ԿարևորՀասարակություն

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մրցույթի հաղթողները պարգևատրվել են Արուճ եկեղեցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մանկապատանեկան ստեղծագործական մրցույթի մասնակից դպրոցականների հետ այցելել են Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի, հայտնում են ԿԳՄՍՆ–ից։

Այցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Հյուրերը շրջել են Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում և հարակից տարածքում, ծանոթացել հուշարձանի պատմությանը:

Միջոցառման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը պատվոգրեր են հանձնել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթում հաղթող 9 թիմերին:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է աշակերտներին և շնորհակալություն հայտնել մասնակցության և հուշարձանների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար:

Նախարարը հույս է հայտնել, որ օրվա միջոցառումը կոգևորի աշակերտներին բացահայտել Հայաստանը և ճանաչել մշակութային ժառանգությունը՝ պատմամշակութային հուշարձանները:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ամեն տարի Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում իրականացվում է Հոգևոր երաժշտության փառատոն՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգ:

«Հուսով եմ՝ դուք ևս կմասնակցեք առաջիկա համերգին, որովհետև երբ եկեղեցում հնչում է հոգևոր երաժշտություն, դրա վեհությունն ու շքեղությունն ամբողջովին նորովի են բացահայտվում»,- դիմելով աշակերտներին՝ ասել է Ժաննա Անդրեասյանը։

Այնուհետև ԿԳՄՍ նախարարը, ԵՄ դեսպանն ու դպրոցականները քայլարշավ են իրականացրել դեպի Արուճի միջնադարյան ամրոց:

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի ազգային  փուլում հաղթող ճանաչված Աբովյան քաղաքը ներկայացնող «Լուսերուն» (լույսի սերունդ) թիմը հաղթանակ է գրանցել նաև համաեվրոպական փուլում։  Հաղթող թիմը մեկնել էր նաև Ստրասբուրգ, որտեղից օրերս է վերադարձել։ «Լուսերունը» ներկայացրել էր Գառնիի տաճարի վերաբերյալ ինտերակտիվ կրթական խաղ-վիկտորինա։

ARC-HE-TOUR-DEV ծրագրի շրջանակում Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ մշակվել է Արուճի միջնադարյան ամրոցի վերականգնման և թանգարանացման նախագիծը՝ պահպանելով մեթոդաբանական խստությունը և հուշարձանի պատմական ամբողջականությունը։ Նախագծով նախատեսվում է այցելուների երթուղիներ, հանգստի գոտիներ, մուտքային հատվածներ և մեկնաբանման գործիքներ՝ ապահովելով հուշարձանային համալիրի համահունչ ու հասկանալի ներկայացումը։

Կարդացեք նաև

Back to top button