Ընտրություններ 2026ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Քվեախցիկում ամենահզորը քաղաքացին է․«Միասնության թևեր»-ն ընտրողին հորդորում է գնալ ընտրության և քվեարկել առանց վախերի

«Միասնության թևեր» կուսակցությունը քաղաքացիների հետ հանդիպումներում շարունակում է ներկայացնել ծրագրային հիմնական դրույթները՝ ուժեղ բանակից ու թվային սահմաններից մինչև մարզերի զարգացում, բազմազավակ ընտանիքների աջակցություն և թոշակառուների մասնագիտական փորձի ներգրավում։ «Արդարությունը գալիս է» կարգախոսով ընտրություններին մասնակցող ուժը հայտարարում է, որ պետության ապագան պետք է կառուցվի անվտանգ, արդար ու ներառական համակարգի վրա։

Քվեախցիկում քաղաքացին ամենահզորն է, և հենց նրա ընտրությամբ է որոշվում երկրի ապագան՝ պնդում է «Միասնության թևեր» կուսակցության՝ վարչապետի թեկնածուն։ Արման Թաթոյանը քաղաքացիներին բացատրում է․

«Երբ դուք գնաք քվեախցիկ, ժողովուրդ ջան, դուք ամենակարողն եք այդ պահին, դուք ամենահզորն եք։ Մտածեք, որ այդ պահին ձեզնից  ուզում են իշխանությունը տանել, ոչ մի ձև չպիտի թողնեք իշխանությունը։ Խնդրում եմ ձեզ, եթե ուզում եք ունենալ հզոր երկիր, հզոր երիտասարդներ, որոնք ապագա ունեն մեր երկրում, որ ոչ թե թողեն խոպան գնան, ոչ թե ընտանիքները ուրախանան, որ իմ երեխեն ընդունվել է համալսարան, ինչ լավ է, տեղը գտել է, թող գնա, իրա տեղը գտնի չէ, այլ մեր մոտ գան սովորեն, և եթե այդ երկիրը մենք ուզում ենք, խնդրում եմ ձեզ քվեարկել առանց վախերի»։

Արման Թաթոյանի առաջնորդած ուժը կարևորում է երաշխավորված անվտանգությունը և ուժեղ բանակ ունենալը։ «Արդարությունը գալիս է» կարգախոսով ընտրություններին մասնակցող ուժն անվտանգության իր տեսալականը նախընտրական ծրագրում 6 կետով է ամրագրել։

«Քայլ 1 Անմիջապես կստեղծվի Հայաստանի վարչապետին առընթեր ռազմական բարեփոխումների հանձնաժողով։ Քայլ 2-րդ Մեր պաշտոնավարման առաջին տարվա ավարտին հանձնաժողովի մշակած ծրագրի հիման վրա կապահովվեն զսպման լիարժեք կարողություններ, իսկ պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին` ռազմական հավասարակշռություն»։

Երրորդ քայլով «Միասնության թևեր»-ն առաջարկում է օրենքով սահմանել, որ պաշտպանության ծախսերը չեն կարող պակաս լինել ՀՆԱ-ի 8 %-ից։ Կուսակցության վարչապետի թեկնածուի խոսքով՝ տարեկան կես միլիարդ դոլար կուղղվի հայաստանյան ընկերություններից պարտադիր գնումներին՝ արագացնելու ներքին ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը։

«Քայլ 4-րդ Երկիրը մշտապես պատրաստ կլինի պաշտպանության, որովհետև պետությունը, հասարակությունը և տնտեսությունը կգործեն որպես մեկ համադրված համակարգ։ Քայլ 5-րդ․ Ճշմարտության բացահայտման և պատասխանատվության համար անմիջապես կհանրայնացվեն 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի 44–օրյա պատերազմների վերաբերյալ Ազգային ժողովի զեկույցները»։

Անվտանգության տեսլականի վերջին՝ վեցերորդ քայլով, կուսակցությունն առաջարկում է ստեղծել խելամիտ սահմաններ ու թվային պաշտպանություն` ավտոմատացված ցանկապատով և մարդու անմիջական ներգրավման նվազեցմամբ։

Կուսակցության ծրագրում առանցքային է նաև տնտեսական բլոկը։ Ընտրական ցուցակի երկրորդ համար, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ անհրաժեշտ է արդյունաբերական գոտիները զարգացնել նաև Երևանից դուրս․

«Ամեն ռեգիոն պիտի ունենա իրա արդյունաբերական գոտիները, և առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում։ Աշոցքից ենք սկսելու, որովհետև այն ոլորտները, որ ապագան են  ռազմարդյունաբերության և  արհեստական բանականության չէ՞, այդ էներգատար ոլորտները պահանջում են սառեցման հզոր համակարգեր, բնական սառեցման համակարգն Աշոցքում է, այդտեղից պիտի սկսենք։ Ու ի՞նչ է դա նշանակում ամեն ռեգիոնում, երբ որ դու արդյունաբերական գոտիներ դնում ես ու իրանց պարտադրում ես, որ իրենք պետք է  գնումների առնվազն 40 %–ը տեղի փոքր ու միջին ձեռնարկատիրությունից ձեռք բերի, եթե չկա, ու ինքը պարտավոր է զարգացնի կրթական ծրագրեր, իրականացնի և այլն, մենք տնտեսական արդյունաբերականացման հիմքում դնում ենք տարածքային համաչափ զարգացման մոտիվացիան։ Մենք ասում ենք` երկիրը ոչ թե Երևանն է, այլ Երևանից պետք է ապակենտրոնացվի»։

