
Գյումրիում մեծ շուքով ու հանդիսավորությամբ նշել են Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-րդ տարեդարձը։ Օրվա առթիվ միջոցառումների շարքը կազմակերպվել է Գյումրու քաղաքապետարանի և քաղաքում տեղակայված ռուսական ստորաբաժանումների համատեղ ջանքերով, հայտնում են Գյումրիի քաղաքապետարանից։

Տոնական օրվա մեկնարկը տրվել է Գյումրու թիվ 2 գերեզմանատանը, որտեղ պատվիրակությունները ծաղիկներ են խոնարհել եղբայրական գերեզմանին։ Ռուսական 102-րդ ռազմաբազայի հոգևոր սպասավոր հայր Տիմոֆեյը կատարել է հոգեհանգստի կարգ՝ աղոթք բարձրացնելով նահատակների հոգիների խաղաղության համար։

Միջոցառման մասնակիցները եղել են «Պատվո բլուր» զինվորական գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված են 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ Կարսի և Ալեքսանդրապոլի մատույցներում զոհված ռուս սպաները։

Անցկացվել է նաև «Անմահ գնդի» ամենամյա երթը, որը մեկնարկել է 8-րդ զինվորական թաղամասից։ Հարյուրավոր քաղաքացիներ՝ իրենց պապերի ու հարազատների լուսանկարներով, անցել են քաղաքի փողոցներով՝ խորհրդանշելով սերունդների անխզելի կապը։




