
Ռեֆորմիստների կուսակցությունը քարոզարշավի մեկնակը տվել է ասուլիսով, որի ավարտից հետո այս ուժի ներկայացուցիչները քայլերթ են անցկացրել Կենտրոն վարչական շրջանում։ Նախընտրական ցուցակում 83 անձ կա։ Վարչապետի թեկնածուն պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է։ Ցուցակում չկան մեծահարուստներ, հարուստ գործարարներ՝ որպես իրենց առավելություն ներկայացրել է կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, հստակեցրել՝ տարբեր շերտերի մարդիկ են, նաև՝ անկուսակցական համակիրներ ու տարբեր ոլորտների մասնագետներ։ Գնում ենք ԱԺ՝ պաշտպանելու հասարակ մարդկանց իրավունքներն ու շահերը՝ շեշտել է Բաբայանը։
Այսօր քաղաքական բանավեճի հիմնական թեման «խաղաղությունն ու պատերազմ»-ն են՝ կարծում են Ռեֆորմիստների կուսակցությունում, ուստի և՝ ընտրություններին մասնակցում «Անվտանգություն և զարգացում» կարգախոսով։ Մեծ փոփոխություններ են նախատեսում՝ անվտանգության նոր հայեցակարգից մինչև կրթության ու առողջապահության ոլորտներ։ Ծրագրային առանցքային կետերից առաջինը հենց անվտանգությունն է։ Փոփոխվող աշխարհում, երբ երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված կարգը լիարժեք չի գործում, դա առաջնահերթ խնդիր է՝ ասում է Ռեֆորմիստների վարչապետի թեկնածու, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Հիշեցնում է՝ այս մասին խոսում է դեռ 2006 թ.-ից, մինչդեռ այդ առումով պետությունը միշտ է բացթողում ունեցել։ Երկրի անվտանգության առաջին հայեցակարգն ընդունվել է 2007-ին ու այս ընթացքում չի փոխվել։ Մինչդեռ Ազգային սա այն փաստաթուղթն է, որը պետք է համապատասխանեցվի ստեղծված իրավիճակին, պետության շահերին ու առկա սպառալիքներին։
«Մենք համարում ենք համար մեկ խնդիրը՝ մշակել այս հայեցակարգը, որը կհամապատասխանի ստեղծված իրավիճակին և կպատասխանի բոլոր հարցերին, ինչ որ մենք ունենք այսօր։ Հիմա, երբ չկա այդպիսի կոնցեպտուալ փաստաթուղթ՝ հայեցակարգային, որոշումները ո՞նց են ընդունվում. ամեն մեկը կամ մի նախարարություն իր գնահատականի հիման վրա ընդունում են որոշումներ։ Սա ինստիտուցիոնալ չէ։ Սա անձերի որոշումներ է։ Պիտի լինի հայեցակարգ, որը գնահատում է իրավիճակը օբյեկտիվ։ Սա է պատճառը, որ մենք առաջնահերթ այս հարցն ենք դնում և ուզում ենք, որ դա լինի համապատասխան ստեղծված իրավիճակի»։
Կուսակցության նախագահ Վահան Բաբայանն ասում է՝ կարգախոսն ընտրել են՝ համոզված լինելով, որ ո՛չ խաղաղությունը, ո՛չ պատերազմը հավերժ չեն։
«Եթե չլինի անվտանգության լուրջ համակարգ, մենք չենք ունենա ոչ մի խաղաղություն։ Դրա համար մենք կարծում ենք, որ մեր պետության համար այսօր գերակա խնդիրն անվտանգությունն է և ոչ միայն ռազմական առումով, այլև՝ տնտեսական անվտանգության, տեղեկատվական անվտանգության»։
Ռեֆորմիստները ընտրվելու դեպքում առաջարկելու են փոփոխել պետության ղեկավարի պաշտոնավարման ժամկետը։ Թե քանի՞ տարով՝ դեռ քննարկելու են, բայց վստահ են՝ այդպես հնարավոր կլինի պետությունն ավելի արդյունավետ ղեկավարել։ Փոփոխություն են առաջարկում նաև պետության ղեկավարին ներկայացվող պահանջներում՝ ասում է Վաղարշակ Հարությունյանը։
«Մենք համարում ենք, որ պահանջ պիտի լինի սահմանադրական, որ մարդը, որը զբաղեցնում է գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը, ունենա անցած ճանապարհ ու ձեռք բերած փորձ, որպեսզի նա կարողանա ընտրվելուց հետո լիարժեք սկսել գործել, ոչ թե, ասենք, թե պետք է իրեն ժամանակ, որ ինքը մտնի այդ ամեն ինչի մեջ»։
Քարոզարշավի մարտավարությունը մարդկանց հետ ուղիղ շփումներն են լինելու։ Վարչապետի թեկնածուն՝ Վաղարշակ Հարությունյանը, գտնում է, որ ունի հարուստ փորձ, ու մարդկանց ներկայացնելու են այդ ամենն ու առաջարկվող ծրագրերը։
«Մենք առաջարկում ենք կետեր, որոնք իրական կետեր են, սկզբունքային կետեր են։ Մենք տալիս ենք բոլոր հարցերի պատասխանը և ծրագիր ենք տալիս՝ ինչպես պետք է մենք դրան հասնենք։ Որովհետև կարելի է խոսք տալ, ասենք՝ ստեղծել այսքան աշխատատեղ կամ այլ բաներ, բայց պետք է գտնել նաև լուծումը՝ ինչպես դա անել, ինչի միջոցով»։
Լուծումները մշակել են մասնագետների բանիմաց թիմի հետ։ Վահան Բաբայանը համոզված է՝ երկիրն ունի հենց պաշտպանության նախկին նախարարի նման ղեկավարի կարիք։ Նախընտրական ծավալուն ծրագրից 7 կետ են հատկապես կարևորում։ Վահան Բաբայան.
