Միջազգային

ՌԴ-ն չի կարող իրականացնել «Հարավային հոսք»-ի շինարարությունը

Ռուսաստանը հրաժարվում է «Հարավային հոսք» գազատարի շինարարությունից. ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում:

Պուտինի խոսքով՝ նախագծի իրականացմանը խոչընդոտում է Բուլղարիայի կողմից շինարարության թույլտվության բացակայությունը:

«Բուլղարիան զրկված է որպես անկախ պետություն գործելու հնարավորությունից: Եթե ԵՄ-ն չի ցանկանում իրականություն դարձնել այդ խողովակաշարը, ապա դա չի իրագործվի: Ռուասստանը չի կարող միլիոնավոր դոլարներ ներդնել «Հարավային հոսքի» վրա և հետո մնալ Բուլղարիայի սահմանին: Եվրահանձնաժողովի դիրքորոշումն ապակառուցողական է»,-ասել է նա: Պուտինը նաև Բուլղարիային առաջարկել է ԵՄ-ից փոխհատուցում պահանջել:

«Թող նրանք Եվրահանձնաժողովից գումար ուզեն՝ չստացած եկամտի փոխարեն, քանի որ Բուլղարիայի բյուջե ուղղակի եկամուտը գազի տարանցումից կկազմեր առնվազն տարեկան 400 մլն եվրո», — ասել է նա: Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը ևս հաստատել է, որ«Հարավային հոսք» նախագիծը դադարեցվել է. «Այն այլևս արդիական չէ: Թեման փակված է»:

Back to top button