
Միայն վերջին 10 տարվա ընթացքում (2016-2026 թթ.) քաղաքակիրթ աշխարհում տեղի է ունեցել մի քանի իրադարձություն, որոնք միջազգային կառույցների, պետությունների կամ ցեղասպանագետների կողմից գնահատվել են ցեղասպանություն: Այս եզրույթի իրավական հաստատումը հաճախ տևում է տարիներ, տասնամյակներ։ Ուշագրավ է, որ «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը հաճախ քաղաքականացված է, և պաշտոնական ու իրավական ճանաչումը կարող է տարբերվել ըստ միջազգային ատյանների: Հայերի համար ցեղասպանության վերապրումը պարզապես անցյալի մասին հիշողություն չէ, այլ կենսունակության ռազմավարություն։ «Ռադիոլուրի» այս վերլուծական անդրադարձն այն մասին է, թե ինչպես են վերապրում ժողովուրդները ցեղասպանությունը, և արդյոք այն, առհասարակ, վերապրելի է։ Լիանա Եղիազարյանը փորձել է վերապրելու բանաձևերը փնտրել գիտական գրականության մեջ՝ դիտարկելով սոցիոլոգիական, քաղաքագիտական, հոգեբանական ասպեկտները։
Այս ռեպորտաժի պատրաստման պահին իրենց հանդեպ իրագործված ցեղասպանության ճանաչմանն են սպասում տարբեր ժողովուրդներ։
Այս ռեպորտաժի պատրաստման պահին էլ աշխարհում պատերազմներ են, որոնք մի օր կարող են տեղավորվել «Ցեղասպանություն» եզրույթի տակ՝ դրա սահմռկեցուցիչ բոլոր դրսևորումներով։ Այս հաղորդման առանցքային թեզը վերապրումն է․ ինչպես են ժողովուրդները վերապրում իրենց ոչնչացնելու հանցագործությունը, և արդյոք ցեղասպանությունը երբևէ վերապրելի է։
Գիտության առանձին ճյուղեր՝ ցեղասպանագիտություն՝ genocide studies, հոգեկան տրավմաների ուսումնասիրություն՝ trauma studies, հիշողությունների ուսումնասիրման գիտություն՝ memory studies, հենց այս հարցի պատասխանն են փնտրում։
Ցեղասպանության վերապրման ուղին գիտականորեն դիտարկվում է երեք մակարդակում՝ հիմնված հոգեբանական և սոցիոլոգիական տեսությունների վրա։
Դրանցից առաջինն ու առանցքայինը զոհի կարգավիճակից անցումն է վերապրողի, հաղթողի կարգավիճակի (Victim to Survivor/Thriver)։ Այսինքն՝ գիտականորեն տրավման հաղթահարված է համարվում այն ժամանակ, երբ անհատը կամ ազգը դադարում է իրեն բնորոշել, դիտարկել միայն իր հետ պատահած ողբերգությամբ կամ ասոցացնել դրա հետ։ Ինչպե՞ս։ Ինքնությունը չպետք է կառուցվի միայն «մեզ կոտորել են» մտքի շուրջ։ Այն պետք է կառուցվի «մենք ստեղծել ենք՝ չնայած կոտորածներին» սկզբունքով։ Սա մասնագետները կոչում են «պոստտրավմատիկ աճ»։
Երկրորդը հիշողության ֆունկցիոնալացումն է։ Հիշողությունը չպետք է լինի միայն սգո։ Այն պետք է վերածվի ինտելեկտուալ և քաղաքական կապիտալի։ Ինչպե՞ս։ Ցեղասպանության վերապրումը նշանակում է թրծվել մարդու իրավունքների, անվտանգության և կանխարգելման ոլորտներում։
Հայաստանը կարող է և պետք է լինի աշխարհի «բարոյական կողմնացույցը» այս հարցերում. նման ձևակերպման ենք հանդիպում գերմանական համալսարանական հետազոտություններում, որտեղ հայերի հետ կատարվածը դիտարկվում է Հոլոքոստի համատեքստում։ Երբ դու քո ցավը ծառայեցնում ես ուրիշների փրկությանը, դու հաղթում ես դահճին՝ գրված է։
