ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան «առաջին անգամ»–ները

43 բարձրաստիճան պատվիրակություն և շուրջ 500 մասնակից․ առաջին անգամ Հայաստանում հավաքվել են եվրոպական և ոչ միայն եվրոպական երկրների լիդերներ՝ քննարկելու եվրոպական քաղաքական համայնքի խնդիրներն ու լուծման ուղիները։ Նման խոշոր իրադարձության կազմակերպումը Հայաստանին վստահելը Եվրոպայից լուրջ ազդակ է Երևանի համար՝ համաժողովի մեկնարկից առաջ այսպես են մեկնաբանել իրադարձությունը եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ։ «Կերտելով ապագան․ միասնություն և կայությունուն Եվրոպայում» կարգախոսով անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովը նաև անակնկալներ է ունեցել։

Եվրոպական քաղաքական համայնքի անդամ պետությունների ղեկավարների այսպես ասած «ընտանեկան նկար»-ի՝ արարողակարգային լուսանկարի կենտրոնում այս անգամ Հայաստանի վարչապետն էր, աջ ու ձախ կողմերում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Բարձրաստիճան 43 հյուրերի լուսանկարման այսպես ասենք աժիոտաժը Ազնավուրի   հնչյունների ներքո էր։

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը սա համարում է խոստացվածի իրագործումը։    

«Այսօր, կարելի է ասել, Հայաստանը հենց Եվրոպայի սիրտն է, և հիմնական քաղաքական դեբատը, որը Եվրոպայում տեղի է ունենում, կենտրոնացած է Երևանում, և շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են հենց Երևանից»։   

Երևանյան գագաթնաժողովն աչքի ընկավ իրադարձություններով, որոնք առաջին անգամ էին թե՛ Հայաստանի համար, թե՛ աշխարհի մակարդակով։ 2022 թվականից ի վեր տարին երկու անգամ գումարվող ԵՔՀ գագաթնաժողովներին երբեք չի մասնակցել ոչ եվրոպական երկրի ներկայացուցիչը։ Սակայն այս անգամ միջոցառման շրջանակում Երևան հրավիրվեց Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։ Նա  այսպես բանաձևեց այս գագաթնաժողովին միանալու նպատակը։

«Մենք այստեղ ենք՝ անդրադառնալու Կովկասի, Բալկանյան երկրների, Ուկրաինայի, Եվրոպայի ողջ տարածքի անվտանգային հրամայականներին, իհարկե, նաև ավելի բարեկեցիկ, արդարացի և ավելի ապահով աշխարհ ձևավորելու այն մեծ ներուժին, որը մեր գործընկերությունն ունի»։

Կանադայի վարչապետի խոսքն ու եվրոպական համայնքի մտադրություններն ամփոփ ներկայացրեց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։

«Եվրոպան պետք է կանգնի միջազգային իրավունքի և կարգի պահպանման առաջնագծին ։ Աշխարհում բազմաբևեռականությունն է զարգանում՝ միտված խաղաղությանը և բարգավաճման ընդհանուր կարողությունների ձևավորմանը։   Կանադան կիսում է Եվրոպայի գլոբալ անվտանգության տեսլականը և ցանկանում մեզ հետ ստեղծել միջազգային կարգ՝ հենված է միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի վրա»։  

«Առաջին անգամ»-ների շարքից էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Հայաստան։ Նա նկատեց՝ սա 24 տարվա ընթացքում Ուկրաինայի առաջին նախագահի այցն է, չպատասխանեց լրագրողների հարցին 44–օրյա պատերազմի օրերին Ադրբեջանին Ուկրաինայի աջակցության մասին, բայց արդեն գագաթնաժողովի ընթացքում խաղաղություն մաղթեց Հայաստանին և Ադրբեջանին։

«Մենք մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, իհարկե, կայուն, համապարփակ, տևական խաղաղություն։ Պարո՛ն վարչապետ, նախագա՛հ Ալիև, երկուսիդ էլ մաղթում ենք սա, երկու պետություններին»։  

Զելենսկին միակ առաջնորդը չէր, որ օրվա ընթացքում շեշտեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Տարբեր համատեքստերում սա ներկայացվում էր որպես այլ հակամարտությունների լուծման օրինակ ու կիրառման ենթակա փորձ։ Առաջին անգամ Երևանում հնչեց պաշտոնական Բաքվի ձայնը։

«Բարի ողջույններս Բաքվից»։

Ադրբեջանի նախագահը, ինչպես նախապես հայտարարել էր, չեկավ Երևան, միացավ հեռակապով։ Ի տարբերություն նրա՝ Հայաստանի վարչապետը դեմ չի լինի 2028–ին մեկնել Բաքու։

«Հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելելու Ադրբեջան 2028 թ.–ին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի  գագաթնաժողովն այնտեղ անցկացվի։ Իմիջիայլոց, Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին` հյուրընկալելու այս գագաթնաժողովները»։

