
Ո՞ր ուղղությամբ պետք է շարժվի Հայաստանը, ի՞նչ պետք է անի իշխանությունը հունիսի 7-ից հետո, և ի՞նչ են մտածում վարչապետի թեկնածուների մասին ընտրողները։ Նախընտրական մրցավազքի 5-րդ օրը քաղաքական ուժերի մի մասը շարունակել է ընտրողների հետ շփումները մայրաքաղաքի և մարզերի փողոցներում, մյուս մասը դեռ տներ ու բակեր չի հասել, բայց ասելիքը փոխանցել է սոցիալական ցանցերի միջոցով։
«Հայաստանի շնորհապետական կուսակցություն»
Հայաստանի հաջորդ վարչապետը դառնալու համար պայքարողներից Գուրգեն Սիմոնյանն առաջարկում է անցնել շնորհապետության կամ մերիտոկրատիայի։ Սա կառավարման ձև է, որի հիմքում մարդկանց արժանիքներն են՝ գիտելիքը, ունակությունը, ձեռքբերումը, և ոչ թե ծագումը, կապերը կամ կուսակցական պատկանելիությունը։
Քաղաքական ուժը, որ հենց այդպես է կոչվում՝ Հայաստանի շնորհապետական կուսակցություն, պաշտոնապես գրանցվել է 2024-ին։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններն այս ուժի, այսպես ասենք, քաղաքական առաջին փորձությունն են։ Վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը քարոզարշավը սկսել է Գյումրիից, ապա հասել մայրաքաղաք։
«Ունենք գլխավոր նպատակ՝ ազատագրենք Հայաստանի Հանրապետությունը անպիտան ռազմաքաղաքական դաշինքներից, տնտեսական դաշինքներից և ինտեգրացիոն կառույցներից։ Հայաստանի Հանրապետությունը պետք է որդեգրի իրատեսական և պրագմատիկ քաղաքականություն, ես կարծում եմ, որ մենք պետք է փորձենք ռազմավարական աստիճանի հասցնել Եվրամիության հետ մեր հարաբերությունները, Եվրամիության պետությունների հետ մեր հարաբերությունները և Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները։ Թուրքիայի հետ աշխատելու ենք, որ բարիդրացիական հարաբերություններ ձևավորվի, բայց մենք ականջալուր և նախանձախնդիր կերպով հետևելու ենք, որպեսզի Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման հարցը առաջ տանենք, և դա հնարավոր է, ես հավատում եմ դրան»
Շնորհապետական կուսակցությունն առավելապես արևմտյան գերտերությունների հետ է կապում Հայաստանի քաղաքական ու տնտեսական ապագան։ Կարծում են, որ եվրաինտեգրման ուղղությամբ դեռ շատ անելիք կա։
Կուսակցության նախընտրական հիմնական շեշտադրումներից են շնորհապետության (մերիտոկրատիայի) գաղափարի առաջխաղացումը, պրոֆեսիոնալ կարողությունների վրա հիմնված կառավարման համակարգի ձևավորումը, կոռուպցիայի և կուսակցական նշանակումների նվազեցումը, ինչպես նաև կրթության և տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«16․․․16․․․ չիմացա թե ինչպես գլորվեց»
Շենգավիթցիները Թաթա Սիմոնյանի հայտնի երգով ոչ թե որևէ մեկի տարեդարձն են շնորհավորում, այլ լսում, որ քվեաթերթիկում «Քաղաքացիական պայմանագիր»-ը 16-րդ համարն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բակ առ բակ բաժանում է Հայաստանի քարտեզի մակետն ու կուսակցության թռուցիկը։
«-Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Քարտեզ ունե՞ք։
-Չէ։
-Բա չբարձրացրե՞նք ձեզ համար քարտեզ։ Ո՞ր հարկն է ձեր հարկը։
-9-րդ հարկը։
-Աշխատո՞ւմ է վերելակը։ Իսկ պադիեզդի դուռը բա՞ց է։
-9-րդ հարկ, եկանք։ Բոլորով վերելակի մեջ դժվար տեղավորվենք»։
9-րդ հարկ բարձրանալիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատմում է, թե քանի վերելակ են վերանորոգել․
«Մենք 2560 վերելակ այս տարվա սկզբին արդեն իսկ փոխարինել էինք, և մեզ մնացել էր 1822-ը, այս տարի ևս 500-ն ենք փոխարում, որը նշանակում է մեզ մնալու է 1322-ը Երևան քաղաքում»։
Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիների հետ շփումները վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտում է քաղաքական ելույթով․
«-Բոլոր բարդ խուճուճ, մաֆիա, պատերազմի կուսակցություն, խաղաղություն, ապագա, մենք էս բոլորը ձեր խնդիրը հեշտացրել ենք, սենց փաթեթավորել ենք, բերել ենք հանգեցրել մի գործողության, ո՞րն է էդ մի գործողությունը։ Էդ մի գործողությունը հետևյալն է` ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։
-16-ին։
-Ընտրությունները 2026-ին քվեարկում ենք
-16-ին»։
«Ուժեղ Հայաստան» դաշինք
Ուշագրավ է, որ Շենգավիթում միաժամանակ քարոզարշավ էր իրականացնում նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքը․