«Միասնության թևեր»-ն իր նախընտրական ծրագիր ներառել է նաև սոցիալական աջակցության խոստումներ։  Դրանցից մեկով նախատեսում են աջակցություն բազմազավակ ընտանիքներին։ Նախընտրական դրույթը ներկայացվում է մարզերի զարգացման համատեքստում։ Կուսակցության՝ վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի խոսքով՝ ծրագրից կարող է օգտվել յուրաքանչյուր ընտանիք, որում ծնվի չորրորդ և հաջորդ երեխան․

«Այսինքն՝ ծնվեց ընտանիքում 4-րդ երեխան, պետությունը հատկացնում է բնակարան մարզում, ծնվեց 5-րդ երեխան` բնակարան մարզում, 6-րդը՝ նորից բնակարան մարզում։ Սա շատ կարևոր ու հաշվարկված ծրագիր է ու պարտադիր պետք է իրականացվի, որովհետև մենք պետք է շատ խրախուսենք մեր ընտանիքներին, որ շատ ընտանիքներ կազմվեն, շատ երեխաներ ունենան, մեր բնակչությունը պետք է շատանա, դրանով պետությունը ուժեղանա, մենք այլ ելք չունենք։ Սա կարևոր է մեր պետության ապագայի ու հասարակության համար»։

Մարզերի զարգացմանն ու ծնելիության խթանմանն ուղղված ծրագրերին զուգահեռ՝ «Միասնության թևեր»-ն առաջարկ ունի նաև թոշակառուների համար։ Արման Թաթոյանի խոսքով՝ երբ քաղաքացին անցնում է թոշակի, պետությունը չպետք է մոռանա նրա մասնագիտական կապիտալը և պետք է օգտագործի ի շահ երկրի․

«Մարդն անցնում է թոշակի, պետությունը դրանից հետո նրան ասում է` վերջ, այսքանն էր, գնա քո թոշակը ստացի, մեզ այլևս պետք չես ու տեսեք՝ ի՞նչ սխալ բան է տեղի ունենում։ Բազմաթիվ մասնագետներ` ուսուցիչներ, բժիշկներ, դատավորներ, դատախազներ, նախարարությունների աշխատողներ, ոստիկաններ, որ իրենց ամբողջ կյանքը նվիրել են պետությանը, հասարակությանը, մեր պետությունը  շենացնելու գործին, այլևս զգում են իրենց անօգնական, ոչ պետքական։ Մենք իրավունք չունենք նման ճոխություն թույլ տալու, և նրանցից շատերը ուզում են, որպեսզի նրանք ներգրավվեն, շարունակեն իրենց նաև այդ առաքելությունը։ Մենք պետք է պետական ծրագրերով նրանց ներգրավենք մեր պետության զարգացման գործին»։

Արմավիրի մարզում քաղաքացիների հետ հանդիպմանը «Միասնության թևեր»–ը ներկայացրել է նաև առողջապահության ոլորտում իր առաջարկները։ Կուսակցության անդամ Ստյոպա Ասրյանի խոսքով՝ քաղաքացու վստահության քվեն ստանալու դեպքում նախատեսում են առողջության ապահովագրությունը դարձնել  բոլորի համար։

«Այժմ, գիտեք ձևական կերպով էլի մտցրել են ընտրակաշառքի յուրովի ձև, որով ընտրություններից առաջ մեր քաղաքացիների քվեն են փորձում ստանալ որպես նոր ընտրակաշառք։ Ասում են, որ եթե 200 հազար դրամից ավել աշխատավարձ ունես, կստանաս առողջության համընդհանուր ապահովագրություն, եթե թոշակառու ես, կստանաս,  իսկ ու՞ր մնացին մյուս 2 մլն-ը։ Սա վերաբերում է 1 մլն մարդու, իսկ մյուս 2 մլն երիտասարդնե՞րը, պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձած շատ-֊շատ երիտասարդներ գնում են հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, ընկնում են բյուրոկրատական քաշքշուկների մեջ, որ ստանան իրենց հասանելի բուժօգնությունը և առողջապահությունը»։

«Միասնության թևեր»-ն առաջարկում է նաև բուժաշխատողներին ազատել վարչարարական ու թղթաբանական ծանրաբեռնվածությունից, իսկ նրանց աշխատավարձերը հաշվարկել ըստ կատարած աշխատանքի, արդար վարձատրության տրամաբանությամբ։

Back to top button