Ե՛ւ Հայաստանի վարչապետը, և՛ Ադրբեջանի նախագահն այս հարթակում խոսեցին տարածաշրջանի ապաշրջափակման մասին։ Ալիևը ձևակերպեց,  որ այդ ամենի պրակտիկ արտացոլումն արդեն զգում են 2 կողմում էլ։ Նա խոսեց «Թրամփի ուղու» մասին, որը, անցնելով Հայաստանի տարածքով և մտնելով Ադրբեջան, հետագայում կարող է դառնալ Միջին միջանցքի մաս։ Նույն ծրագրի մասին խոսելիս Փաշինյանն ընդգծեց այդ աշխատանքների կարևորությունը եվրոպական մասշտաբով։  

«Այժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով։ Դա «Թրամփի ուղին» է հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության, որը կնպաստի խաղաղությանը՝ ապաարգելափակելով տարածաշրջանի երթուղիները և ստեղծելով նոր միջազգային երթուղիներ արևելքից դեպի արևմուտք, հարավից դեպի հյուսիս, որն էապես կնպաստի մատակարարման միջազգային շղթաների կայունությանը։ Ես հանդգնում եմ հուսալ, որ մեր քննարկումների արդյունքում այս գագաթնաժողովը կարող է պատմական գագաթնաժողով դառնալ միջազգային խաղաղության և կայունության համար նույնպես»։

Մինչ գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն էր շեշտվում, մարզահամերգային համալիրի մոտ բողոքի ակցիաներ էին՝ պաստառներով, վանկարկումներով, ծխի ակցիաներով և սուլիչներով։ Քաղաքական ուժերը, արցախից տեղահանվածները, անհետ կորածների հարազատները և քաղակտիվիստները փորձում էին իրենց ձայնը եվրոպացի լիդերներին լսելի դարձնել ։

«Ե՛վ ծխով, և՛ ձայնային ազդանշաններով, և՛ սուլիչներով փորձում ենք տեղեկացնել, որ այստեղ կան մարդիկ, խմբեր, ովքեր ՀՀ քաղաքացի են և ովքեր ունեն հարյուրավոր խնդիրներ, և ունեն իրենց բողոքը այս իշխանություններից, որը տեր չի կանգնում ժողովրդավարական և ոչ մի արժեքի։ 2020 թ.–ից հետո տեսեք, թե որքան տարբեր կոնֆլիկտներ են եղել, ինչքան է եղել բռնությամբ, էթնիկ զտմամբ հարց լուծելու փորձեր և դա եկել է նրանից, որ 2020 թ.–ին ամեն երկիր, իր քաղաքական շահից ելնելով, համամարդկային արժեքների կողքին չի կանգնել»։

Երևանյան գագաթնաժողովի առիթը օգտագործեց նաև Ալիևը՝ դժգոհելով Եվրոպական խորհրդարանից և ԵԽԽՎ գործելաոճից ու պնդելով, թե այդ կառույցները թիրախավորում են Ադրբեջանը։ Վերջին 5 տարում Եվրոպական խորհրդարանը 14 բանաձև է ընդունել, որոնք Ալիևն ընկալում է որպես քայլ իր երկրի դեմ, իսկ Ալիևը եվրոպական կառույցների ընդունած բանաձևերում ԼՂ-ին անդրադարձը որակում սադրանք։

Քննադատությունից հետո չլռեց նաև Եվրոպական խորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։ Արձագանքը կոշտ էր։

«Ես պետք է խոսեմ։ Եվրոպական խորհրդարանն ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերը ընդունվում են մեծամասնության միջոցով, և դրա արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց երբ մենք երբևէ չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումները, որոնք որդեգրում ենք»։

Վերադառնալով Եվրոպան Երևանի սրտում կենտրոնացնելու որոշմանը․ ինչո՞ւ է այսքան կարևորվում Հայաստանը․Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսպես է մեկնաբանել։

«Մենք մի կարևոր դաս ենք քաղել՝ որքան խոցելի ենք, երբ ունենք չափից շատ կախվածություն։ Ցավալի գործընթաց  էր այդ չափազանց մեծ կախվածությունների մասին իմանալը։ Նշեմ դրանցից երեքը։ Առաջինը չափազանց մեծ  կախվածությունը ներմուծված հանքահահումքային վառելիքից։ Էներգետիկան մեզ համար կարևորագույն ուղղություն է, և այն պետք է շատ ավելի անկախ լինի։ Երկրորդը, իհարկե, անվտանգությունն է և պաշտպանությունը, և իմ երրորդ ասելիքը հետևյալն է` Եվրոպայի անկախություն չի նշանակում հայացք դեպի ներս։ Ընդհակառակը` դեպի դուրս աշխատանք համախոհ գործընկերների հետ, քանի որ մեզ պետք են նաև կայուն, հուսալի մատակարարման շղթաներ»։

Լրագրողների հետ ճեպազրույցում եվրոպացի պաշտոնյան երևանյան քննարկման հիմնական թեման համարել է Եվրոպայի անկախությունը։ Նա կարևորել է հատկապես Հայաստանի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի դերը կապակցվածության գործում, և Հայաստանը, ըստ նրա, կարևոր դեր է խաղում։ «Մենք այստեղ ենք՝ Հայաստանում՝ ցույց տալու, որ Եվրոպան մեծ և ընդարձակ ընտանիք է։ Միասին կապված ենք նույն շահերով, նույն մարտահրավերների առջև ենք»,- գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը X-ի իր էջում։

Կարդացեք նաև

Back to top button