Ընտրություններ 2026ԿարևորՀասարակություն

«Լրտեսական կրքեր» ՀՀ ընտրություններում․ իրավապահները գիտեն լրտեսներին

Մայիսի 22-ը՝ քարոզարշավի 15-րդ օրը, սկսվել է մի շարք հասցեներում խուզարկություններով։ Իրավապահների ուշադրության կենտրոնում են եղել քաղաքական ուժերի մի շարք ներկայացուցիչները։ Իրավապահները քննչական գործողություններ են կատարել «Մայր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների գրասենյակներում, քաղաքական մի շարք գործիչների բնակարաններում և ավտոմեքենաներում։

Իրավապահների գործողությունների հիմքերն ու պատճառները տարբեր են՝ ընտրակաշառքից մինչև լրտեսության մեղադրանք։

Այսպես կոչված՝ «լրտեսական գործի» շրջանակում «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակից իրավապահները խուզարկությունից հետո առգրավել են համակարգիչներ, հեռախոսներ, փաստաթղթեր և անգամ վերլուծական հոդվածներ։ Կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը, որը մեղադրվում է լրտեսության համար, չի հերքում իր կապը ռուսական որոշ շրջանակների հետ, բայց Հայաստանի իրավապահների գործողությունները որակում է անհեթեթ։ Իր և ռուսական հատուկ ծառայությունների ենթադրյալ գործակցության մասին ասում է․  

«Ոչ մի հարաբերության մեջ չեմ։ Բայց Ռուսաստանի փորձագիտական, քաղաքական շրջանակների հետ ես չեմ էլ թաքցրել, որ շատ նորմալ գործընկերային հարաբերություններ կան։ Այսինքն` Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, և ես բազում ընկերներ ունեմ, շփումը դա է։ Սա ուղղակի մեր` որպես ընդդիմադիր ուժ, գործունեությունը խոչընդոտելու համար է արվում։ Ծայրից ծայր անհեթեթություն է։ 2023 թվականի ամառվանից պատգամավոր չեմ, նույնիսկ պատգամավոր եղած ժամանակ գաղտնիության թույլտվություն չեմ ունեցել»։  

Պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մինչդեռ Հայաստանի քննչական կոմիտեն բացահայտել է, որ Թևանյանը, որին 2024 թվականին հավաքագրել են օտարերկրյա հատուկ ծառայությունները, «Ռուսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրենի, միաժամանակ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր դոլար գումարի դիմաց փոխանցել է պետական գաղտնիք պարունակող, 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում անցկացված լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդկերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Մամուլը ենթադրում է, որ խոսքը վերաբերում է 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովում անցկացված փակ նիստին, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հիմնախնդիրները։ Այդ նիստին մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։

Տարեթվային անհամապատասխանության վրա շեշտը դնող Անդրանիկ Թևանյանի հայտարարությանը Քննչական կոմիտեի խոսնակը արձագանքել է գրառմամբ։

«Անդրանիկ Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը: Այդքանը մենք էլ գիտենք։ Հաղորդագրությունն ուշադիր կարդալու դեպքում կտեսնեք ԱՊՕՐԻՆԻ բառը: Այսինքն, անձը 2024 թվականի ընթացքում ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները: Այդ հանգամանքը նույնպես քննության առարկա է»:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ մայիսի 22-ին դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։

«Լրտեսական կրքերի» առումով նախընտրական իրավիճակը բացառիկ է համարում «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող, ընտրական գործընթացների դիտորդական առաքելության մշտական մասնակից Դանիել Իոաննիսյանը․

