
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ մայիսի 17-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության տարածքում ռազմական գործողությունների շրջանակներում գրանցվել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) զանգվածային հարձակում:
Ըստ պաշտոնական տվյալների՝ մայիսի 16-ի ժամը 22:00-ից մինչև մայիսի 17-ի առավոտյան 07:00-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են 556 ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքեր:
ԱԹՍ-ներ են խոցվել Բելգորոդի, Կուրսկի, Բրյանկի, Կալուգայի, Վորոնեժի, Օրյոլի, Տուլայի և Մոսկվայի մարզերում, ինչպես նաև Ղրիմում։
Անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Մոսկվայի մարզում զոհվել է 3 մարդ, իսկ Մոսկվայում վիրավորվել է 12 հոգի։ Տուժածների մեծ մասը վիրավորվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի անցակետի մոտ։
Մայիսի 17-ի գիշերը նաև Ռուսաստանի զինված ուժերն են հարվածներ հասցրել Ուկրաինայի մարզերին։ Տեղական իշխանությունները հաղորդել են Դնեպրի, Զապորժիեի, Սումիի և Խարկովի ուղղությամբ արձակված անօդաչուների ու հրթիռների մասին, ինչի հետևանքով կան ավերածություններ և տուժածներ։
Դնեպրոպետրովսկի մարզում գիշերային հարձակման հետևանքով 3 մարդ վիրավորվել է։ Ավերվել և վնասվել են մի շարք մասնավոր տներ, հրդեհներ են բռնկվել։
Խարկովում, տեղական ռազմական վարչակազմի տվյալներով՝ քաղաքը շարունակաբար գտնվել է հարվածների թիրախում։ Մասնավորապես, անօդաչուի հարվածի հետևանքով այրվել է ավտոմեքենա, վնասվել են բազմաբնակարան շենքերի պատուհաններ։
Սումիի տարածքում նույնպես գրանցվել են հարվածային ԱԹՍ-ներ, որոնց ուղղությամբ աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը։




