Քաղաքական

Եվրահանձնաժողովը ներկայացրել է Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի օրակարգը

Եվրոպական հանձնաժողովը մանրամասներ է ներկայացրել Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթնաժողովի վերաբերյալ։

ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը նշանակալի առաջընթաց է կողմերի հարաբերություններում և վերահաստատում է Եվրոպական միության ամուր հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանության, դիմադրողականության և բարեփոխումների օրակարգին՝ ասված է Եվրոպական հանձնաժողովի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Գագաթնաժողովին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ Գագաթնաժողովին մասնակցելու է նաև ԵՄ  դիվանագիտության ղեկավար  Կայա Կալասը։

Նշվում է, որ գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում գրանցված առաջընթացը և կամրապնդեն համագործակցությունը, մասնավորապես՝ տնտեսության, կապակցվածության և անվտանգության ոլորտներում։ Նրանք նաև կքննարկեն Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը։ Օրակարգում կլինեն նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները, այդ թվում՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։

Գագաթնաժողովի հիմնական արդյունքները կներառեն ԵՄ-ՀՀ գործընկերության մեկնարկը փոխկապակցվածության ոլորտում, որը կներառի տրանսպորտի, էներգետիկայի, թվային, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ոլորտում համագործակցությունը։

«Երկու կողմերն էլ կոնկրետ քայլեր կձեռնարկեն անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու համար, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ նոր գործընկերային առաքելության ստեղծման միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է նաև նախաստորագրել Եվրոպական սահմանային և ափամերձ տարածքների պահպանության գործակալության (Frontex) և ՀՀ ներքին գործերի նախարարության միջև աշխատանքային համաձայնագիր։

Կարդացեք նաև

Back to top button