Կենդանի հուշարձանների ստեղծումը ցեղասպանության վերապրման երրորդ մակարդակում է դիտարկվում։ Լավագույն վրեժը և վերապրումը սեփական շարունակության արժանապատիվ ապահովումն է։ Ինչպե՞ս։ Ամեն գիտական նոր հայտնագործություն, բազմազավակ ընտանիք կամ մշակութային գլուխգործոց ցեղասպանության հաղթահարումն է գործնականում։ Գիտնականները սա անվանում են «Կառուցողական դիմադրողականություն»։
Վերապրել ցեղասպանությունը՝ չի նշանակում պարզապես ողջ մնալ։ Նշանակում է լինել այնքան ուժեղ, որ քո գոյությունը դառնա պատասխան անցյալի անարդարությանը։
Վերապրման առանցքային թեզերից մեկը կրթությունն է։ Որքան բարձր է ազգի ինտելեկտուալ մակարդակը, այնքան դժվար է նրան նորից ենթարկել ցեղասպանության։
Քաղաքագիտական տեսանկյունից համարվում է, որ վերապրման ամենահուսալի երաշխիքը սեփական հզոր պետությունն է։ Հայերի դեպքում աշխարհի ամենայուրօրինակ բանաձևերից մեկն է գործում՝ Սփյուռքի ցանցը։
Քաղաքակիրթ աշխարհն իր պատմության առնվազն վերջին 100 տարում տասնյակ ցեղասպանություններ է տեսել։ Որքան միջազգային նորմերն ավելի հստակ են ձևակերպվում, ցեղասպանության կանխարգելման և դատապարտման հայտարարություններն ավելի խրոխտ ու խիստ են դառնում, այնքան տեխնոլոգիապես ավելի կատարելագործվում են մարդու ձեռքով մարդուն ոչնչացնելու գործողությունները։
Ցեղասպանությունն առաջին անգամ ճանաչվեց որպես միջազգային հանցագործություն ՄԱԿ-ի «Ցեղասպանության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայով» (1948)։ Դրանով ցեղասպանություն որակվեցին այն գործողությունները, որոնք հստակ միտում ունեն ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնելու ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբը»։ Առանձնացվել է ծանրագույն այս հանցագործության 5 ձև՝
- սպանություն,
- ֆիզիկական/հոգեբանական վնաս,
- կյանքի պայմանների վատթարացում ոչնչացման աստիճանի,
- ծնելիության կանխում,
- երեխաների բռնի տեղափոխում։
Կոնվենցիան պարտադրում է պետություններին կանխել և պատժել ցեղասպանությունը։
Ցեղասպանությունը ամենադժվար ապացուցվող հանցագործություններից է, որովհետև պետք է փաստարկի ոչնչացնելու հատուկ մտադրությունը (dolus specialis)։
Վերադառնանք ղեղասպանությունը վերապրելու թեզերին։ Ըստ «Կոլեկտիվ տրավմայի տեսության», հեղինակ՝ Ջեֆրի Ալեքսանդր, ցեղասպանությունը ձևավորում է «կոլեկտիվ հիշողություն», և ազգը վերապրում է՝ պատմությունը պատմելով և ինստիտուցիոնալացնելով հիշողությունը։ Ըստ այդմ՝ առանց հիշողության վերապրում չկա։
«Տրանսգեներացիոն տրավմա»-ի տեսության համաձայն՝ տրավման փոխանցվում է սերունդներին և վերափոխում ազգային ինքնությունը։ Հեղինակ Վամիկ Վոլկանը խոսում է «ընտրված տրավմայի» մասին՝ ակնարկելով՝ տրավման վնասում է այնքան, ինչքան թույլ կտա այն ապրած ժողովուրդը։
«Ճշմարտություն և հաշտեցում» թեզը երբ սկսեց շրջանառվել Հարավային Աֆրիկայում, ստեղծվեցին վերապրման մեխանիզմներ՝ ճշմարտության հանձնաժողովներ և փոխհատուցման գործիքներ։ Միջազգային հանրությունը դրանք գործարկելիս ընդգծեց՝ առանց արդարության վերականգնումը կիսատ է։