«Սիրելի հայրենակիցներ, մայիսի 14 –ին ժամը 19։ 00-ին, «Ուժեղ Հայաստան» դաշինքը հրավիրում է հանրահավաք-հանդիպում, Գարեգին Նժդեհի հրապարակում։ Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը կներկայացնի՝ ուժեղ Հայաստան, երաշխավորված անվտանգություն, երաշխավորված տնտեսական դաշտի քաղաքականությունը։ Մենք ունենալու ենք ուժեղ փոփոխություններ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։ Փոփոխության համար համարն է 3»
Դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը դեռ մայրաքաղաքում չէ, նա Տավուշի մարզում է քարոզարշավ իրականցնում։ Թեև վերջինս ուղիղ եթերում չի շփվում քաղաքացիների հետ, սոցիալական ցանցերում կարճ տեսանյութերով պատմում է, թե ինչ տպավորություններ ունեն ընտրողները։
«Ես, որ այցելում եմ համայնքներ, մարդկանց մոտ կարծիք կա, որ մենք, ես Ռուսաստան եմ ապրել կամ այլ երկրներ եմ ապրել, ես ծնվել, մեծացել եմ Տաշիրում, հետո տեղափոխվել եմ Երևան, Հայաստանից դուրս միայն ուսման ժամանակ, Շվեյցարիայում և Անգլիայում սովորելու ժամանակ եմ եղել»։
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն
Հայ Ազգային Կոնգրեսը նախընտրական քարոզչության այլ տարբերակ է ընտրել։ Վերջինիս վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը քաղաքացիների հետ կենդանի շփումների փոխարեն սոցիալական ցանցերով է փոխանցում գլխավոր ասելիքը։
«Մեր ծրագրի գլխավոր ուղղությունը պետք է լինի երիտասարդությունը։ Ինչո՞ւ․ որովհետև եթե մենք ցանկանում ենք փոխել Հայաստանի տեսլականը դեպի այն իդեալը, որ մենք ուզում ենք ներկայացնենք, մենք առաջին հերթին պետք է աշխատենք մեր ապագայի հետ։ Ապագան կերտելու բանալին ապագայի հետ աշխատելն է, և մեր ծրագրի գլխավոր ուղղությունը ապագան է։ Դա շեշտվում է, և մեր թիրախային լսարաններով դա շեշտվում է նաև էն տեխնոլոգիական հեղափոխության նախագծով, որը մենք ներկայացնում ենք մեր ծրագրում»։
Զուրաբյանի խոսքով՝ քաղաքական բոլոր ուժերը Հայաստանին միշտ խոստումներ են տվել, փայլուն հեռանկարներ առաջարկել, բայց դրանցից ոչ մեկն իրականություն չի դարձել։ Նա հատկապես ուշադրություն է հրավիրում անվտանգության և ապաշրջափակման վրա։
« ԹՐԻՓՓ նախագիծը չի կարող ապահովել խաղաղություն, որովհետև դրա գլխավոր նպատակն էր Ռուսաստանի դուրս մղումը Հարավային Կովկասից և Իրանի մեկուսացումը։ Այն նաև անտեսում էր Հնդկաստանի և Չինաստանի շահերը։ Այսպիսով, այս ծրագրի միակողմանի իրագործումը ստեղծում է աշխարհաքաղաքական լարվածություն, որն ամեն րոպե կարող է պայթեցնել խաղաղությունը»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն օրը սկսել էին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության շենքի մոտ․
«Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ, մեր երկրում մի մեծ ռեֆորմ եղավ։ Էլեկտրոնային համակարգով արգելանքներ են դրվում մեր բոլորի բանկային հաշիվների վրա։ Սակայն, երբ դուք վճարում եք, կամ, օրինակ, կարող է վճարել եք, բայց երկրորդ անգամ եք տուգանվել նույն վճարած տուգանքի համար, հետագայում, որպեսզի դուք դրա հետևից գնաք, և ասեք՝ ես արդեն վճարել էի, դուք սխալ եք, նորից բռնագանձել եք ինձանից գումարը, գումարը հետ տվեք, այդտեղ էլեկտրոնային համակարգ չկա, այդտեղ քաղաքացին գալիս է այս շենք ու անցնում նվաստացման պրոցեսներով»։
Տարածքում էր նաև արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Վերջինս մոտեցավ Մարուքյանին, հրավիրեց ներս՝ միասին նշելու հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարեդարձը․
« -Համակարգը անխափան աշխատում է։
-Չի աշխատում։ Ժողովուրդը շատ է տուժում։ Տիկին նախարար, այցելե՞լ եք ձեր կայք, ինչքա՞ն, ինչքա՞ն գույք եք վաճառում ժողովրդի գույքերից, ինչքա՞ն տուն, ինչքա՞ն խալի, ինչքա՞ն տելեվիզեր։
-Բայց հակադարձելով Ձեր ասածին․․․։
— Մենք լուծարելու ենք, տիկին, այլ համակարգ ենք ներդնելու։
-Ինչպե՞ս։
-Հիշո՞ւմ եք Սահակաշվիլին, որ եկավ, 1 օրում պարեկային ծառայությունը լուծարեց»։
Մարուքյանն այդպես էլ չընդունեց Գալյանի հրավերը։ Նրա հեռանալուց հետո զրույցն անվանեց տխուր և այսօրվա իրականության մասին։




