
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նախատեսում է մոտ 5000 զինվորի դուրս բերել Գերմանիայից՝ առաջիկա 6-ից 12 ամիսների ընթացքում, հաղորդել է AFP-ն՝ հղում անելով Պենտագոն-ի տվյալներին։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հրամանով իրականացվելիք այս քայլը, ըստ պաշտոնական մեկնաբանության, արդյունք է Եվրոպայում ամերիկյան զորքերի ներկայության «մանրակրկիտ վերանայման»։ Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը նշել է, որ որոշումը հաշվի է առնում ինչպես գործողությունների պահանջները, այնպես էլ տեղում առկա պայմանները։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական հարթակում գրել էր, որ Վաշինգտոնը քննարկում է Գերմանիայում զորքերի թվի կրճատման հարցը՝ հավելելով, որ վերջնական որոշումը կընդունվի մոտ ժամանակում։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ Եվրոպայում մշտապես տեղակայված է եղել շուրջ 68 հազար ամերիկացի զինվոր, որոնցից ավելի քան 36 հազարը՝ Գերմանիայում։ Համեմատության համար, Սառը պատերազմի տարիներին՝ 1985-ին, Արևմտյան Գերմանիայում տեղակայված էր շուրջ 250 հազար ամերիկացի զինվոր։




