
«Եվրատեսիլ 2026»-ի 70-րդ հոբելյանական մրցույթում Հայաստանի պատվիրակ SIMÓN-ը հանդես եկավ իր «Paloma Rumba» երգով։
«Paloma Rumba»-ն խեղդող առօրյայի միօրինակությունը մերժելու և հարմարավետության գոտուց դուրս գալով` ինքդ քեզ և երազանքդ ընտրելու մասին համարձակ երգ է։ Վերնագիրը բառացի թարգմանվում է իբրև «Աղավնու ռումբա» (կամ «Աղավնու պար»), որը խորհրդանշում է ազատության թռիչքը, որով աղավնին ճախրում է երկար ժամանակ վանդակում մնալուց հետո։ Հումորի, յուրօրինակության և պայթյունային էներգիայի լեզվով երգը պատմում է մի տղայի մասին, որը հրաժեշտ է տալիս իր գրասենյակային կյանքին և ընտրում իր տարերքն ու սեփական ես-ին ու երազանքներին հավատարիմ լինելը։ Իր խորքում «Paloma Rumba»-ն նշանավորում է այն պահը, երբ հրաժեշտ ես տալիս այն կյանքին, որը հետ է պահում սրտի ռիթմին համընթաց քայլելուց։
Երգի երաժշտությունը գրել է Լիլիթ Նավասարդյանը, ով հայտնի է Եվրատեսիլի երկրպագուներին մի շարք եվրատեսիլյան երգերով, այդ թվում՝ “Love Wave” (Իվետա Մուկուչյան, Եվրատեսիլ 2016), “Not Alone” (Արամ MP3, Եվրատեսիլ 2014)։ Նա նաև հեղինակն է Ալբերտի “Brave Heart” երգի, որը ներակայացրեց Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում։
«Paloma Rumba»-յի խոսքերի համահեղինակը Ռոզա Լինն է` Դավիթ Ծերունյանի և Էվա Ոսկանյանի հետ համատեղ։ Ռոզա Լիննի «Snap»-ը դարձել է համաշխարհային հիթ` միևնույն ժամանակ դառնալով Եվրատեսիլի պատմության մեջ ամենաշատ լսված երգերից մեկը։




