Ընտրություններ 2026ԿարևորՔաղաքական

Մեկնարկը՝ Երասխից, շեշտադրումը՝ իրական ինքնիշխանություն․ «Լուսավոր Հայաստան»-ը «կեղծ խոստումներ չի տալու»

Նախընտրական սոցիալական խոստումների փոխարեն՝ պետականության, անվտանգության և երկրի ինքնուրույնության մասին ուղերձներով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը սկսեց Երասխից։ Վայրի ընտրությունը պատահական չէր․ քաղաքական այս ուժն այն դիտարկում է վերջին տարիներին Հայաստանի առջև ծառացած անվտանգային և քաղաքական մարտահրավերների խորհրդանիշ։ Էդմոն Մարուքյանն ու իր թիմակիցները խոսել են երկրի սուբյեկտայնության, արտաքին ճնշումների, տեղահանված արցախահայերի իրավունքների, ինչպես նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի դիրքավորման մասին։

Սոցիալ-տնտեսական խոստումներով քաղաքացու վստահությունը կորզելը «Լուսավոր Հայաստան»-ի համար առաջնային չէ։ Կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրել է՝ պետություն ունենալու համար կարևոր է տարբերակել գլխավորը երկրորդականից։ Համապետական ընտրությունների քարոզարշավը «Լուսավոր Հայաստան»-ի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի ղեկավարած ուժը մեկնարկեց Երասխից, ինչը ինքը՝ Մարուքյանը, Սահմանադրության առաջին հոդվածով է բացատրում։   

«Այդ հոդվածը խոսում է ՀՀ ինքնիշխանության մասին։ Ահա այն ինքնիշխանության սիմվոլը, որն այսօր Հայաստանը ունի։ Սա Երասխի մետալուրգիական գործարանն է որպես սիմվոլ, որովհետև այսօրվա կառավարությունը 2 տարի առաջ Ադրբեջանի պահանջով ՀՀ ինքնիշխան տարածքում դադարեցրել է Երասխի մետալոգիական գործարանը, որը կառուցվում էր ամերիկյան ներդրողների կողմից։ Այսինքն` ամերիկյան ներդրողները Երասխում` ՀՀ ինքնիշխան տարածքում, սկսել էին կառուցել մետալուրգիական գործարան, Ադրբեջանը սկսեց կրակել, վիրավորել նաև գործարանի վրա աշխատող բանվորներին, և գործարանի շինարարությունը դադարեցվեց։ Հետագայում այն տեղափոխվեց այլ վայր»։

Էդմոն Մարուքյանը քարոզարշավի հենց առաջին օրն է ցանկանում ընդգծել՝ անընդունելի է համարում ինքնիշխանությունից անդադար խոսելը, հայտարարելը, թե Հայաստանը երբևէ այսքան ինքնիշխան չի եղել, բայց միաժամանակ բախվել, իր ձևակերպմամբ, ամոթալի ու խայտառակ իրավիճակների։

 «Լուսավոր Հայաստան»-ը քաղաքացիներին վստահեցնում է՝ հունիսի 7-ին հնարավորություն ունեն իրենց քվեով իսկապես պաշտպանել Հայաստանի ինքնությունն ու հայկական բովանդակությունը։

Այն Հայաստանը, որը ցանկանում են տեսնել ընտրություններից հետո, չի կարող լինել նվաստացած, երբ հարևան պետությունը խոչընդոտում է գործարանի կառուցմանը երկրի միջազգայնորեն ճանաչված ու ինքնիշխան տարածքում։

«Իմացեք, եթե ինքնիշխան, անկախ, հայկական պետականություն չունեցանք, մենք բացարձակապես որևէ ձևով, որպես ազգ չենք կարող պաշտպանված լինել ապագա ցեղասպանություններից և ապագա արհավիրքներից։ Ահա սա է մեր այսօրվա ուղերձը»։

«Լուսավոր Հայաստան»-ի ընտրական ցուցակի երկրորդ համար Կարպիս Փաշոյանը գործարանի կառուցման անավարտ մնալը համարում է իշխանության տարածած միֆերի խորհրդանիշը։  

«Արդեն 8 տարի մեզ համոզում են, թե Հայաստանը ինքնիշխան է, Ղարաբաղը հանձնելուց հետո ասում են, որ Հայաստանը վերջապես վերագտավ իրեն,  դրանից առաջ գոյություն չի ունեցել։ Բայց ահա այս գործարանը վկայությունն է, որ Հայաստանի կախվածությունը արտաքին ուժերից էլ ավելի է մեծացել, որ Ադրբեջանը, Թուրքիան լիովին փորձում են վերահսկել իրավիճակը Հայաստանում, և այսօր այս գործարանը չեն թողնում կառուցել, վաղն արդեն ախորժակները կմեծանա ու ավելի մեծ բաներ չեն թողնի անեն, և կարող է մի օր մենք էլ չկարողանանք մտնել այստեղ»։

