
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության հայաստանյան այցի ժամանակ ադրբեջանցիներին՝ Հայաստան վերադառնալու հարց չի քննարկվել, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծել է, որ ոչ միայն չի քննարկվել ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, այլև օրակարգում չկա Ղարաբաղի կամ Բաքվի հայերի վերադարձի հարցը։
«Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել ու չենք քննարկում։ Ուզում եմ ասել նաև՝ արդեն հայտնի ժամանակներից ի վեր Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարցը, Բաքվի հայերի վերադարձի հարցը և մնացած վայրերի հայերի վերադարձի հարցը»,– ասել է նա։
Ըստ նրա՝ վերադարձի վերաբերյալ երկկողմ քննարկումները կարող են սադրիչ ազդեցություն ունենալ և սրել քաղաքական իրավիճակը՝ խաթարելով խաղաղության գործընթացը։




