
Air France և Airbus ընկերությունները մեղավոր են ճանաչվել 2009 թվականին տեղի ունեցած օդային աղետի համար։ Ռիո դե Ժանեյրոյից Փարիզ թռչող օդանավի կործանումը ամենաողբերգականներից մեկն է։ Աղետից զոհվել էր 228 մարդ։
2009 թվականին տեղի ունեցած ավիավթարի գործով 17 տարի շարունակվող դատավարությունը ավարտվել է։ Աղետի համար մեղավոր են ճանաչվել Air France և Airbus ընկերությունները։
Հեղինակավոր լրատվամիջոցներն այս ավիավթարը ամենաողբերգականն են համարում ֆրանսիական ավիացիայի պատմության մեջ։ Իսկ դատավարության և մեղավորներին պարզելու առումով այն նաև ամենաձգձգվածն է։ Տարիներ շարունակ տարակարծություններ կային ողբերգության մեղավորների հարցում։
Հարավային Ամերիկայի ափերից ավելի քան 1․100 կմ հեռավորության վրա՝ Ատլանտյան օվկիանոսում կործանված ինքնաթիռը Ռիո դե Ժանեյրոյից ուղևորվել էր Փարիզ։ Ավիավթարից 228 մարդ էր զոհվել։ 17 տարվա դատական քաշքշուկներից հետո Փարիզի վերաքննիչ դատարանը որոշել է, որ Air France ավիաընկերությունը և ինքնաթիռն արտադրող Airbus ընկերություններն են ամբողջական պատասխանատուն ողբերգության համար։ Այդ ընկերությունները մեղավոր են ճանաչվել ուղևորների և անձնակազմի չկանխամտածված սպանության համար։
Ըստ պաշտոնական վարկածի՝ թռիչքի ժամանակ ինքնաթիռը կորցրել էր կառավարումը և 11,5 կմ բարձրությունից ընկել էր օվկիանոս՝ փոթորկի ժամանակ։ Զոհվել էին անձնակազմի բոլոր 12 անդամները և 216 ուղևորները։ Երկարատև որոնումներից հետո ինքնաթիռի մնացորդները հայտնաբերվել էին օվկիանոսի հատակին՝ մոտ 10․000 կմ2 տարածության վրա։ Ինքնագրիչները հայտնաբերվել էին դեպքից երկու տարի անց՝ 2011 թվականին։ 2023–ի ապրիլին դատարանը արդարացրել էր Air France-ին և Airbus-ին, սակայն ավելի ուշ՝ շաբաթներ տևած տևած դատավարությունից հետո, Ֆրանսիայի վերաքննիչ դատարանը մայիսի 21-ին հակառակ որոշում է կայացրել։
Զոհերի հարազատները ներկա են եղել դատավճռի հրապարակմանը։

Դատախազությունը երկու ընկերություններից յուրաքանչյուրից որպես փոխհատուցում պահանջել էր 225.000 եվրո։ Սակայն զոհերից մի քանիսի հարազատները քննադատել են այս որոշումը՝ համարելով զուտ խորհրդանշական պատիժ։
«Չվերթի զոհերի ընտանիքների ասոցիացիայի» նախագահ 82-ամյա Նելսոն Ֆարիա Մարինյո՝
«Այժմ զգացողություն ունենք, որ լքված ենք, քանի որ դատարանը գործը վարում է և ի վերջո որոշում, որ նրանք իրականում մեղավոր չեն։ Կա զգացողություն, որ ոչ ոք չի պատժվի, ինչպես արդեն ասացի»։
Airbus-ը հայտարարել է, որ ճանաչում է դատարանի որոշումը, բայց մտադիր է բողոքարկելու վճիռը, քանի որ այն կարող է լուրջ վնաս հասցնել երկու ընկերությունների հեղինակությանը։
Մեղադրող կողմը դեռ անցած տարվա նոյեմբերին տեղի ունեցած դատական նիստերի ժամանակ Air France-ի և Airbus-ի վարքագիծը համարել էր անընդունելի և մեղադրել ընկերություններին «անհեթեթություններ խոսելու և տեղում փաստարկներ հորինելու» համար։
Դատախազ Ռոդոլֆ Ջույ-Բիրմանն ասում է, որ վթարից հետո՝ տարիներ շարունակ, խստորեն քննադատել է Air France-ի և Airbus-ի վարքագիծը․ «Ոչինչ չհետևեց, անկեղծ կարեկցանքի ոչ մի խոսք չասվեց։ Այս ամենը կարելի է բնութագրել որպես անպարկեշտ կեցվածք»։
2012–ին ֆրանսիացի քննիչները եզրակացրել էին, որ վթարը տեղի է ունեցել օդային արագության սենսորների տեխնիկական անսարքության և օդաչուների սխալների պատճառով։
«Օդային արագության սխալ ցուցմունքների պատճառով անձնակազմը կորցրել է կողմնորոշումը, և երբ ինքնաթիռը սկսել է կորցնել կառավարումը, օդաչուները սխալմամբ բարձրացրել են ինքնաթիռի քիթը իջեցնելու փոխարեն»,-քննիչների այս եզրակացությունն է հիշեցնում միջազգային մամուլը։
Airbus և Air France ընկերությունները նշում էին, որ օդանավի վերջին սպասարկումը տեղի է ունեցել 2009 թվականի ապրիլի 16-ին, այսինքն՝ վթարից ամիսներ առաջ։ Դատավարության ողջ ընթացքում նրանց ներկայացուցիչները հետևողականորեն հերքում էին, որ խախտումներ են եղել։
Սակայն, ի վերջո, դատարանը երկու ընկերություններին էլ մեղավոր ճանաչեց բոլոր կետերով։
Airbus-ը մեղավոր ճանաչվեց օդային արագության սենսորների խնդիրների լրջությունը թերագնահատելու համար, որը, ինչպես դատարանը սահմանեց, հայտնի էր վթարից առաջ։
Air France-ն էլ մեղավոր ճանաչվեց այս խնդրին անմիջականորեն առնչվող իրավիճակների համար օդաչուների մասնագիտացված վերապատրաստում չկազմակերպելու և անձնակազմերին անհրաժեշտ տեղեկություն չտալու համար։
Air France-ի փաստաբան Պասկալ Վեյլը խոստովանել է, որ ավիաընկերությունը օդաչուներին մեծ բարձրության թռիչքների վերապատրաստման հնարավորություն ունեցել է, սակայն չի արել։
Կործանված այս օդանավի որոնողափրկարարական աշխատանքները ավիացիայի պատմության մեջ ամենաբարդ գործողություններից են համարվում։
Գործողության առաջին 26 օրում ջրից դուրս է բերվել 51 մարմին։
Օդանավի ուղևորները 33 երկրներից էին։ Զոհվածների մեջ 61 ֆրանսիացի, 58 բրազիլացի, 26 գերմանացի, երկու ամերիկացի, հինգ բրիտանացի և երեք իռլանդացի են եղել։ Անձնակազմի անդամներից 11-ը ֆրանսիացիներ էին, մեկը՝ բրազիլացի։