Փաշոյանը բացատրում է իրենց ծրագրում տեղ գտած տերմինը՝ ռեմոնտադան, այն է՝ հետևանքների չեզոքացում, քաղաքական վերածնունդ, երկրի սուբյեկտայնության և հզորության վերականգնում։ «Ռադիոլուր»-ի հարցին, թե ինչու պետք է քաղաքացին հենց իրենց օգտին քվեարկի, Մարուքյանն արձագանքում է․

«Մեզ տրված ձայնը չի կարող գնալ և կորչել, որովհետև մենք խորհրդարանում ներկայացնելու ենք ընտրողի շահերը ներպետական ատյաններում, ՀՀ ներսում։ Բայց նաև մենք հայտնի ենք ՀՀ շահերը արտաքին աշխարհում ներկայացնելու մեր անցած փորձով, մեր կուտակած փորձով և արած լավ գործով։ Հիմա ընտրողը նայում է, չէ՞ ասենք, ինչ-֊որ մեկը երեկ է կուսակցությունը գրանցել, մեկը թղթեր է առել, բերել է, գրանցել է, այդ թղթերով է մասնակցում, այն մյուսն այլ կերպ, այն մյուսն՝ այլ կերպ։ Մենք ընտրողին ասում ենք` դու ունենալու ես կոմպետենտ խմբակցություն, որը քո շահերը պաշտպանելու է։ Քեզ Ադրբեջանը չի կարողանալու պարտադրել, որ դու քո գյուղում, քո համայնքում, ՀՀ ինքնիշխան տարածքում չկարողանաս քո տարրական բազային կենսագործունեությունը խաթարել, այսինքն` պետք է դու կարողանա՞ս սա ի՞նչ է, բազային բան է, չեն ուզեցել անել, մեր տարածքում գործարան են ուզեցել կառուցել, չէ, վաղը ասելու են` հավ մի պահեք, մյուս օրն ուրիշ բան են ասելու»։

Քաղաքական այս ուժը վստահեցնում է՝ «կեղծ խոստումներ» չեն տալու և չեն փորձելու մարդկանց համոզել, թե  «մանանա է երկնքից թափվելու»։

«Լուսավոր Հայաստան»-ի նպատակն է պաշտպանել Հայաստանը և հայկական բովանդակությունը, քանի որ, Մարուքյանի ձևակերպմամբ, «փափուկ ուժի» միջոցով ազդում են մարդկանց մտածողության վրա՝ թիրախավորելով հայկական պատմությունը, անցած ճանապարհն ու ստեղծված արժեքները։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների վերադարձի իրավունքի իրացման մասին խոսելիս «Լուսավոր Հայաստանի» վարչապետի թեկնածուն, ով Փաշինյանի կաբինետում հատուկ հանձնարարություններով դեսպան էր ժամանակին, հիշեցնում է իր և վարչապետի վերջին տարաձայնությունը։

«Ես առաջարկել եմ ստեղծել Փախստականների և ինտեգրացիայի հարցերով նախարարություն։ Ես վարչապետին առաջարկել եմ 2023 թվականի սեպտեմբերի 19–ից հետո օրեր անց ստեղծել նախարարություն։ Փախստականների հոսքը, որ գալիս էր, ես ներգրավված էի հումանիտար խմբում, ես ասում էի`  պետք է 1 պատուհան ունենանք այս մարդկանց խնդիրներով, 1 պատուհանով զբաղվող լինի, տունն է, տան վարձն է, ապրելու գումարն է, աշխարհից հավաքվող օգնությունը, և ամբողջ աշխարհը կտեսնի, որ մենք փախստականների նախարարություն ունենք, նաև համաշխարհային աջակցություն կստանանք։ Այդ ճանապարհով որ մենք գնայինք, մենք այսօր այդ ժողովրդի խնդիրները, ես չեմ ասում` ամբողջ  բեռը չէր լինի, որովհետև այդ մարդիկ այնպիսի ապրումներ ունեն, էթնիկ զտված մի ժողովուրդ, բայց մենք այդ մարդկանց խնդիրների մեծ մասը արդեն լուծած կլինեինք»։

Մարուքյանի խոսքով՝ արդեն երեք տարի է անցել, սակայն իր առաջարկները կյանքի չեն կոչվել, ավելին, որոշվել է թեման փակել։  Մինչդեռ իրենք ունեն  պատկերացում՝  ինչպես լուծել շուրջ 150 հազար տեղահանված ու տունը կորցրած փախստականների խնդիրը, մարդկանց, որոնց վերադարձի իրավունքը ամրագրված է միջազգային իրավունքով։

Back to top button