«Բնականաբար, ես չգիտեմ, թե որքանով է հիմնավոր Անդրանիկ Թևանյանի պետական դավաճանության մեղադրանքը, բայց ես գիտեմ, որ սա պատմական օր է նրանով, որ այս երկրի պատմության մեջ առաջին անգամ պետական դավաճանության մեղադրանքը Ռուսաստանի օգտին պետական դավաճանության համար է։ Ադրբեջանի օգտին պետական դավաճանության համար գործեր եղել են, Թուրքիայի օգտին երևի եղած կլինեն։ Այսինքն` մարդկանց մասով, որոնց մասով հայտնի էր, որ իրենք ռուսական հատուկ ծառայությունների վրա են աշխատում, երբեք իրենց նկատմամբ իրավական գործընթացներ չեն եղել, իսկ եթե եղել են, ուրիշ հոդվածներով են եղել։ Չնայած Ռուսաստանի անունը չեն տալիս, բայց ակնհայտ է, որ խոսքը Ռուսաստանի մասին է, և սա առաջին դեպքն է, որ այս երկիրը դուխ արեց, այն ինչ-որ իրենք իրավապահ մարմինները գնահատում են որպես Ռուսաստանի օգտին լրտեսություն, հենց այդպես էլ որակել»։

Այս գործով, սակայն, «լրտեսական կրքերը» չեն սպառվում։ Հայաստանի վարչապետի տեղեկություններով՝ նմանատիպ այլ գործեր օպերատիվ քննության փուլում են։ Նա ասում է, որ այդ գործերին ի պաշտոնե կարող է տեղյակ լինել, քանի որ գործի օպերատիվ հատվածը կատարում է վարչապետին ենթակա մարմինը՝ Ազգային անվտանգության ծառայությունը․

«Այսինքն, բնականաբար, բոլոր մանրամասներին կարող եմ տեղյակ լինել։ Մենք հիմա էլ ուրիշ լրտեսության գործեր ունենք, լրտեսներին չենք բռնում մի պարզ պատճառով, որովհետև մենք հետևում ենք օպերատիվ, որպեսզի ցանցերը բացահայտվեն, գործելակերպերը բացահայտվեն։ Էլ չեմ ասում` լրտեսի ստացած հանձնարարությունները նաև մեզ տեղեկություն են տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին և ձերբակալման որոշում կայացվում է այն ժամանակ, երբ օպերատիվ հետաքննությունը սպառվում է»։   

Նախընտրական Հայաստանում, սակայն, այլ գործերով քննությունները նույնպես ակտիվ ընթացքի մեջ են։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու, բայց գործող խորհրդարանում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանին իրավապահները նույնպես խուզարկել են՝ գրասենյակ, առանձնատուն և ավտոմեքենա։ Առգրավվել են համակարգիչներ, փաստաթղթեր և հեռախոս։ Ենթադրություններ կան, որ իրավապահների գործողությունները կապված են նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու հետ: Խուզարկության պահին ենթադրություններ էր անում նաև ինքը Մարտուն Գրիգորյանը․

«Հասկանալի է, որ մեզ է հասել հերթը։ Հեռախոս էլ չունեմ, որ թիմի հետ, մարդկանց հետ կապի դուրս գամ, հասկանամ` ինչ է կատարվում։ Ամբողջությամբ պարալիզացվել է մեր մարզային գրասենյակը, ամբողջությամբ քարոզարշավը տապալված է, պրոցեսները տապալված են։ Ոչ մի ձևով, ոչ մի տեղ աշխատանք կազմակերպել հնարավոր չէ»։

ԲՀԿ-ն իրավիճակը շտապում է գնահատելու որպես «քաղաքական հաշվեհարդար»։ Մայիսի 23-ին մտադիր են հանդիպել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ: Գնալու են մեծ փաթեթով և ներկայացնելու են ընդդիմադիր ուժերի հանդեպ կատարվող բոլոր ապօրինությունները՝ գրել է ԲՀԿ ցուցակով առաջադրված Էլինար Վարդանյանը։

 

Իրավապահները քրեական վարույթ են հարուցել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի՝ Ջերմուկի ուղղությամբ «դիրք հանձնելու» տեսանյութի գործով։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել՝ սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու հատկանիշներով, քանի որ տեսանյութում խոսող զինծառայողը հետագայում հերքել է իր հայտարարությունները՝ նշելով, որ եղել է ոչ սթափ վիճակում և հայտնել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

 

Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, ապա Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն  43 քրեական վարույթ  է հարուցվել: Դրանցից 14-ով ձերբակալվել է 67 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 75 անձի նկատմամբ:

Կարդացեք նաև

Back to top button