Ցեղասպանության վերապրումը ուղիղ կապվում է այսպես կոչված «Հիշողության քաղաքականության (Memory politics)-ի հետ։ Սա այն է, երբ ցեղասպանությունից հետո պետությունները կառուցում են հուշարձաններ, իրագործում կրթական ծրագրեր՝ դա ուղղելով միջազգային ճանաչման պայքարին․ զբոսաշրջիկներին պատմում են, ուսանողներին` սովորեցնում, գիտական թեզերը` տարածում։
«Դիմացկունություն և վերակառուցում» կոչվող սոցիոլոգիական թեզը բացատրում է՝ ազգերը կարող են ոչ միայն վերապրել, այլև վերակազմավորվել։ Գերմանական գիտական շրջանակում կրկին օրինակ են բերում հրեաների պետականությունը և հայերի սփյուռքը։
Այս թեզերի քննադատները, մինչդեռ, պնդում են՝ ցեղասպանությունը երբևէ ամբողջությամբ չի հաղթահարվում, այն դառնում է մշտական ինքնության մաս ու ենթագիտակցական տագնապի տեսքով արտահայտվում, երբ այն ապրած ժողովրդին ինչ-որ պահի անգամ դարեր անց նոր սպառնալիք է պատուհասում։ Ասում են՝ վերապրումը հնարավոր է, բայց լիարժեք մոռացում կամ «բուժում»՝ գրեթե երբեք։
Ինչ է ասում գիտությունը ցավից ու տրամվայից դեպի վերապրում ու վերածնունդ ուղու մասին։ «Post-traumatic growth»՝ աճ տրավմայից հետո թեզով հոգեբաններ Ռիչարդ Թեդեսկին ու Լոուրենս Քոլհունը հիմնավորում են՝ ծանր տրավմայից հետո հնարավոր է ոչ միայն վերականգնում, այլև նոր որակի զարգացում։ Ազգային մակարդակում դա արտահայտվում է՝
- ինքնության ուժեղացմամբ,
- արժեքների վերաիմաստավորմամբ,
- համերաշխության աճով։ Այսինքն՝ ցավը կարող է դառնալ կառուցող ուժ։
Սոցիոլոգիական և քաղաքական հետազոտությունները ցույց են տալիս՝ ցեղասպանություն ապրած ու վերապրած հասարակությունները հաճախ զարգացնում են բարձր դիմակայունություն, ստեղծվում են ուժեղ համայնքներ (հատկապես սփյուռքում)։ Սա պարզապես գոյատևում չէ, այլ հարմարվելու և առաջ գնալու ունակություն։ Ու հիշողությունը գործում է որպես ուժ, ոչ միայն ազդում որպես ցավ։
Ու կրկին այստեղ խոսում են քաղաքագետները․ դա կարող է և գործում է, երբ ինքնության հիմքերն ամուր են կառուցվում ու պահվում, երբ պահպանվում են ազգային արժեքները, գործի է դրվում մշակույթը՝ որպես «զենք»։ Այսինքն՝ հիշելը չի նշանակում միայն տառապել, նշանակում է ունենալ դիմադրության մշակույթ։ Վամիկ Վոլկանը խոսում է գոյատևման փորձը փոխանցելու մասին ու արձանագրում՝ սերունդները ժառանգում են ոչ միայն ցավը, այլև ուժը և պայքարելու արժանապատվությունը։
Միջազգային իրավունքի մասնագետները վերապրելու հիմքում իրավական նորմերն են դնում՝ անցումային արդարադատություն (transitional justice), ճանաչում (recognition) և արդարության ձգտում։ Ճանաչումը բուժում է, նպաստում հոգեբանական վերականգնմանը։
Ցեղասպանությունը մարդկային դիմակայության ամենամեծ փորձությունն է՝ աղետ մարդու դեմ մարդու ձեռամբ։ Պատմությունը ցույց է տալիս՝ ազգերը կարող են վերապրել ոչ միայն ֆիզիկապես, այլև ավելի ուժեղ ինքնությամբ։ Արդարության ձգտումը դառնում է համերաշխություն և վերածվում զարգացման ռեսուրսի։
Եվ գուցե ամենակարևորը՝ տրավման կարող է փոխանցվել սերունդներին, բայց դրա հետ փոխանցվում է նաև դիմադրելու և ապրելու ուժը։ Հայերի վերապրելու բանաձևը ձևակերպվում է այսպես՝ հիշել անցյալը, բայց ապրել ապագայով։




