
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներքաղաքական իրադարձությունների «եռման աստիճանն» այնքան է բարձրացել, որ ամեն օր հանրությունն ու նախընտրական պայքարի մեջ մտած ուժերը նոր խախտումներ են արձանագրում։ Ուշադրության կենտրոնում այս պահին ահաբեկչական տարրեր պարունակող տեսագրությունը և նախընտրական բանավեճի հռետորաբանությունն են։ Իրավիճակին արձագանքել է մարդու իրավունքների պաշտպանը։ Ամենօրյա ռեժիմով արձանագրվում են դեպքեր, երբ քաղաքական բանավեճը տեղափոխվում է փոխադարձ վիրավորանքի, թշնամանքի, անհանդուրժողականության և հանրային պառակտման վտանգավոր դաշտ՝ արձանագրել է օմբուդսմենը՝ քաղաքական ուժերի ղեկավարներին հորդորելով ավելի պատասխանատու լինել։
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի հետ խուզարկություններ են անցկացրել Երևանի շուրջ 15 հասցեներում։ Թեև կառույցը պաշտոնապես չի ներկայացրել, թե քրեական որ գործի շրջանակում են գործել իրավապահները, բայց մամուլում շրջանառվող վարկածների համաձայն՝ գործողություններն առնչվում են նախօրեին տարածված աղմկահարույց տեսանյութին, որտեղ դիմակավորված և զինված անձինք սպառնում են գործող իշխանությանը։
Մարտին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խոսում էր ապօրինի զինամթերքը շրջանառությունից հանելուն ուղղված մշտական և հետևողական աշխատանքի մասին։ Ապօրինի զենքի մեծաքանակ առկայությունը նա կապում էր Ղարաբաղից հայերի տեղահանման բարդ ժամանակաշրջանի հետ․
«Իրականում բոլոր պետություններին, որոնք անցել են պատերազմի կամ տեղահանության նմանատիպ սուր դրսևորումներով, բնորոշ է այսպիսի իրավիճակ, որ դու կարող ես սահմանից ներս ունենալ զենքի խմբաքանակի ներմուծում։ Մենք զուգահեռաբար թե՛ կամավոր ճանապարհով և թե՛ նաև խուզարկությունների ճանապարհով կարողանում ենք մեծ քանակի զենքեր դուրս բերել շրջանառությունից։ Անցած տարվա կտրվածքով 42.2 % ավելի միավոր զենք ենք դուրս բերել շրջանառությունից, քան եղել է 2024–ին։ Բայց եթե մաթեմատիկորեն ես համադրեմ իմ ունեցած օպերատիվ տվյալը և այն տվյալները, որոնք այս պահի դրությամբ հրապարակային են, այսինքն՝ դուրս են բերվել շրջանառությունից, դրանք դեռ իրար մոտ թվեր չեն։ Մենք ավելի շատ ունենք ապօրինի շրջանառության մեջ գտնվող զենքեր, քան հայտնաբերել ենք, և մեր խնդիրն է շարունակելու թե՛ բացատրական աշխատանքով և թե՛ նաև օպերատիվ աշխատանքով խուզարկությունների հիման վրա առգրավելու ավելի մեծ քանակի ապօրինի շրջանառության մեջ գտնվող զենքեր»։
Արդյո՞ք հայտնի տեսանյութի և ոստիկանության գործողությունների միջև կապ կա, թե՞ իրադարձությունները համընկել են․ այս հարցի պատասխանը դեռ տրված չէ։ Բայց աղմկահարույց տեսանյութի հրապարակումն ակնհայտորեն ազդել է քարոզարշավի ընթացքի և բովանդակության վրա։
Դեպքին անդրադարձել է նաև մարդու իրավունքների պաշտպանը։ Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ և վտանգավոր է գնահատել նախընտրական քարոզարշավի ընթացքում վիրավորանք, անհանդուրժողականություն և բռնություն քարոզող խոսույթի տարածումը։ Օմբուդսմենը քաղաքական ուժերին կոչ է զերծ մնալու այս վարքագծից։ Մեջբերում հայտարարությունից․
«Ժողովրդավարական հասարակությունում քաղաքական մրցակցությունը պետք է հիմնված լինի գաղափարների, ծրագրերի և հանրությանը հուզող խնդիրների շուրջ բովանդակային քննարկումների վրա։ Մինչդեռ՝ ամենօրյա ռեժիմով արձանագրվում են մի շարք դեպքեր, երբ քաղաքական բանավեճը տեղափոխվում է փոխադարձ վիրավորանքի, թշնամանքի, անհանդուրժողականության և հանրային պառակտման վտանգավոր դաշտ։ Առանձնակի մտահոգիչ է, որ քաղաքական ուժերի և հանրային գործիչների կողմից կիրառվող ագրեսիվ ու վիրավորական բառապաշարը տարածվում է հասարակության տարբեր խմբերում՝ նպաստելով լարվածության և անհանդուրժողականության խորացմանը»։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ կարծիքի արտահայտման ազատությունը բացարձակ իրավունք չէ և չի կարող օգտագործվել այլոց արժանապատվությունը նվաստացնելու, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն տարածելու, բռնություն քարոզելու նպատակով։
