
Մայիսի 8-ին Վենետիկի բիենալեի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությունը, հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Գեղամ Ադամյանը, Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սուրուխանյանը, ինչպես նաև ցուցահանդեսի գլխավոր համադրող Թոնի Շաֆրազին, արվեստագետ Զատիկ Զատիկյանը և բազմաթիվ հյուրեր։
Փոխնախարար Դ.Դանիելյանի ելույթին հաջորդել է նաև ՀՀ դեսպանության խորհրդական Գ.Ադամյանի խոսքը, ով դեսպանության անունից ողջունել է ներկաներին և ընդգծել, որ մշակույթը դարեր շարունակ միավորել է մարդկանց՝ հանդիսանալով երկխոսության և փոխըմբռնման կարևոր կամուրջ։
Նա շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և հրավիրել այցելուներին ծանոթանալու հայ արվեստագետների ստեղծագործություններին, որտեղ ներդաշնակորեն միահյուսված են հայկական ավանդույթներն ու ժամանակակից արվեստի նորարարական մոտեցումները։
Այնուհետև խոսքով հանդես են եկել ցուցահանդեսի գլխավոր համադրող Թ.Շաֆրազին և արվեստագետ Զ.Զատիկյանը։




