
Նրանց հետ վաղը հանդիպում է կազմակերպել «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամը։
Մազլում Վեսեքը ծնվել է 1984 թ․ Շըրնաք նահանգի Իդիլ գավառում։ Համալսարանական տարիներից գրականության եւ կինեմատոգրաֆիայի մասին ուսումնասիրություններ է անում։ Նրա հոդվածները լույս են տեսել տարբեր մշակութային հանդեսներում եւ պարբերականներում։ Նա նաեւ մի շարք գրքերի հեղինակ է։
Բուրչին Գերչեքը ծնվել է 1976 թ․, Ստամբուլում։ Մարմարայի համալսարանի Քաղաքագիտության եւ հանրային կառավարման ֆակուլտետն ավարտելուց հետո մագիստրոսական կրթությունը շարունակել է Ստրասբուրգի Ռոբերտ Շուման համալսարանի Լրագրության ֆակուլտետում։

Հետագայում աշխատել է Ֆրանսիայում լույս տեսնող տարբեր պարբերականներում։ «Նույն ջրից ենք խմել» եւ «Ստամբուլի փողոցային շները» վավերագրական ֆիլմերի ստեղծման աշխատանքներում համագործակցել է կինոբեմադրիչ Սերժ Ավետիքյանի հետ։
Բուրչին Գերչեքի «Հոսանքին հակառակ․ Հայոց ցեղասպանության ժամանակ հրամաններին ընդդիմացածները, փրկողներն ու դիմադրողները» վերնագրով գիրքը լույս է տեսել Թուրքիայում, 2016 թ․։
Բուրչին Գերչեքը ներկայում աշխատում է AFP գործակալության Անկարայի մասնաճյուղում եւ միաժամանակ դոկտորական ուսումնասիրություն է իրականացնում ԱՄՆ-ի Կլարկ համալսարանի Հոլոքոստի եւ ցեղասպանագիտության բաժնում։
Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում մտավորականները կներկայացնեն, թե ինչպես է մի թուրք հեղինակ փորձել յուրացնել արեւմտահայ գրող Ատրպետի «Տժվժիկ» ստեղծագործությունը։ Մտավորականների կարծիքով՝ այդ յուրացման փորձը կապված է Օսմանյան կայսրությունում հայերի գոյության հետքերը ջնջելու եւ Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վերացնելու մտադրության հետ։
Բանախոսներից Մազլում Վեսեքը կանդրադառնա իր ուսումնասիրությանը, որը վերաբերում է թուրք եւ հայ սոցիալիստներ Օրհան Քեմալի եւ Զավեն Բիբերյանի աքսորների պատմություններին, որոնք, ըստ նրա, շատ նմանություններ ունեն։




