
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Դեկտեմբերի 7-ին աշխարհի մի շարք երկրներում նշում են երգչախմբային արվեստի միջազգային օրը: Հայաստանը եւս անմանս չի մնում այս նախաձեռնությունից եւ վաղը՝ դեկտեմբերի 6-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված հենց այս օրվան: Համերգին կմասնակցեն Հայաստանի լավագույն երգչախմբերը, որոնց կատարմամբ կհնչեն հայ եւ արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգի կազմակերպիչներն այսօր որոշ մանրամասներ են ներկայացրել լրագրողներին:
«Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան արդեն չորրորդ անգամ է կազմակերպում երգչախմբային արվեստի միջազգային օրվան նվիրված համերգ: «Հայաստանի Փոքրիկ Երգիչները» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ համերգն ինքնանպատակ չէ, այն միավորվելու ու համախմբվելու խորհուրդ ունի:
«Գաղափարը միավորվելն է, աշխարհը ամեն ձեւով փորձում է միավորվել՝ հակառակ քաղաքական գործիչների, եւ դրա ամենաճիշտ ու հեշտ ձեւը երգչախմբային արվեստն է, որովհետեւ մի երգչախումբն արդեն 50-60 հոգի է միավորում»:
Տիգրան Հեքեքյանի խոսքով ՝ այս տարի Երգչախմբային արվեստի միջազգային օրը նշվելու է նաև Շիրակի, Վայքի, Սյունիքի մարզերում, ինչպես նաև Արցախում: Համերգին մասնակցելու են Հայաստանի լավագույն՝ պետական, մանկական և սիրողական 11 երգչախմբերը: Հանդիսատեսն էլ հիմնականում լինելու է դպրոցականը: Ավելի քան 50 դպրոցների շուրջ 1200 աշակերտներ հաղորդակից կդառնան երգչախմբային արվեստին: Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ աշակերտները փայլուն ունկնդիրներ են եղել, ասում է Տիգրան Հեքեքյանը:
«Ես հպարտանում եմ այն սերնդով, որ գալու է հաջորդելու մեզ: Նախորդ տարի ես Կոմիտասի մի երգ սովորեցրեցի , եւ երբ երգեցինք, ոչ ոք չէր հավատում, որ նրանք երգիչներ չեն»:
Հիշենցնեք, որ 1990 թ-ից երգչախմբային արվեստի միջազգային օրը նշում են աշխարհի ավելի քան 150 երկրի հարյուր հազարավոր երգչախմբեր:




