
Ռուսաստանի առաջնորդի Չինաստան կատարելիք այցի ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցեր՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։
«Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները կփոխանակեն մտքեր տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ», — նշել է դիվանագետը։
Պուտինը մայիսի 19-20-ը պաշտոնական այց կկատարի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Բանակցություններից հետո երկու առաջնորդները նախատեսում են ստորագրել համատեղ հայտարարություն և մի շարք երկկողմ միջկառավարական, միջգերատեսչական և այլ փաստաթղթեր։
Այցը խորհրդանշական է, քանի որ համընկնում է Ռուսաստանի և Չինաստանի միջև «Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագրի» ստորագրման 25-ամյակի և երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման 30-ամյակի հետ։
Այս հանդիպումը տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պեկին կատարած պաշտոնական այցի ավարտից անմիջապես հետո։




