ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Բիզնեսն ու բնությունը կարող են չհակադրվել, պետք է ռիսկերը ճիշտ կառավարել

Երևանում այսօր անցկացվել է Robust Armenia 2026 կոնֆերանսը: Այս տարվա կոնֆերանսի թեման է՝ «Բիզնեսը և բնությունը»: 2026–ի հոկտեմբերին Երևանում անցկացվելու է ՄԱԿ Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը, ուստի որոշվել է խոսել այն մասին, թե ինչպես է հայաստանյան բիզնեսը հարաբերվում բնությանը, ինչ քայլեր են արվում «կանաչ» տնտեսության ոլորտում։ Քննարկմանը մասնակցել են հանքարդյունաբերության ոլորտի երկու ձեռնարկություն։ Նրանցից մեկը՝ «Լիդիան Արմենիա»–ն առաջիկայում կսկսի Ամուլսարի հանքավայրի շահագործումը։ Այս պահին այնտեղ դեռ շինարարական աշխատանքներն են։ Մասնակից ընկերությունները կարևորել են պատասխանատու հանքարդյունաբերության զարգացումը։

Բիզնեսն ու բնությունը կարող են չհակադրվել, եթե ռիսկերը ճիշտ կառավարվեն։ Հայաստանում այս օրինակով փորձ է արվում հատկապես հանքարդյունաբերությունը զարգացնելու։ Որքան էլ բնապահպանական կառույցները ընդգծեն, որ ոլորտի զարգացումը շրջակա միջավայրի վրա ունի իր բացասական ազդեցությունը, միևնույն է, ՀՆԱ կառուցվածքում հանքարդյունաբերությունն ունի կարևոր նշանակություն։ Ու պատահական չէ, որ այս տարվա տնտեսական աճի կանխատեսումներում Ամուլսարի հանքավայրի շահագործումը առանցքային դեր ունի։ Ոչ միայն այս, այլ նաև հանքարդյունաբերական մյուս խոշոր ձեռնարկություններում գիտեն՝ բիզնեսն ու բնությունը պետք է չհակադրվեն, բայց և ընդգծում են՝ ցանկացած գործունեություն արդեն իսկ խնդիր է կենսաբազամանության համար։ «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման մենեջեր Արթուր Պեպանյանն ընդգծում է՝ առաջին հայացքից են միայն բիզնեսն ու բնությունը հակադրության մեջ։ Նշում է՝ նախ չպետք է անել այնպիսի գործողություններ, որոնք կարող են կենսաբազմազանության վրա ազդել։ Բայց եթե դրանք անխուփասելի են, պետք է նվազեցվեն դրանք։ Եվ երկու քայլ է առանձնացնում․

«Հաջորդը երրորդը վերականգնելն է, այսինքն՝ ազդեցությունը թե՛ աշխատանքների ընթացքում, թե՛ աշխատանքներից հետո վերականգնելը, և վերջինը՝ փոխհատուցելը. փոխհատուցել այնպես, որը նպաստի և՛ բնությանը, և՛ կենսաբազմազանությանը»։

Ամուլսարի գագաթին բաց հանքի հատվածում տարիներ առաջ Կարմիր գրքում գրանցված Մարտունի ծիրանավոր տեսակն էր հայտնաբերվել։ Ընկերության ջանքերով կնքվեց եռակողմ պայմանագիր։ Քեմբրիջի համալսարանի և ՀՀ բուսաբանության ինստիտուտի մասնագետներ եկան, հաշվառեցին առանձնյակները։ Դրանք տեղափոխվեցին Սևանի բուսաբանական այգի՝ հիշում է «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման մենեջեր Արթուր Պեպանյանը․

«30 հազարից ավելի սերմ էր հավաքելնախատեսում ենք առանձնացված հատվածներում բնություն վերադարձնել։ Նաև փակման փուլում նախատեսում ենք տեսակը վերադարձնել բնական միջավայր։ Սա կենսաբազմազանությանն ուղղված ծրագերից մեկն է»։

Պատասխանատու բիզնեսի համար բնությունը ոչ թե հակադրություն է, այլ ռիսկերի կառավարում ՝ընդգծում է ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Թեման քննարկվում էր կայուն զարգացման հարցերին նվիրված ամենամյա կոնֆերանսի ժամանակ։ Արմեն Ստեփանյանի խոսքով՝

«Կայուն զարգացումը այսօր դիտարկվում է որպես ժամանակակից բիզնես մոդել․ կօգտագործես՝ կհամարվես ժամանակակից։ Միայն հանքարդյունաբերողների մասին չէ խոսքը։ Ցանկացած բիզնես ուղղություն, եթե հիմքում կա պատասխանատվություն բառը, համարվում է ժամանակակից»։

Կայուն զարգացման հաշվետվողականությունը հանքարդյունաբերության ոլորտի համար կարևորագույն ու առանցքային է։ Հայաստանում առաջին անգամ նման զեկույց ներկայացրել է «Լիդիան Արմենիա»–ն 2017թվականին։ Հաջորդը կհրապարակվի արդեն 2027–ին․

«Աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Այս պահին աշխատում ենք մոտ 13 մեծ կապալառու ընկերությունների հետ։ Աշխատանքներում ներգրավված է մոտավորապես 1000 աշխատող։ Չեմ ուզում կրկնվել, բայց Հայաստանում շատ դժվար է այս պահին աշխատել այն ընկերությունների, շինարարական կապալառու ընկերությունների հետ, որոնց համար նույն անվտանգությունը ու բնապահպանությունը առաջին տեղում չեն։ Բայց մեր սկզբունքը միտված է ավելի շատ մշակույթ փոխելուն։ Եվ ամեն ամիս մենք այդ ազդեցությունը տեսնում ենք»։

Հատկապես վերջին տարիներին փոխվել է պետության վերաբերմունքը ոլորտի նկատմամբ՝ արձանագրում է ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Այս պահին հարաբերությունը կառուցողական է՝ ասում է, իսկ սա երկուստեք շահեկան է։ Կարևոր է նաև վերահսկողությունը՝ արձանագրում է ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Աննա Սաղաբալյանը։ Robust Armenia 2026 կոնֆերանսը արդեն երրորդ անգամ է կազմակերպվում․ նպատակը կայուն զարգացման խնդիրները քննարկելն է՝ տեղեկացնում է Արա Թադևոսյանը։ Նշում է՝ պարտադիր չէ, որ կոնֆլիկտ լինի բիզնեսի ու բնության միջև․

«Կարծում եմ, որ հնարավոր է, բնականաբար կապ ունի նաև գործունեության տեսակը, բայց ինչպես մեր առաջին պանելային քննարկումը թույլ տվեց հասկանալ, որ հանքարդյունաբերական ընկերությունները, որոնք համարվում են, որ ամենաշատն են բնությանը վնաս տվողներից, բավական լուրջ գործունեություն են ծավալում` նվազեցնելու իրենց ազդեցությունը, ինչպես նաև բնությունը վերականգնելու»:

Պատասխանատու հանքարդյունաբերության հիմքում շրջակա միջավայրին հնարավորինս քիչ վնաս հասցնել է։ Բացի այս ոլորտից կան նաև ուրիշներ, որոնք ևս կենսաբազմազանությանը վնաս են հասցնում՝ գյուղատնտեսությունից մինչև տուրիզմ, ուստի առանցքայինը, բոլոր ոլորտների համար, ռիսկերի ճիշտ կառավարումն է։

Կարդացեք նաև

Back to top button