ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ՀՀ-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա հարաբերությունները՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի առանցքում

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ընթացքում այսօր Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին է խոսել ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը և ընդգծել, որ Ադրբեջանի հետ այսօր կա իրական խաղաղություն։ Առավել լավ են զարգանում հայ-թուրքական հարաբերությունները փաստել է նա։ ՀՀ-ԵՄ առաջընթաց տեմպերի մասին էլ փաստել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։

Ադրբեջանի հետ կան խնդիրներ, բոլոր հարցերը լուծված չեն, սակայն երկու երկրների միջև խաղաղությունն արդեն հաստատված է՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի պանելային քննարկումների ժամանակ ընդգծել է Հայաստանի ԱԳՆ Արարատ Միրզոյանը՝ վկայակոչելով 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը։

«Մենք արդեն իսկ ունենք իրական խաղաղություն։ Ադրբեջանի հետ սահմանին դժբախտ դեպքեր չունենք, մեկ տարուց ավելի է, ինչ սահմանին կրակողների հետևանքով զոհեր չունենք։ Ավելին՝ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան ապրանքների տեղափոխման սահմանափակումները։ Սա արդեն իսկ խաղաղության ուղղությամբ մեծ քայլ է։ Մենք Ադրբեջանի հետ նաև երկկողմ առևտուր ենք սկսել, նավթամթերք ենք գնում Ադրբեջանից, նաև որոշ ապրանքներ կվաճառենք ադրբեջանական ընկերություններին։ Սա իսկապես խաղաղության ապացույց է։ Չեմ կարող ասել, որ բոլոր հարցերը լուծված են։ Մենք ունեցել ենք շատ արյունալի հակամարտություն, վերքերը շատ թարմ են, և երկու ժողովուրդներն էլ դեռ իրական հաշտեցման կարիք ունեն։ Կան չլուծված հարցեր, մասնավորապես, հումանիտար կարգի. պահվող անձինք ունենք։ Բայց ուղին շատ լավատեսական է»։

Հայաստան-Թուրքիա երկխոսությունից ևս Արարատ Միրզոյանը գոհ է և ակնկալում է դրական արդյունքներ առաջիկայում, մասնավորապես, նշում է, որ համաձայնություն կա  հայ-թուրքական սահմանին պատմական Անիի կամրջի վերականգնման հարցում։ Աշխատանքները սկսելու հուշագիրն արդեն ստորագրված է։ Ուշանում է հայ-թուրքական սահմանի բացումն անգամ երրորդ երկրների քաղաքացիների համար․

«Մեկ շաբաթ առաջ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը տեղի ունեցավ, որով փորձ է արվում վերականգնել Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային կապը Գյումրի-Կարս ուղով։ Այսինքն, ունենք համագործակցության բազմաթիվ դեպքեր, բայց սահմանն, ընդհանուր առմամբ, փակ է։ Երկկողմ պատրաստակամություն ենք արտահայտել դիվանագիտական հարաբերություններ հիմնելու, մեր երկկողմ հետաքրքրությունն ու պատրաստակամությունն ենք արտահայտել ենք լիովին սահմանը բացելու։ Բայց առ այսօր սահմանները դեռ փակ են։ Որոշ համաձայնություններ իրականացվում են, բայց վստահ եմ, որ դա տեղի է ունենալու, քանի որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը բավարար մակարդակի է հասել, որպեսզի նպաստավոր արդյունքներ լինեն»։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ իր խոսքում նշել է, որ Հարավային Կովկասը կարող է դառնալ յուրօրինակ հանգույց հարավ-հյուսիս-արևելք-արևմուտք խաչմերուկում։

«Եկեք ընդունենք, որ կապակցվածությունը նշանակում է տրանսպորտային ուղիների վերաբացում, ազատ առևտրի ընձեռում, տարբեր տարածաշրջաններ, այդ թվում Եվրոպան ու Ասիան կապող ավելի լայն տնտեսական ցանցերի ներդրում և այս իմաստով Հարավային Կովկասը կարող է դառնալ յուրօրինակ հարավ-հյուսիս-արևելք-արևմուտք խաչմերուկում»։

Տարածաշրջանը հակամարտությունների գոտուց վերածվել է խաղաղության տարածաշրջանի՝ տարբեր երկրներից «Երևանյան երկխոսությանը» մասնակցող հյուրերին ներկայացրել է ԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանը։ Նա մեծ մասամբ խոսել է ՀՀ-ԵՄ հարաբերություններում առաջընթացի մասին՝ ձևակերպելով, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք այնքան ամուր չեն եղել, որքան հիմա են։

«Հայաստանի ու ԵՄ հարաբերությունները դառնում ավելի ու ավելի ամուր՝ դիվերսիֆիկացված քաղաքականության արդյունքում և շատ հետաքրքիր է, որ ամենաբարձր մակարդակով միշտ հնչում է այն պնդումը, որ այսօր մեր հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։ Ես կհամարձակվեի ասել, որ նույնիսկ հեղափոխություն է տեղի ունեցել Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններում վերջին տարիներին։ Եվ մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ և ջանքեր գործադրել»։

ԱԽ քարտուղարը վստահեցրել է, որ շարունակելու են աշխատել Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ, որպեսզի, իր ձևակերպմամբ, տարածաշրջանը դառնա կայունության կղզի։

Այս համատեքստում հնչած հարցին, թե Ադրբեջանը, որպես խաղաղության արդեն իսկ նախաստորագրված համաձայնագիրը ստորագրելու պայման, պահանջում է, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է՝  բանակցությունների երկկողմ օրակարգում նման թեմա և նման պահանջ չկա։

«Ես լսել եմ, որ նրանք ասում են, որ պատրաստ չեն ստորագրել համաձայնագիրը, եթե մենք չփոխենք Սահմանադրությունը, բայց մենք կարծում ենք, որ Սահմանադրությունը Հայաստանի ներքին հարցն է։ Հավանաբար, մենք Սահմանադրության հետ կապված հանրաքվե կունենանք, բայց սա միջազգային գործընկերների հետ քննարկման թեմա չէ»,- ասել է Միրզոյանը։

Կարդացեք նաև

Back to top button