Մանասյանը շեշտել է, որ հանրային և քաղաքական գործիչները, հաշվի առնելով իրենց խոսքի ազդեցությունն ու տարածման լայն շրջանակը, պետք է առավել բարձր պատասխանատվություն դրսևորեն և սեփական խոսքով ու վարքագծով նպաստեն փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և իրավունքի գերակայության վրա հիմնված հանրային միջավայրի ձևավորմանը։
Նախընտրական շրջանում նման տեսանյութի հրապարակումը խիստ մտահոգիչ է նաև վերլուծաբանների համար։ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը խոսում է հիմնական մտահոգության մասին․
«Ակնհայտ լուրջ սպառնալիք է մեր պետականության դեմ ուղղված, քանի որ իշխանությունները Հայաստանում պետք է փոխվեն միայն մեկ ճանապարհով` ընտրության ճանապարհով։ Ոչ մի բռնություն, ոչ մի ահաբեկչական ակտեր, ոչ մի ուժային սպառնալիքների միջոցով չպետք է կատարվի դա։ Թեժ բանավեճերը քաղաքական դաշտում, այդ բևեռացումը պարզ է, լավ բանի չի բերի։ Որքան թեժանում է այդ պայքարը, այդքան ծայրահեղանում են տրամադրությունները հասարակության մեջ ու ծնվում են այս ձևի գաղափարներ։ Ազգը, որը «հոկտեմբերի 27» է տեսել, պետք է զգույշ լինի։ Անպայման պետք է իմանալ` այս տեսանյութը որտեղ է պատրաստվել Հայաստանի տարածքում, թե՞ տարածքից դուրս»։
Տեսանյութի մասին կարծիքների միասնականություն կա միայն այն դատապարտելու առումով, իսկ շարժառիթների և նպատակների առումով կարծիքներն այնքան էլ միասնական չեն։ Ընդդիմադիր դաշտում, օրինակ, կասկածում են, թե ում էր ձեռնտու նման տեսնյութի տարածումը։
Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյան․
«Մեզ համար բռնությունը բացարձակ անթույլատրելի է։ Այս տեսանյութի հետ կապված պետք է անհապաղ քննություն արվի, բացահայտվի։ Բայց գիտե՞ք ինչ կա․պետք է բացահայտվի նաև, արդյո՞ք սա պրովոկացիա է, և այս իշխանությունները չեն կազմակերպել այն, որպեսզի հետո թիրախավորի։ Եթե այդպես չէ, նրանք պետք է մանրամասն բացատրություններով ցույց տան, ապացուցեն և սա պետք է օբյեկտիվ, հրապարակային, հանրության աչքի առաջ քննությամբ պարզվի»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքում նույնպես կասկածի տարրեր կան․
«Ինչ–որ դիմակավորված մարդիկ, սարսափելի բաներ են խոսում, իբր թե, բայց այնտեղ ես ուղղակի քարոզչական հնարք եմ տեսնում և ուզում եմ ասել, որ չեմ հավատում, վիճարկում եմ։ Սա մի նոր քարոզչական տակտիկա է, որ ընտրություններից առաջ հասարակությանը բևեռացնեն։ Եթե ահաբեկչական խումբը իրական է, իհարկե, թող բռնեն, իհարկե, դատապարտում ենք»։
Հաշվի առնելով հանգամանքը, որ վերջին շրջանում բացահայտվել էին կրեմլյան քարոզչամեքենայի՝ Հայաստանին առնչվող հաքերային ծրագրերը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն այլ ենթադրություններ ունի․
«Այս տարածված և արդեն շատ քննարկված տեսանյութը դիմակավորված անձանց արցախյան բառբառով, որ սպառնալիքներ են հնչեցնում, ինձ համար դասական կեղծ դրոշով օպերացիա է։ Պարզ է չէ՞ ռուսերեն չէին խոսելու։ Իրենց նպատակը Հայաստանում սրել ղարաբաղցի–հայաստանցի լարումը, այդ «ներվի կետը» փորձում են սրեն, փորձում են ապահովության բացակայության զգացում ստեղծել։ Այսինքն` այս ուղղությամբ ծրագրված գործողություն է։ Նպատակը պարզ է, Կրեմլի նպատակներն են Հայաստանում ձևավորել իրեն յուրային իշխանություն, մաքսիմալ թուլացնել Հայաստանի դիմադրողականությունը, մաքսիմալ թուլացնել Հայաստանում ժողովրդավարության մակարդակը և մաքսիմալ ապալեգիտիմացնել ընտրությունները»։
Սրան զուգահեռ՝ «Հայաստան» դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին՝ ուշադրություն հրավիրելով հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածում ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածության և ակնհայտորեն քաղաքական պայքարի շրջանակից դուրս եկած գործողությունների վրա։ Հայաստանում հավատարմագրված դեսպանատներից և դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններից ընդդիմադիր դաշինքն ակնկալում է համարժեք վերաբերմունք և գնահատական, ինչպես նաև հանդիպում՝ առավել հանգամանալից քննարկելու, ներկայացնելու և գնահատելու առաջացած խնդիրները։




