
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտել է իշխող քաղաքական թիմի՝ առաջիկա 5 տարիների համար մշակված ծրագրի ներկայացումը։ Փաստաթուղթը հիմնված է «Իրական Հայաստանի» հայեցակարգի վրա: Նախընտրական ծրագրի ներկայացման եզրափակիչ մասում Հայաստանի վարչապետը խոսել է Հայաստանի ներքին կյանքի կազմակերպման առանցքային անելիքների մասին։ Ավելի վաղ նա անդրադարձել էր արտաքին և անվտանգային քաղաքականությանը, էներգետիկ խնդիրների լուծմանը, ինչպես նաև սահմանադրական փոփոխություններին ու Հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերություններին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջվեց 3 ժամ 50 րոպե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական 35 էջանոց ծրագիրը ներկայացնելու համար։ Նա ընտրել էր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ձևաչափը՝ օրական մեկ ժամից մի քիչ ավելի տրամադրելով փաստաթղթի առանձին հատվածների ներկայացմանը։ 2026–31 թվականների համար «Քաղաքացիական պայմանագիր»-ն առանձնացրել է 100 առանցքային անելիք պետության կյանքը կազմակերպելու համար։
Ծրագրի ներկայացման վերջին օրը վարչապետն արդեն խոսում էր այն ամենի մասին, ինչը քաղաքացիներն անձամբ պետք է զգան կառավարության աշխատանքի արդյունքում։ Իշխող քաղաքական թիմն առաջիկա հինգ տարվա համար խոստանում է արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների 50 տոկոս ավելացում: Սա նշանակում է նոր գործարանների և արտադրամասերի ստեղծում։ ՀՆԱ-ում ՓՄՁ-ների մասնաբաժինը նախատեսվում է հասցնել 40 տոկոսի՝ 2024 թվականի 34,3 տոկոսի համեմատ։ Այս ծրագրերը ենթադրում են աղքատության կրճատում և տարեկան 25 հազար նոր աշխատատեղերի ստեղծում։ Սրան գումարվում են գյուղատնտեսական լայնածավալ ծրագրերը, ինչի արդյունքում իշխող թիմը ՀՆԱ–ի տարեկան առնվազն 6 տոկոս աճ է կանխատեսում։
«Այստեղ մի նրբություն կա։ Աճի կառուցվածքը ճիշտ ըմբռնելու համար կարևոր է արձանագրել հետևյալը․ ենթադրենք մենք զրոյից աճում ենք 7 %, եկանք աճեցինք 7 %, հաջորդ տարի այդ 7 %–ի հաշվարկը արդեն տեղի է ունենում 7 % այսինքն 7 %–ն է դառնում հենման կետը։ 7 %–ի վրա էլի 7 % կամ 6 %, հաջորդը արդեն 2 տարվա 7 %–ի վրա է հաշվարկվում հաջորդ 7 %–ը և այդպես շարունակ։ 2018 թ.–ից մինչև 2025 թ.–ը Հայաստանի իրական ՀՆԱ–ն աճել է 53 %–ով, այսինքն՝ մեր տնտեսությունը կիսով չափ 2018 թ.–ից ի վեր մեծացել է»։
Այս ամենն է թույլ տվել կառավարությանը ներդնել առողջապահության ապահովագրության համակարգը և բարձրացնել կենսաթոշակները։ Այժմ արդեն վարչապետ Փաշինյանը կենսաթոշակառուների համար նոր բան է մտածել։ Քանի որ առողջապահական ապահովագրության համակարգի միջոցով կենսաթոշակառուները տնտեսում են իրենց ամենօրյա դեղերի գումարը, իսկ կառավարությունն էլ խոստացել է ամեն տարի ինդեքսավորել կենսաթոշակները, վարչապետն առաջարկում է․
