
Կոլումբիայում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, տասնյակները վիրավորվել են, այդ թվում՝ անչափահասներ։ Միջադեպը տեղի է ունեցել Կաուկա շրջանում։ Դեպքի վայրից տարածված տեսանյութերում երևում են վնասված ավտոմեքենաներ և ճանապարհի երկայնքով ցրված բեկորներ։
Ականատեսների խոսքով՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ մարդկանց մի քանի մետր հեռու է նետել։
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հարձակման մեջ մեղադրել է Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր (ՖԱՐԿ)-ի այլախոհ խմբավորումներին՝ նրանց անվանելով «ահաբեկիչներ» և «թմրավաճառներ»։
Նրա խոսքով՝ զինված ուժերը պետք է վճռականորեն հակազդեն նման գործողություններին։
Տեղական նահանգապետ Օկտավիո Գուզմանը պայթյունը բնութագրել է որպես «հարձակում»՝ ընդգծելով, որ տարածաշրջանը չի կարող միայնակ դիմակայել շարունակվող բռնությանը։
Միևնույն ժամանակ, պաշտպանության նախարար Պեդրո Արնուլֆո Սանչեսը նշել է, որ հարձակումը կարող էր իրականացված լինել նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված խմբերի կողմից։
Վերջին օրերին Կաուկայում գրանցվել են նաև մի շարք այլ հարձակումներ, այդ թվում՝ ռազմական օբյեկտների թիրախավորում։ Տարածաշրջանը շարունակում է մնալ Կոլումբիայի ամենալարված գոտիներից մեկը։
ՖԱՐԿ-ի և կառավարության միջև 2016 թվականին կնքված խաղաղության համաձայնագրից հետո բազմաթիվ զինյալներ զինաթափվել են, սակայն որոշ խմբավորումներ շարունակել են իրենց գործունեությունը՝ հաճախ ներգրավվելով թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։




