Միջազգային

Իրանը սպառնացել է դադարեցնել նավագնացությունը երեք ծովերում, եթե ԱՄՆ-ն շարունակի փակել Հորմուզի նեղուցը

Իրանի իշխանությունները սպառնացել են փակել Կարմիր ծովում, Պարսից ծոցում և Օմանի ծոցում առևտրային ուղիները, եթե ԱՄՆ-ն չդադարեցնի իրանական նավահանգիստների շրջափակումը։ Դրան զուգահեռ, Իրանի և ԱՄՆ պաշտոնյաների միջև բանակցությունները շարունակվում են։

Իրանական բանակի կենտրոնական շտաբի պետ, գեներալ Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի շրջափակումը և «սպառնա իրանական առևտրային նավերի և նավթատարների անվտանգությանը», ապա դա «հրադադարի խախտման համար կդառնա սկիզբ»։

Նրա խոսքով, Իրանի զինված ուժերը «չեն թույլատրի որևէ արտահանում կամ ներմուծում Պարսից ծոցում, Օմանի ծոցում և Կարմիր ծովում»։

Աբդոլլահի նշած ծովային տարածքները ներառում են տարածաշրջանի ջրային ուղիների զգալի մասը, սակայն իրանցի գեներալը չի ​​նշել, թե որ երկրների վրա կարող են ազդել իր սպառնալիքները։

Միացյալ Նահանգները երկուշաբթի սկսել է արգելափակել իրանական նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Վաշինգտոնն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ շաբաթավերջին Պակիստանում Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները չհանգեցրին խաղաղության համաձայնագրի։

Չորեքշաբթի օրը ԱՄՆ զինվորական պաշտոնյաները հայտարարել են, որ 36 ժամվա ընթացքում «ոչ մի նավ չի կարողացել խախտել շրջափակումը», և վեց առևտրային նավ ստիպված է եղել հետ վերադառնալ»։

BBC-ի աղբյուրների փոխանցմամբ՝ դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու հնարավորությունը, սակայն հանդիպման համար դեռ ժամկետներ չեն նշվում։

Չորեքշաբթի օրը Իրան է ժամանել Պակիստանի ռազմական պատվիրակությունը։ Իրանական պետական ​​IRIB լրատվական գործակալության տվյալներով՝ պակիստանցիները Իրանին են փոխանցելու ԱՄՆ-ի ուղերձը և բանակցությունների երկրորդ փուլի ծրագիրը։

BBC-ի աղբյուրները նաև հայտնում են, որ Թրամփը մտադիր է պահպանել Իրանի ծովային շրջափակումը մինչև համոզվի, որ Թեհրանը լուրջ է տրամադրված համաձայնության հասնելու հարցում։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, որը խնդրել է անանուն մնալ, BBC-ին նաև ասել է, որ Իրանը և ԱՄՆ-ն շարունակում են բանակցությունները երկու շաբաթով հայտարարված և ապրիլի 22-ին ավարտվող հրադադարի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։

Մինչ այդ Թրամփը մի քանի հակասական հայտարարություններ է արել Իրանում պատերազմի և դրա ավարտի ուղիների վերաբերյալ։

Fox Business-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «բացվում է» և «նավերը վերադառնում են», սակայն մանրամասներ չի հաղորդել։

Մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Թրամփը նշել է, որ կարծում է, թե պատերազմը շատ մոտ է ավարտին, և որ ԱՄՆ-ն կարող է համաձայնության գալ Իրանի հետ։

Նույն հարցազրույցում նա նաև ակնարկել է, որ կարող են հարվածները շարունակվել։ «Եթե ես հիմա դուրս բերեմ իմ զորքերը, 20 տարի կպահանջվի նրանց երկիրը վերականգնելու համար։ Իսկ մենք դեռ չենք ավարտել», — ասել է նա։ «Կտեսնենք, թե ինչ կլինի»։ Կարծում եմ՝ նրանք շատ են ցանկանում համաձայնության գալ»։

Կարդացեք նաև

Back to top button