Միջազգային

Թրամփը լքել է Պեկինը առանց շոշափելի արդյունքների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավարտել է իր երկօրյա այցը Չինաստան՝ առանց առևտրային հարաբերություններում կամ Իրանի հարցում ակնկալվող շոշափելի արդյունքների, սակայն Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հասցեին հնչեցնելով ջերմ գնահատականներ։

Թրամփի այցը, որը նրա առաջին այցն էր Պեկին 2017 թվականից հետո, ուղեկցվել է շքեղ ընդունելությամբ և բարձր մակարդակի բանակցություններով, սակայն առանց կոնկրետ բեկումների։

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին հայտարարել է, որ Սի Ցզինպինն աշնանը կայցելի ԱՄՆ՝ Թրամփի հրավերով։

Բանակցությունների ընթացքում Սին խիստ զգուշացրել է Թրամփին Թայվանի հարցում՝ ընդգծելով, որ սխալ քայլերը կարող են հանգեցնել հակամարտության։ Վերադարձի ճանապարհին լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ լսել է Սիի դիրքորոշումը Թայվանի անկախության վերաբերյալ, սակայն որևէ պարտավորություն չի ստանձնել։

Չնայած Թրամփի ակնկալիքներին՝ այցը չբերեց խոշոր տնտեսական ձեռքբերումների։ Boeing-ի հնարավոր գործարքը նույնպես շուկաներում զգալի արձագանք չառաջացրեց։

Սի Ցզինպինը շեշտել է Վաշինգտոնի հետ երկարաժամկետ կայուն հարաբերությունների կարևորությունը՝ ներկայացնելով «կառուցողական ռազմավարական կայունություն» նոր ձևակերպումը։

Իրանի հարցում ևս Պեկինը որևէ կոնկրետ պարտավորություն չի ստանձնել։ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ աջակցում է խաղաղ կարգավորմանը, սակայն ընդգծել, որ հակամարտությունը չպետք է ընդհանրապես սկսվեր։ Փորձագետների գնահատմամբ՝ Թրամփը Պեկինից հեռանում է առանց այն աջակցության, որի հույսն ուներ Իրանի ուղղությամբ։

Կարդացեք նաև

Back to top button