
Ովքե՞ր են վարչապետի ամենահարուստ թեկնածուները, ովքեր առանձնապես բան չեն ունեցել հայտարարագրելու, կամ ի՞նչ ուշագրավ նվերներ են ստացել թեկնածուները նախորդ մեկ տարում․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ԱԺ ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերի հայտարարագրերը։ Դրանցում արտացոլված են թեկնածուների՝ 2025-ի ապրիլի 1-ից մինչև 2026-ի ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածի ֆինանսական միջոցները, գույքը, թանկարժեք իրերը և մասնաբաժինները։
Վարչապետ դառնալ ցանկացողների ամենահարուստ եռյակը գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նրան հաջորդում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը։ Երրորդ տեղում նախկին քաղաքապետ, դերասան «Նոր ուժ» կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանն է։
Այսպես, Գագիկ Ծառուկյանն ամենաշատ անշարժ և շարժական գույք հայտարարագրած թեկնածուներից է․ ունի մեկ բնակարան Երևանի կենտրոնում, մեկ առանձնատուն Կոտայքի մարզի Առինջ գյուղում, 12 հողամաս․ 8 շենք-շինություն, Հրազդան գետի ափին հանգստի գոտի։ Ծառուկյանը հայտարարագրել է նաև 19 ավտոմեքենա։ Թանկարժեք իրերի ցուցակը ևս պակաս տպավորիչ չէ․ կահույքի բազմաթիվ թանկարժեք հավաքածուներ, ոսկե ժամացույցներ, ադամանդե մատանիներ ու 300 հազար դոլարանոց վարագույր։ Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու պահին կազմել են 3,4 մլրդ դրամ, ավելի քան 26,7 մլն դոլար, 5,46 մլն եվրո և 2,33 մլն ռուբլի։
Ծառուկյանի նախընտրական խոստումներից մեկը բարեկեցության մակարդակի բարձրացումն է․
«Ներքին սպառողական զամբյուղը 75 հազար է, գոնե թոշակները պիտի ամենացածրը 75 հազար դրամ լինի, հետո դրանից հետո տարեցտարի 5-10 հազարով ավելանա»։
«Ուժեղ Հայաստանի» առաջին համար Նարեկ Կարապետյանը 2 բնակարան է հայտարարգրել, մեկը՝ Մոսկվայում, մյուսը՝ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում։ Կարապետյանը 13 հողամաս ունի, 2 թանկարժեք ավտոմեքենա։ Դրամական միջոցները կազմել են 16,5 մլն դրամ, 1,8 մլն դոլար ու 2,1 մլն եվրո։ Նրան է պատկանում «Տաշիր Արգո»-ի 100 տոկոս բաժնեմասը, «Սյունէներգաշին» -ի 98,8 տոկոսը և «Թի Թաուեր»-ի բաժնետոմսերի 50 տոկոսը։ Կարապետյանի առաջնորդած ուժի նախընտրական ծրագրի առանցքը տնտեսական բարեփոխումներն են։ Կարապետյանը նշում է, որ ընտրվելու դեպքում 300 հազար նոր աշխատատեղ կբացվի Հայաստանում։
«Հայաստանում համակարգ չկա, որ մարդը հարստանա կամ զարգանա, լավ ապրի։ «Հարուստ գյուղացի» տերմին չունենք մենք։ Դուք նկատե՞լ եք՝ երբ ասում ենք՝ գյուղացի, մենք մտածում ենք, թե մարդը ծայրը ծայրին է հասցնում։ Իսկ աշխարհում, որ շրջում ես, կան բազմաթիվ հարուստ ֆերմերներ»։

«Նոր ուժի» առաջին համար Հայկ Մարությանի կարողությունը պակաս տպավորիչ չէ։ Վերջինս հայտարարագրել է 29 անշարժ գույք, դրանց մեծ մասը՝ Չեխիայում։ Մարությանը, մասնավորապես 7 հողամաս և 5 բնակարան ունի Չեխիայում, 3 բնակարան Ավստրիայի Վիենա քաղաքում և 2 բնակարան Երևանում։
Նա թանկարժեք գույք չի հայտարարագրել։ Հայտարարգիրը ներկայացնելու պահին Մարությանի դրամական միջոցներւ կազմել են 76 միլիոն դրամ, 2 միլիոն 646 հազար չեխական կրոն, մոտ 123 հազար եվրո և 155 հազար դոլար։ Ուժի նախընտրական ծրագրում առանցքային է, այսպես ասենք, «էլիտար կոռուպցիայի դեմ պայքարի» դրույթը։
