
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր ազդակներ են հնչում։ Ուղիղ եթերում պատահաբար լսված մի նախադասություն մի քանի ժամ անց վերածվեց պաշտոնական հայտարարությունների ու նոր քննարկումների առիթ տվեց։ Թուրքիան փոխում է Հայաստանի հետ առևտրին վերաբերող կարգավորումները, իսկ Երևանն ու Անկարան դա ներկայացնում են որպես հարաբերությունների կարգավորման հերթական քայլ։ Թե ինչի՛ մասին էր Նիկոլ Փաշինյանի ականջին Արարատ Միրզոյանի շշուկը, և ի՛նչ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ։
ՔՊ կուսակցության մայիսի 12-ի քարոզարշավային հանդիպումներից մեկի ժամանակ ուշագրավ մի դրվագ էր հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մոտեցել էր քարոզարշավ անցկացնող Նիկոլ Փաշինյանին և ականջին շշնջացել. «Թուրքերն էսօր բացում են, մի հատ welcoming տեքստ անենք»։ Քանի որ վարչապետի հագուստի միկրոֆոնը միացած էր, նախարարի խոսքերը լսվել էին նաև ուղիղ եթերում։
«…. Թուրքերը էսօր բացում են… մի հատ welcoming տեքստ անենք։…. Բայց շուտ»։
Դրվագը սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում արագ տարածվեց՝ առաջացնելով հարցեր, թե կոնկրետ ի՛նչն են բացում թուրքերը։ Լրագրողներն ավելի ուշ այդ մասին հարցրին Արարատ Միրզոյանին, սակայն նա փակագծերն ամբողջությամբ չբացեց․
«Ինչ լինում է, հանրայնորեն ասում ենք։ Եթե մի բան դեռ հանրայնացման կարիք չունի, քննարկման փուլում է, ասենք, որ ի՛նչ լինի»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՛ք խոսքը հայ-թուրքական սահմանի մասին է։ Միրզոյանը բացասական պատասխան տվեց, սակայն ակնարկեց, որ այդ գործընթացը դրական ուղղությամբ է շարժվում։
«Չէ՛, չէ՛, բայց դա էլ է մի օր լինելու, վստահ եմ։ Այս անգամ խոսքը մի փոքր այլ բանի մասին էր։ Հենց բացահայտելու պահը գա, հանրայնորեն կասեմ։ Լավ բաների մասին է խոսքը։ Եվ այսուհետև միայն լավ բաներ են լինելու»։
Հաջորդիվ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն էր պարզաբանել, թե ի՛նչ էր փոխանցել իրեն ԱԳ նախարարը։ Շենգավիթում լրագրողների հետ զրույցում Փաշինյանը բացահայտեց, թե ի՛նչ են նշանակել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ «թուրքերը էսօր բացում են» խոսքերը։ Պարզվեց, որ Թուրքիան փոխում է Հայաստանի հետ առևտրին վերաբերող կարգավորումները և Թուրքիայից Հայաստան ապրանք արտահանելիս այսուհետև որպես առաքման երկիր նշվելու է Հայաստանը․
«Նախկինում Թուրքիայի օրենսդրությամբ՝ իրենց կարգավորումներով, Հայաստանը երկրների ցանկում չկար։ Գիտեք, որ Հայաստանում բազմաթիվ թուրքական արտադրության ապրանքներ կան։ Այսինքն՝ Թուրքիայից Հայաստան եկող ապրանքները երրորդ երկրում էին ձևակերպվում, որից հետո միայն բերվում Հայաստան։ Հիմա Թուրքիայի օրենսդրության մեջ այս խնդիրը կարգավորող լրացում է կատարվում և Հայաստանն ավելացվում է առաքման երկրների ցանկում»։
Փաստացիորեն, խոսքը վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի ձևակերպումների օրինականացմանը։ Թեմային պաշտոնապես արձագանքեց նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Հայաստանի հետ երկկողմ առևտրի թուրքական արգելքների վերացմանը՝ ընդգծելով, որ դա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Խոսնակն այդ մասին գրել է սոցիալական ցանցում։ Գրառման մեջ նշվում է.
«Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է։ Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից»։
Հայկական կողմը նաև ընդգծել է, որ գործընթացը կարող է շարունակվել արդեն Հայաստան-Թուրքիա սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ։
Մինչև այդ՝ Անկարան ևս հայտարարել էր, որ Հայաստանի հետ ուղիղ առևտրի մեկնարկի համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են բոլոր բյուրոկրատական ընթացակարգերը։
«Այնուամենայնիվ, երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացման տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքները շարունակվում են։ Նոր կանոնակարգերի համաձայն՝ Թուրքիայից Հայաստան երրորդ երկրների միջոցով ապրանքներն այժմ կարող են որպես վերջնական նպատակակետ կամ ծագման երկիր նշել Հայաստանը կամ Թուրքիան»։
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջու Քեչելին ևս սոցցանցում գրել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստություններն ավարտված են, իսկ սահմանի բացման տեխնիկական աշխատանքները շարունակվում են․
«2022 թվականից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շարունակվող գործընթացի համատեքստում ընդունված վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում մեր երկրի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստություններն ավարտվել են 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ։ Երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացման համար անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքները շարունակվում են»։
Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը ևս հայտարարել է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացում կարևոր առաջընթաց է արձանագրվել։ Սոցցանցում նա նշել է, որ ուղիղ առևտրին ուղղված այդ քայլը միտված է տարածաշրջանում կայուն խաղաղության և գործակցության ամրապնդմանը։
«Ցանկանում եմ, որ սա հաջող լինի նախ երկու երկրների բնակիչների, ապա և մեր տարածաշրջանի բոլոր գործարարների և ժողովուրդների համար»։
Տնտեսագետների գնահատմամբ՝ նույնիսկ փակ սահմանի պայմաններում ձևավորված առևտրային հարաբերությունները ցույց են տալիս, որ տնտեսական կապերն արդեն գոյություն ունեն, իսկ սահմանային ու մաքսային ընթացակարգերի պարզացումը կարող է էապես փոխել ներկրման և տարանցման մեխանիզմները։ Մասնավորապես, ապրանքների արտահանման ու ներմուծման միջնորդավճարները կվերանան, ինչը կնպաստի ապրանքների էժանացմանը։ Բայց նաև կան որոշակի ռիսկեր․ տեղական արտադրողները կարող են դուրս մղվել շուկայից։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում տնտեսագետ Հասմիկ Հովհաննիսյանն այդ հարցն այսպես ամփոփեց.
«Ցանկացած փոփոխություն ունենում է և՛ դրական կողմեր, և՛ բացասական կողմեր. իր հետ բերում է դրական և բացասական հետևանքներ։ Բնականաբար, պետք է բաժանել՝դա կարճաժամկետ և երկարաժամկետ ազդեցությունների, և այս պարագայում կարճաժամկետ հատվածում Հայաստանի տնտեսությունը ունի բավական շատ դրական օգուտներ, բայց եթե երկարաժամկետ հատվածում ենք այդ հարցը դիտարկում, ապա՝ եթե չլինի հստակ պետական քաղաքականությունուն, որը կաջակցի տեղական արտադրողներին, մենք կունենանք բավական բացասական լուրջ հետևանքներ մեր տնտեսության վրա»։
Թեև Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը դեռ փակ է, վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը պահպանվել է։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հրապարակած տվյալներով՝ 2024 թվականին Թուրքիայից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի, կազմել է շուրջ 336 մլն դոլար, մինչդեռ Հայաստանից Թուրքիա արտահանումը չի գերազանցել կես միլիոն դոլարը։ 2023 թվականին ներմուծման ծավալը կազմել էր ավելի քան 337 միլիոն դոլար։