«Ես կոչ եմ անում, որպեսզի մեր թոշակառուները այդ դեղերի գումարները մի կողմ դնեն և սկսեն ճամփորդել։ Ինչպես աշխարհի շատ երկրների թոշակառուներն են վարում, մեր թոշակառուներն էլ արդեն շատ քիչ, շատ համեստ ծավալներով կարող են սկսել ճամփորդել։ Հետադարձ հիպոթեքի մասին օրենքը երբ ընդունենք, մեր թոշակառուները շատ ավելի հանգիստ և շատ ավելի վստահ կարող են ճամփորդել, և ես մեր թոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները»։
Ի դեպ, Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու համար ՔՊ–ն ծրագրել է ստեղծել է 7 զբոսաշրջային կլաստեր՝ Գյումրիում, Դիլիջանում, Գորիսում, Ջերմուկում, Արենիում, Եղեգիսում և Դվինում: Ծրագրել են մինչև 2030 թիվը Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 միլիոնի։ Այդ նպատակով կշարունակեն պետական բյուջեի միջոցներով խթանել մշակութային զբոսաշրջությունը։
«Ամեն տարի պետական բյուջեով մենք հատկացում ենք իրականացնելու մրցութային կարգով, առնվազն երկու համաշխարհային աստղերի համերգներ ենք կազմակերպելու ՀՀ–ում։ Մեր բոլոր հայրենակիցներին, որոնք ասում են, թե բյուջեում ավել փող ունենք, որ աստղ ենք հրավիրում, ուզում եմ ասել հետևյալը, որ մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս՝ երբ այդ գումարը մենք ներդնում ենք այս նպատակի համար, այդ գումարի ծախսման արդյունքում այնքան զբոսաշրջիկ է գալիս և այնքան գումար է ծախսվում, որ ՀՀ-ն լիուլի ամբողջությամբ հետ է բերում այդ գումարը»։
Իշխող թիմը պատրաստվում է ոչ միայն զբոսաշրջիկների մեծ ներհոսքի, այլև՝ տնտեսական տեսանելի ակտիվության։ Այդ նպատակով ծրագրում ներառվել է 3 թունելների՝ Քաջարանի, Բարգուշատի և Դիլիջանի կառուցում, ինչպես նաև Պուշկինի թունելի վերակառուցում՝ 2033–ին ավարտելու նպատակադրումով։ Ընդ որում, Դիլիջանի թունելը կառուցվելու է զրոյից միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ գործողը մնալու է որպես պահեստային տարբերակ։
Մինչև 2033 թվականը «Զվարթնոց» օդանավակայանի երկրորդ տերմինալի կառուցմանը զուգահեռ «Սյունիք» օդանավակայանը կվերակազմավորվի որպես միջազգային օդանավակայան։ Ծրագրերում է նաև Մեղրի (Ագարակ) անցակետի արդիականացումը՝ յուրաքանչյուր ուղղությամբ հինգ անցուղով՝ գործող երկուսի փոխարեն և Բագրատաշենի անցման կետի արդիականացում՝ յուրաքանչյուր կողմում տասն անցուղով:
TRIPP նախագծի աշխատանքների մեկնարկ է նախատեսված առնվազն երկաթուղային, էլեկտրահաղորդման ենթակառուցվածքի գործարկմամբ, ինչպես նաև Գյումրի–Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևանի սահման երկաթգծի հատվածների վերակառուցում։
Այս ամենով Հայաստանը պատրաստվում է ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման ռեժիմի հաստատմանը, որի առաջնային պահանջներից մեկը կենսաչափական անձնագրերի ներդրումն է․
«Մենք ավարտում ենք կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման նախապատրաստությունը։ Առաջիկա օրերին կներկայացնենք մեր նոր կենսաչափական անձնագրերի մասին տեղեկատվություն։ Հաջորդ կարևոր նորությունն այն է, որ կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման պահից կամ դրանից մեկ, երկու կամ երեք ամիս անց կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները մեր սահմանային անցակետերը անցնելիս որևէ կոնտակտ չեն ունենա սահմանապահ ծառայության հետ։ Նրանք իրենց անձնագրերը կսքանավորեն սարքերի վրա, կանաչ լույսը կվառվի և իրենք կանցնեն։ Մի տեխնոլոգիա, որը կիրառվում է արդեն աշխարհի զարգացած երկրներում և ամենաուշը 2027 թվականի առաջին կեսում մենք արդեն այդ համակարգերը կունենանք «Զվարթնոց» օդանավակայանում, ապա նաև մեր սահմանային անցման կետերում` Բագրատաշենում, Ագարակում, Բավրայում, Գոգավանում։ Հույս ունեմ` Մարգարան էլ կբացվի և մյուս բացվելիք սահմանային անցման կետերում»։
Հայաստանը նախատեսում է ամրապնդել դիրքերը նաև սպորտի միջազգային քարտեզում ՝ յուրաքանչյուր տարի առնվազն երկու օլիմպիական մարզաձևերի միջազգային առաջնությունների և մրցաշարերի կազմակերպման միջոցով: Այս ծրագիրը առաջնահերթությունների 38–րդ կետով է նախատեսված։ «Քաղաքացիական պայմանագիր»–ը ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան նոր ազգային ստադիոնի կառուցում է ծրագրում 35 հազար հանդիսատեսի համար՝ Ակադեմիական քաղաքում և ևս երկու ստադիոնի կառուցում՝ առնվազն 10 հազար հանդիսատեսի համար Վանաձորում և Իջևանում:
«Իմիջիայլոց, առաջիկայում 2027 թ.–ին նախատեսում ենք հյուրընկալել մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որը պետք է տեղի ունենա Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցում, որի կառուցումը շատ ինտենսիվ ընթացքի մեջ է։ Նրանք, ովքեր Ծիծեռնակաբերդի խճուղով երթևեկում են Հրազդան մարզադաշտի մոտ, այդ ինտենսիվ շինարարությունը, որ երևում է, դա հենց Ալբերտ Աղզարյանի անվան մարզադպրոցի կառուցումն է։ Առաջիկայում նաև ծանրամարտի աշխարհի առաջնությունն ենք հյուրընկալելու։ Եթե չեմ սխալվում 2027 կամ 28 թվին։ Այդ որոշումները արդեն իսկ կայացված են։ Առաջիկայում էլի հետաքրքիր որոշումներ են լինելու, բայց հիմա ես չեմ կարող ուղղակի դրա մասին ասել»։
Իշխող կուսակցության ծրագրում սոցիալական ծրագրերի պակաս նույնպես չկա։ Դրանցից են, օրինակ կառուցապատման ծրագրերը։ Կետերից մեկով ամրագրված է Ղարաբաղից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակապահովումը։
«Իհարկե, այսօր արդեն մոտ 5 000 քաղաքացի արդեն բնակարանի ձեռքբերման վկայագիր ընդունելու շեմին շատ մոտ է, կստանան առաջիկայում վկայագրեր։ Մեր նպատակադրումն է Ղարաբաղի մեր հայրենակիցներին տնավորել ՀՀ–ում նաև՝ սոցիալական որոշակի խմբերի։ Միայնակների մասին է հիմնականում խոսքը մենք ցկյանս արժանապատիվ, նորմալ օթևանով ապահովելու ծրագիր նույնպես կիրականացնենք»։
ՔՊ ծրագրում կան նաև կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող կետեր, գյուղատնտեսական և էներգետիկ ծրագրեր, տրանսպորտային ցանցի բարելացման ծրագրեր։ Կառավարող ուժը մտադիր է նաև Սփյուռքի պետականակենտրոն կազմակերպությունների համաժողով կազմակերպել՝ խաղաղության պայմաններում Հայաստան–Սփյուռք գործակցության հայեցակարգ ընդունելու և իրագործման մեխանիզմներ ձևավորելու նպատակով։
Բայց սա դեռ ամենը չէ։ Հայաստանի վարչապետը առաջիկայում դեռ խոսելու է նաև Հայաստանի ինստիտուցիոնալ և տնտեսական վերափոխման դոկտրինի մասին, որը կառավարող ուժի նախընտրական ծրագրի անբաժանելի մաս է։




