
Կառավարության աջակցությամբ Երևանի քաղաքապետարանի գնած 45 տրոլեյբուսներից 22-ն արդեն մայրաքաղաքում են, մյուսները տեղ կհասնեն շուտով: Դրանց շահագործումից հետո մայրաքաղաքում հին տրոլեյբուսներ այլևս չեն լինի, հայտնել է քաղաքապետը գործակարգավարական նիստի ժամանակ։
Երևանցիներն այս նիստից տեղեկացել են նաև, որ քաղաքապետարանը նախատեսում է վերակառուցել և ամբողջությամբ նախնական տեսքի բերել մայրաքաղաքի ամենահետաքրքիր կառույցներից մեկը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը։
Հանրահայտ «Հարսնացուն Հյուսիսից» ֆիլմից մի հատված է, իսկ հետևողն այս դեպքում Երևանի քաղաքապետարանն է՝ հենց իր աշխատակիցներին։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձանագրել է աշխատանքի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դեպքեր։
«Ես խնդրել էին տեսագրություններ հանել, եթե չեմ սխալվում, թիվ 36 ավտոբուսից, որտեղ մեր ծառայության աշխատակիցը՝ նոր և գեղեցիկ արտահագուստով, ոնց որ ոչ այնքան լուրջ էր մոտեցել հարցին, տեղ-տեղ, այսպես, թեթև էր նայում վճարման և չվճարման հարցերին։ Եթե դեպքը հաստատվի, կարծում եմ, որ աշխատակիցն այլևս անելիք չունի մեր համակարգում»։
Անելիք չունի նաև Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցներից մեկը։ Քաղաքապետն անձամբ «Ակտիվ քաղաքացի» հարթակում դիմում է ներկայացրել կոնկրետ դեպքի՝ ապօրինի գովազդի վերաբերյալ։ Հետո պատասխան է ստացել, որ խնդիրը վերացված է։ Բայց նույն գովազդը մի քանի օր անց հայտնվել է նույն տեղում։

«Սա ձևական բնույթի լուծում է, որը կարող է խոսել կոռուպցիայի մասին՝ շատ ուղիղ։ Պատկերացնում եմ՝ աշխատակիցը գնացել, ասել է՝ մի հատ հանի նկարեմ, որ հայտը փակեմ, հետո վերականգնել են։ Եթե սա էլ պարզվի, այդ աշխատակիցը ևս այլևս անելի չունի»։
Մեկուկես տարի հետո Երևանը կունենա Իսակովի պողոտան Արշակունյացին միացնող նոր ճանապարհ։ Շուտով կտրվի շինարարության մեկնարկը: Նոր ճանապարհն, ըստ քաղաքապետի, կնվազեցնի երթևեկության ծանրաբեռնվածությունը: Այն անցնելու է Նորագյուղ թաղամասի հարակից հատվածով։
«Այստեղ ենթադրվում է մեծ ներդրումային ծրագիր իրականացնել, այդ հատվածում նոր կենտրոն ստանալ»։
Կառավարության աջակցությամբ Երևանի քաղաքապետարանի գնած 45 տրոլեյբուսներից 22-ն արդեն մայրաքաղաքում է։ Դրանք շուտով կշահագործվեն։
«Ակնկալվում է նոր շարժակազմը երթուղի հանել մինչև ամսվա վերջ, իսկ նոր տրոլեյբուսների շահագործմանը զուգահեռ, Երևանի փողոցներում այլևս որևէ հին տրոլեյբուս չպետք է լինի»:
Քաղաքապետարանը շարունակում է նախապատրաստվել մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությանը: Թեմային այս գործակարգավարական նիստին էլ անդրադարձ եղավ։

Կառուցվելիք կայարանի հարակից տարածքում նախատեսվում է իրագործել քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագիր։ Այն այժմ մրցութային փուլում է: Նախատեսվում է ժամանակակից ավտոկայանատեղիների կառուցում, որը հնարավորություն կտա բեռնաթափել Երևանի կենտրոնական փողոցները:
«Քաղաքական որոշումը վաղուց կայացված է․ Աջափնյակի մետրոն պետք է կառուցվի և անպայման կառուցվելու է»:
Մի անակնկալ էլ երևանցիներին սպասվում է մայրաքաղաքի փոքր կենտրոնում։ Երևանի ամենահետաքրքիր կառույցներից մեկը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, կվերակառուցվի և ամբողջությամբ կբերվի նախնական տեսքի։




