Ընտրություններ 2026Ռեպորտաժներ

Հրաժարվել վատի և վատագույնի միջև ընտրությունից․ «Ժողովրդավարական համախմբում»-ը հավակնում է այլընտրանքային ուժ դառնալուն

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը շարունակում է նախընտրական քարոզարշավը՝ ներկայանալով որպես այլընտրանք՝ գործող իշխանության  և ընդդիմությանը։ Կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանն ու թիմակիցները քարոզարշավի առաջին օրերից շեշտադրում են անվտանգային, պետականաշինական և կառավարման արդյունավետության թեմաները՝ հայտարարելով, որ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է ձևավորել քաղաքական նոր օրակարգ։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը տվել է Տավուշի մարզից։ Վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանն այդ ընտրությունը խորհրդանշական է համարում.  այստեղ են ձևավորվել Պետրոսյանի՝ քաղաքական դաշտն առողջացնելու նպատակները։ Հանդիպումներում թեկնածուն ընդգծում է սահմանամերձ բնակավայրերի, անվտանգության և պետականության պահպանման հարցերի կարևորությունը։ 

Քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքը թեկնածուն հաջող է համարում․

«Ամենաուրախալի փաստը նա է  մինչև օրս, որ երևի թե 1 հոգի անգամ չենք հանդիպել  ընտրարշավի ընթացքում, որը կասի, որ մենք չենք գնալու ընտրության։ Մենք որևիցե պլանավորված հանդիպում՝ բացառությամբ մի դեպքի, որևիցե պլանավորված հանդիպում չենք արել։ Մենք ուղղակի գնում ենք տարբեր համայնքներ ու շրջում ենք բակերում, մարդաշատ վայրերում, և պատահական անցորդների մասին է խոսքը»։  

«Ժողովրդավարական համախմբում»-ը կարևորում է մարզերում քաղաքական ակտիվության բարձրացումը։ Կուսակցության ներկայացուցիչները կարծում են, որ Հայաստանի քաղաքական կյանքը չի կարող սահմանափակվել միայն Երևանով, և որոշումների ընդունման հարցում պետք է մեծանա մարզերի մասնակցությունը․

«Դա արդեն էական փոփոխություն և էական առաջընթաց է, երբ մարդը ունի այդ գիտակցումը, որ իր ձայնից կախված է շատ բան, և իր քաղաքացիական պարտքը ինքը գնում է իրացնելու։ Սա կարևոր փոփոխություն է, որը ես չի ասի կար մի քանի տարի առաջ։ Այսօր այդ փոփոխությունը էականորեն է։ Այսինքն՝ յուրատեսակ առումով տեղաշարժ  է տեղի ունենում հանրային գիտակցության մեջ»։

Քարոզարշավին կուսակցությունը շեշտադրում է նաև պետական ինստիտուտների արդյունավետ աշխատանքի, հանրային վստահության վերականգնման և քաղաքական մասնակցության բարձրացման հարցերը։ Ըստ կուսակցության ներկայացուցիչների՝ Հայաստանում անհրաժեշտ է ձևավորել այնպիսի համակարգ, որում քաղաքացին իրեն ոչ թե դիտորդ, այլ որոշումների ընդունման մասնակից կզգա։

Կուսակցության ներկայացուցիչներից Հասմիկ Գաբրիելյանն այդ առումով փոփոխություններ է արձանագրում․ «Բավականին լուսավոր ժպիտներ են մարդկանց աչքերում ու դեմքին հայտնվում, երբ տեսնում են երիտասարդ ներկայացուցիչներ։ Ի միջիայլոց  նշեմ նաև՝ չնայած երիտասարդությանը, մեր թիմում, առաջին տասնյակում, քսանյակում ներառված մարդիկ բոլորը իրենց ոլորտներում կայացած, փորձառություն ունեցող մարդիկ ու մասնագետներ են»։

Սուրեն Պետրոսյանն ու նրա թիմակիցները նախընտրական հանդիպումների ժամանակ անդրադառնում են նաև արտաքին քաղաքականության և անվտանգության մարտահրավերներին՝ շեշտելով, որ Հայաստանի համար առաջնային պետք է լինի պետականության ամրապնդումը և ինքնիշխանության պահպանումը։

Սուրեն Պետրոսյանը հուշում է, թե ինչով պետք է կողմնորոշվեն ընտրողները․ «Մարդը, որ եկավ, ասեց՝ գնալու ենք Ռուսաստան՝ փրկվենք, գնալու ենք Եվրոպա՝ փրկվենք, հենց այդպիսի բառ ասեց, իմացի՝ սուտ է ասում»։    

Կուսակցությունը հայտարարում է, որ առանց ներքին համախմբման և կառավարման համակարգի փոփոխության հնարավոր չի լինի արդյունավետորեն արձագանքել արտաքին վտանգներին։ Կուսակցության՝ վարչապետի թեկնածուի խոսքով՝ առողջ արտաքին քաղաքականության հիմքում նախ պետք է լինի ներքին առողջացումը․

«Մենք մի կործանարար միֆ և պատրանք ունենք, որից եթե չձերբազատվենք, մենք միշտ մնալու ենք այն իրավիճակում, որում եղել ենք այսքան տարիներ։Դա հպատակային քաղաքականության և հպատակային մտածողության ձերբազատումներ։ Բոլորը բացառապես կարողացել են գտնել ճանապարհներ և լուծումներ միայն այն պարագայում, երբ կարողացել են հաղթահարել քաղաքական մանկամտությունը»։

«Ժողովրդավարական համախմբման» առաջնորդը բացատրում է նաև, թե ինչպիսի պետության կողմնակից է քաղաքական ուժը և ինչ քայլերով է պատկերացնում դրա կայացումը․

«Մեր նպատակը հայկական պետության ձևավորումն է, որի հիմքում ընկած կլինի համահայկականությունը։ Այդ ճանապարհին առաջին քայլը անհրաժեշտ, բայց ոչ բավարար, ընդդիմափոխությունն է, այսինքն՝ այլընտրանքի ձևավորումը, որին պետք է հաջորդի իշխանափոխությունը, որից հետո արդեն նոր սկիզբը կդրվի հայկական պետության ձևավորման»։   

Սուրեն Պետրոսյանի գնահատմամբ՝ քաղաքական փոփոխությունը չի կարող սահմանափակվել միայն քաղաքական դաշտում նոր դեմքերի ի հայտ գալով։ Նրա խոսքով՝ առկա մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է վերանայել քաղաքական մտածողության ամբողջ համակարգը՝ ռազմավարական մոտեցումներից մինչև արժեքային հիմքեր։ Քարոզարշավի ընթացքում հասկացել են նաև, որ մարդիկ հոգնել են քննադատական օրակարգից։  

Իրենց օրակարգը սեփական ծրագրերը մարդկանց հասցնելն է՝ փորձելով ձևավորել նոր որակի քաղաքական այլընտրանք։ Սուրեն Պետրոսյանը  ընտրողներին կոչ է անում հրաժարվելու «վատի ու վատագույնի միջև ընտրություն» կատարելու տրամաբանությունից՝ քվեարկելով 14-րդ համարով հանդես եկող «Ժողովրդավարական համախմբման» օգտին։

Back to top button