարք խնդիրների առաջ են կանգնել Հայաստանից ծաղիկ, ելակ արտահանողները։ Մասնագետները գտնում են, որ Հայաստանին անհրաժեշտ է դիվերսիֆիկացիա։ ՀՏՊՀ միջգիտակարգային կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանն ասում է, որ արտահանման կառուցվածքում փոփոխություններ լինում են։

 «Հիմնական փոփոխությունը, որ կարելի է արձանագրել, ԵԱՏՄ մասնաբաժնի նվազումն է, ԵՄ մասնաբաժնի աճը։ Իհարկե, տարբերությունը մեծ չէ, բայց այն կա։ Եվ նորից մեր ներմուծումը արտահանումից ավելի մեծ է, ավելի առաջանցիկ է»։

Տեսակարար կշռով արտահանումն ավելի մեծ աճ է ունեցել, քան ներմուծումը, բայց ծավալով զիջում է ներմուծմանը։ Արտահանման մեջ ավելացել է գյուղատնտեսական ապրանքների մասնաբաժինը։

 «Դա, հաշվի առնելով սեզոնայնությունը, պայմանավորված է ջերմոցային տնտեսությամբ։ Սա նշանակալի առաջընթաց կարելի է համարել, որովհետև ջերմոցային տնտեսությունը ոչ միայն գյուղատնտեսություն է, այլև տեխնոլոգիա։ Ջերմոցային տնտեսության մեջ ներդրվող գումարները ու դրանց վերադարձը պայմանավորված են տեխնոլոգիաներով։ Կարևոր է, թե ինչպիսի տեխնոլոգիաներ կներդրվեն և որքան ժամանակում դրանք հետ կգան»։

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը նվազել է, բայց  առաջատարը դարձյալ ՌԴ-ն է մոտ 90 տոկոս մասնաբաժնով։ ԵՄ երկրներ արտահանումը ավելացել է, բայց ոչ մեծ ծավալով։

 «Բուլղարիան, Գերմանիան այն երկրներն են, որոնց հետ առևտրաշրջանառության ծավալները համեմատաբար մեծացել են։ Արտահանվում են ավանդական ապրանքատեսակները։ Շուկայում այս առումով նոր մրցակցություն չկա։ Մրցակցության պայմանների փոփոխությունը կամ շուկայում նոր մասնակիցների ի հայտ գալը կնպաստեն առևտրաշրջանառության ծավալների փոփոխությանը։ Խոշոր հաշվով ինչ-որ նորամուծություն, նոր ապրանքատեսակներ նոր մոտեցումներ են պետք, որպեսզի մենք ունենանք էական փոփոխություն»։

Միգրացիոն հարցերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը նկատում է՝ առաջիկայում նոր խստացումներ նույնպես սպասվում են։ 2026 թ. հունիսի 30-ից՝ Ռուսաստան մուտք գործելուց 72 ժամ առաջ, օտարերկրացին պարտավոր է գրանցվել ruID հեռախոսային հավելվածում՝ անկախ այցի նպատակից ու տևողությունից: Իսկ հրատապ անհրաժեշտության դեպքում՝ 4 ժամ առաջ:

Կարդացեք նաև

Back to top button