ԿարևորՔաղաքական

Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է պատմական Անիի կամրջի վերականգնման արձանագրություն

Թուրքիան և Հայաստանը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում Անիի կամրջի վերականգնման մասին արձանագրություն են ստորագրել, X-ում հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Նա նաև լուսանկարներ է հրապարակել։

Յըլմազը գոհունակությամբ նշել է, որ կարգավորման գործընթացում ձեռնարկված փոխադարձ կառուցողական քայլերը կոնկրետ արդյունքներ են տալիս։

«Հավատում ենք, որ համագործակցության խորհրդանշական և կոնկրետ ոլորտները, ինչպիսին է Անիի կամրջի համատեղ վերականգնումը, որի տակ այսօր մեր ստորագրությունը դրեցինք փոխըմբռնման հուշագրով, նույնպես կնպաստեն խաղաղության և անվտանգության տևական մթնոլորտի ձևավորմանը»,- գրել է նա:

Հանդիպման ընթացքում քննարկումներ են եղել նաև տրանսպորտի, մաքսային ոլորտի, էներգետիկայի և թվային ենթակառուցվածքների ու կապուղիների ամրապնդմանն ուղղված քայլերի մասին:

«Տարածաշրջանային խաղաղության, երկխոսության և կայունության վրա հիմնվելով՝ մենք վճռականորեն կշարունակենք Հարավային Կովկասում կարգավորումը առաջ մղելու, տնտեսական համագործակցությունը մեծացնելու և մեր ժողովուրդների միջև կապերը ամրապնդելու մեր մոտեցումը։

Մաղթում եմ, որ մեր հանդիպումը արդյունավետ լինի և շնորհակալություն եմ հայտնում պարոն Փաշինյանին իր բարեհամբույր հյուրընկալության համար»,– գրել է Թուրքիայի փոխնախագահ։

Կարդացեք նաև

Back to top button