
«Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» վավերագրական ֆիլմի համար «Օսկար» մրցանակի արժանացած ռուս ռեժիսոր Պավել Տալանկինի արձանիկը կորել է Նյու Յորքից Գերմանիա իրականացված թռիչքի ընթացքում։
Ինչպես գրում է Reuters-ը, լուրը հայտնել է նրա համառեժիսոր Դեյվիդ Բորենշտեյնը։ Տալանկինը պետք է Ջոն Ֆ. Քենեդիի անվան միջազգային օդանավակայանից մեկներ Ֆրանկֆուրտ՝ Lufthansa ավիաընկերության չվերթով։
Սակայն ԱՄՆ Տրանսպորտային անվտանգության վարչության աշխատակիցները թույլ չեն տվել արձանիկը տեղափոխել սրահում՝ այն գնահատելով որպես «պոտենցիալ վտանգավոր առարկա»։
Բորենշտեյնի խոսքով՝ օդանավակայանում անվտանգության աշխատակիցը հայտարարել է, որ Օսկարի 3.8 կգ կշռող արձանիկը կարող է օգտագործվել որպես զենք։
Քանի որ ռեժիսորը չուներ այն ուղեբեռ հանձնելու համար համապատասխան պայուսակ, TSA-ն այն տեղադրել է տուփի մեջ և ուղարկել ինքնաթիռի բեռնախցիկ։
«Արձանիկը չի հասել Ֆրանկֆուրտ»,-գրել է Բորենշտեյնը՝ Instagram-ում հրապարակելով նաև համապատասխան լուսանկարներ։
Ի պատասխան՝ Lufthansa-ն նշել է, որ լուրջ է վերաբերվում միջադեպին և արդեն սկսել է ներքին հետաքննություն։
«Մենք խորապես ցավում ենք ստեղծված իրավիճակի համար և անում ենք հնարավոր ամեն ինչ՝ արձանիկը հնարավորինս շուտ գտնելու և վերադարձնելու համար»,-հայտարարել է ընկերության խոսնակը։
Իրավիճակը մեկնաբանելով՝ Տալանկինը նշել է, որ իրեն զարմացրել է, թե ինչպես կարող էին Օսկարը համարել վտանգավոր։
Նրա խոսքով՝ նախկինում տարբեր ավիաընկերություններով թռիչքների ժամանակ նա միշտ արձանիկը տեղափոխել է սրահում՝ առանց որևէ խնդրի։
Ռեժիսորի և Բորենշտեյնի օսկարակիր վավերագրական ֆիլմում ներկայացված է, թե ինչպես են Ռուսաստանի դպրոցներում աշակերտները ենթարկվում պատերազմին աջակցող քարոզչությանը։
Տալանկինը, որը 2024 թվականին լքել է Ռուսաստանը, ֆիլմը բնութագրել է որպես վավերագրություն, որը ցույց է տալիս, թե ինչպես է «մի ամբողջ սերունդ դարձել զայրացած և ագրեսիվ»։