«Այստեղ կոնցեպտներն են մեր, ոչ թե ընդհանուր ծրագիրը։ Ընդհանուր ծրագրի մասին մենք կարող ենք խոսել այն դեպքում, երբ կընտրվենք և ընտրվելուց հետո կիրականացնենք լրջագույն ծրագրային քննարկումներ, որից հետո դա կբերենք ԱԺ»։
Ինչու պետք է ընտրողն իր ձայնը տա ռեֆորմիստների ծրագրերին, կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանն այսպես մեկնաբանեց.
«Ընտրողը 91 թվից շատ անգամ հանդիպել է, որ առաջարկել են մի բան, բայց արդյունքում ստացվել է ուրիշ բան։ Դրա համար մեր կարգախոսներից մեկն էլ նաև նա է, որ մենք խոստումներ չենք տալիս, մենք առաջարկում ենք լուծումներ։ Եվ այս 7 կետը տալիս է, թե մենք ինչ պետք է անենք։ Դրանք լուծումներն են առկա խնդիրների, բայց ռազմավարական մակարդակով»։
Անվտանգություն, կրթություն, առողջապահություն՝ սրանք կուսակցության երեք առաջնահերթություններն են։ Կրթության ոլորտում առաջարկելու են վերադառնալ նախկին՝ խորհրդային կրթական համակարգին։ Ըստ Բաբայանի՝ ներկայիս կրթական համակարգից մեծ է հիասթափությունը։
«Համապատասխանեցնելով այսօրվա իրողություններին՝ այդ կրթական համակարգի վերադարձը, հետևաբար՝ 10-ամյա միջնակարգ կրթություն, 5 բալանոց գնահատման համակարգ և հրաժարում Բոլոնյան համակարգից։ Սա, մենք գտնում ենք, Հայաստանի կրթական համակարգի համար. ավելի նպատակահարմար է և ավելի դրական ազդեցություն կարող է ունենալ ապագա սերնդի դաստիարակման և կրթական զարգացման ուղղությամբ»։
Անվճար կրթություն և անվճար առողջապահություն են առաջարկում ռեֆորմիստները։ Անվճար կրթությունը նշանակում է ուժեղ պետություն, որովհետև պետության հիմքը գիտելիքն է, երիտասարդությունը։ Անվճար առողջապահությունը պետության հզորությունն է՝ ասում են Ռեֆորմիստների կուսակցության պատասխանատուները։ Վստահեցնում են՝ գիտեն, թե ինչպես ու որտեղից կգտնեն միջոցներ այս նպատակին հասնելու համար։ Վահան Բաբայանը վստահեցնում է.
«Այս 7 կետանոց ծրագիրը դեկլարատիվ ինչ-որ ցանկությունների ժողովածու չէ։ Սա կոնկրետ ծրագիր է, կոնկրետ կետեր են, որոնք մենք գտել ենք, որ կարող ենք սա փոխել և առաջարկում ենք։ Թե չէ, մենք էլ կարող ենք 36 կետանոց, ինչքան խոստում կա, գրեինք, ասեինք ամեն ինչ այսպես լավ է լինելու, բայց մենք խոսում ենք նրա մասին, որը պատկերացնում ենք, որ կարող ենք իրականացնել»։
Կա և՛ թիմ, և՛ փորձ՝ երկրում իրենց պատկերացրած փոփոխություններն անելու համար՝ վստահեցնում է Վահան Բաբայանը։ Մնում է, որ հունիսի 7-ին քաղաքացին գնա ընտրատեղամաս ու վստահության քվեն տա առաջին համարին՝ Ռեֆորմիստների կուսակցությանը՝ ասաց կուսակցության նախագահը։