«Շատ գործարարներ ունեն առավելություններ, և մենք չենք տեսնում այն պատճառները, թե ինչու հենց այդ գործարարն առավելություն ունի։ Մենք սա կոչում ենք էլիտար կոռուպցիա, այսինքն՝ առավելություն է տրվում ինչ-որ մի գործարարի կամ օլիգարխի, հետո չգիտես ինչու, տեսնում ենք, որ այդ գործարարները վճարում են հիմնադրամների, որոնք առնչվում են ՔՊ-ին»։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետի հաջորդ հարուստ թեկանածուն է։ Նա երկու տուն է հայտարարագրել, մեկը՝ Ստեփանավան քաղաքում, մյուսը՝ Երևանում։ Քոչարյանը ավտոմեքենա կամ թանկարժեք իրեր չի հայտարարագրել։ Դրամական միջոցները՝ 15,3 մլն դրամ, 772 000 դոլար ու 14,7 մլն ռուբլի։ Ըստ հայտարարգրի՝ եկամուտների հիմնական աղբյուրներն են պարտատոմսերը, բանկային ավանդը և թոշակը։ Քոչարյանը ևս քաղաքացիների հետ շփումների ժամանակ խոսում է բարեկեցության մասին։
«Այդ հիմար օրենքը՝ գույքահարկի մասին, փոխելու ենք։ Համաներում է լինելու այս բոլոր տուգանքներին, այդ բոլոր հիմարություններին, որ մեր ժողովրդին սարքել են ուղղակի պարտքերում խրված մի ժողովուրդ։ Էլ վարորդական, էլ չգիտեմ՝ ինչ։ Իսկապես «տուգանքի մատերիալ» են դարձրել։ Եթե համեմատեք տուգանքների ծավալն իմ ժամանակների հետ․ համեմատության եզրեր չկան։ Հարյուրապատիկ անգամ աճել է ամեն ինչ։ Ոնց որ ընկել են մեր ժողովրդի հետևից»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համար Նիկոլ Փաշինյանը մեկ բնակարան է հայտարարգրել՝ Իջևանում։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Փաշինյանը բանկային հաշիվներում ունի 4 միլիոն դրամ, ինչպես նաև 700 հազար դրամ և 2700 դոլար կանխիկ գումար։ Վերջինս ավտոմեքնաներ կամ թանկարժեք իրեր չի հայտարարագրել։ Եկամտի հիմնական աղբյուր են աշխատավարձը, «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը և ռոյալթին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Նիկոլ Փաշինյանն առաջիկա հինգ տարվա համար խոստանում է արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների 50 տոկոս ավելացում: ՀՆԱ-ում ՓՄՁ-ների մասնաբաժինը նախատեսվում է հասցնել 40 տոկոսի՝ 2024 թվականի 34,3 տոկոսի համեմատ։ «Քաղաքացիական պայմանագիրը» նաև ՀՆԱ-ի տարեկան առնվազն 6 տոկոս աճ է ծրագրում։
«Այստեղ մի նրբություն կա։ Աճի կառուցվածքը ճիշտ ըմբռնելու համար կարևոր է արձանագրել հետևյալը․ ենթադրենք մենք զրոյից աճում ենք 7 %, եկանք աճեցինք 7 %, հաջորդ տարի այդ 7 %-ի հաշվարկը արդեն տեղի է ունենում 7 % այսինքն 7 %-ն է դառնում հենման կետը։ 7 %-ի վրա էլի 7 % կամ 6 %, հաջորդը արդեն 2 տարվա 7 %-ի վրա է հաշվարկվում հաջորդ 7 %-ը և այդպես շարունակ։ 2018 թ.-ից մինչև 2025 թ.-ը Հայաստանի իրական ՀՆԱ-ն աճել է 53 %-ով, այսինքն՝ մեր տնտեսությունը կիսով չափ 2018 թ.-ից ի վեր մեծացել է»։
Ամենաքիչ ֆինանսական միջոցներ ունեցող թեկնածուների մասին․ «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանի հիմնական եկամուտը ԳԱԱ-ի աշխատավարձն է՝ ամսական 256 հազար դրամ և կենսաթոշակը՝ 79 հազար դրամ։ «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի առաջին համար Գևորգ Կարապետյանը հայտարարագիրը ներկայացնելու պահին չի ունեցել դրամական միջոցներ, հայտարարագրել է տուն և ավտոմեքենա։
Համեմատաբար «համեստ» հայտարարագիր է ներկայացրել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջին համար Լևոն Զուրաբյանը։ Նա հայտարարագրել է 8 միլիոն դրամ, «եկամտի աղբյուր» տողերը լրացված չեն։ Զուրաբյանը 2 բնակարանի սեփականատեր է, ունի հողամաս և ամառանոց։
Ուշագրավ հայտարարագրերի մասին․ «Հանրապետություն» կուսակցության առաջին համար Արամ Սարգսյանը թանկարժեք 2 գույք է հայտարարագրել։ Առաջինը՝ ասեղնագործ սրբապատկեր է, արժեքի դաշտում Սարգսյանը գրել է «անգին», երկրորդ թանկարժեք գույքը գրիչների հավաքածու է՝ 100 հազար դոլար արժողությամբ։ Իսկ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության առաջին համար Արտակ Սարգսյանի կարողության մի մասը Քուվեյթի դինարով է։ Վերջինս աշխատել է այդ երկրում գրանցված ընկերությունում՝ «Artur brothers legacy» անունով։




