
Դիանա Միքաելյան
«Ռադիոլուր»
Հայկական «Ջերմուկ»–ը կրկին հայտնվել է ռուսական վերահսկող մարմինների ուշադրության կենտրոնում։ «Անկեղծ նշան» մակնշման համակարգն արգելափակել է արտադրանքի նոր խմբաքանակի վաճառքը՝ հղում անելով չափորոշիչների հնարավոր խախտումներին։ Ըստ հաղորդագրության՝ կասեցվել է «Ջերմուկ» ապրանքանիշի՝ 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված խմբաքանակների իրացումը: Հայաստանը, մինչդեռ, Ռուսաստանից պաշտոնական որևէ պարզաբանում կամ ծանուցում չի ստացել՝ հայտարարել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի պետական «Честный знак» (Անկեղծ նշան) մակնշման համակարգն արգելափակել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի իրացումը։ Սահմանափակումը վերաբերում է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված խմբաքանակներին։
Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը բացատրել է, որ որոշումը պայմանավորված է «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կյանքին եւ առողջությանը սպառնացող հնարավոր վտանգը կանխարգելելու անհրաժեշտությամբ»։
«Շրջանառությունից հանվել է շուրջ 338 հազար շիշ, որոնք կմնան արգելափակված մինչև համապատասխան ստուգումների ավարտը։ Արգելքի հիմքը «Ռոսպոտրեբնադզորի» գրությունն է, որում մատնանշվում են պարտադիր չափորոշիչների հնարավոր խախտումները»։
«Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելելու մասին հայկական կողմը Ռուսաստանից պաշտոնական որևէ պարզաբանում առայժմ չի ստացել՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվական բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը։
«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ համապատասխան պատկան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից» (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն), պաշտոնական որևէ տեղեկություն՝ գրություն, խնդրո առարկայի վերաբերյալ առայժմ չի ստացել: Մենք այս պահին ձեռնարկվում ենք միջոցներ իրավիճակը պարզաբանելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Արդյունքները կհրապարակվեն»:
Իրավիճակն առայժմ չի պարզաբանում նաև «Ջերմուկ Գրուպը»։ Ընկերությունից «Ռադիոլուրին» հայտնեցին հետևյալը․
«Այս պահին ամբողջական ու լիարժեք տեղեկատվություն առայժմ չունենք։ Բոլոր հանգամանքները պարզելուց և մանրամասներին տիրապետելուց հետո հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»։
Սա Ռուսաստանում «Ջերմուկի» վաճառքն արգելելու առաջին դեպքը չէ։ Նախորդը գրանցվել էր երկու տարի առաջ։ 2024-ին մակնշման ռուսական նույն համակարգը կասեցրել էր 2,5 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը։ Առիթը Վլադիկավկազի բնակիչներից մեկի թունավորման ու մահվան դեպքն էր։
Այս առնչությամբ «Ջերմուկ Գրուպը» հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ․
«Ջերմուկի շշալցված ջրի արտադրությունը շարունակական արտադրական գործընթաց է՝ ամբողջությամբ ավտոմատացված փակ ցիկլով։ Մեկ ցիկլի նվազագույն քանակը 1200 շիշ է։ Այնպես որ, եթե ստանդարտներից որևէ շեղում հայտնաբերվի, ապա այդ անհամապատասխանությունը պետք է լինի այդ ժամանակահատվածում շշալցված բոլոր շշերի մեջ՝ առանց բացառության»
Ըստ արտադրողի՝ ոչ հարուցված քրեական վարույթի շրջանակում, և ոչ էլ ՌԴ պետական մարմինների կողմից իրականացված բազմաթիվ ստուգումներից որևէ մեկով չի հիմնավորվել, որ Վլադիկավկազի բնակիչ Օլեգ Գուսովի մահը կապ ունի «Ջերմուկ»–ի հետ։
Ընկերությունը շեշտել էր, որ մահացածի ընտանիքի ներկայացրած հայցն ամբողջությամբ անհիմն է, քանի որ տեխնիկապես բացառվում է որևէ կապ գործարանային արտադրանքի և տեղի ունեցած ցավալի դեպքի միջև։ Հայկական կողմը Ռուսաստանին էր ներկայացրել ստուգումների բոլոր ապացույցները, որոնք փաստում էին, որ հանքային ջուրը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին։
Թեև Վլադիկավկազի առաջին ատյանի դատարանը մերժել էր հայցը, բայց 2026–ի մարտին ՌԴ քննչական կոմիտեն որոշել է վերաբացել քրեական գործը և նոր քննություն սկսել։




