
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է։
Թևանյանի խափանման միջոցը որոշելու հարցը կքննարկվի մայիսի 23-ին, ժամը 12։00-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում։
Դատախազը «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցել էր քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:
Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Դատախազության միջնորդությունները Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն հավանություն տալու վերաբերյալ։
Քանի որ նախընտրական շրջանում պատգամավորի թեկնածուն անձեռնմխելի անձ է, հենց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է տա նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն։
Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր, որ Անդրանիկ Թևանյանի կողմից պետական դավաճանություն լրտեսություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Անդրանիկ Թևանյանը, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։




